պատմություն

#SyuneciBlog
Բարի օր։ Ես վերնագիրն եմ։ Դու հիմա կարդում ես միայն վերնագիրը, դու չես նկատել, որ պատմությունը չի սկսվել ու կասկած անգամ չունես, որ միգուցե այդպես էլ չսկսվի ու դու ոչ մի պատմություն էլ չկարդաս, քանի որ ես դեռ վերնագիրն եմ։ Ես միքիչ տարբերվում եմ իմ նմաններից։ Նրանց մեծ մասը միբառանի են, ես արդեն քանի նախադասություն է ձգվում եմ, իսկ վերջս չի էլ երևում։ Տես մեկ ուրիշ նախադասություն սկսվեց, բայց պատմությունը դեռ չկա, դեռ ես եմ` վերնագիրը։ Գրողս ինձ միքիչ չի հարգում, եթե հարգեր, գոնե անունս մեծատառ կգրեր` Վերնագիր, իսկ եթե ինձ մեծ կարևորություն տար, չէր ալարի ու ՎԵՐՆԱԳԻՐ կգրեր։ Ես սիրում եմ, երբ թավ տառերով եմ գրված լինում ու գլխատառերով։ Գրողս չի սիրում վերնագրեր ու ոչ էլ կարևորում է դրանք, դրա համար էլ ոչ մի անգամ չվերնագրեց ոչինչ։ Իրականում ես հենց նոր ստեցի։ Ճիշտն ասած` ես իրեն էդքան էլ չեմ սիրում ու սկսել եմ բամբասանքներ տարածել իր մասին։ Թող վերնագրին հարգել սովորի, ես էլ իր մասին ստեր չեմ փչի։ Իսկ եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես եմ իրեն նեղացրել։ Դե հենց ես չէ` իմ ընկերներն ու բարեկամները։ Քանի անգամ վերնագրեց ինչ֊որ բան (դե հա, ես բայ տեսակ էլ ունեմ) ու սխալ դուրս եկավ։ Ոչ մի անգամ ոչ մի պատմությունը ճիշտ վերնագրով չշարունակվեց։ Պատմության վերևում գրեց` Գտնելիս, կորուստ դուրս եկավ։ Վերնագրեց` Գարուն, գրեց ցրտերի ու պաղ օրերի մասին։ <<Ժպիտը>> պատմության էջերը չէին երևում. թանաքը արցունքներից լղոզվել էր… Հասարակական վայրերում չեմ սիրում ուրիշների կյանքի պատմությունից խոսել, դրա համար կլռեմ հիմա, բայց իմացեք, որ գրողս հեչ էլ մեղավոր չի, որ չի սիրում վերնագրեր ու վերնագրել։
 Ես քեզ ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը դեռ չի սկսել, ու դու դեռ վերնագիրն ես կարդում։ Գիտե՞ս` էսօր գրողս պատմություն գրելու տրամադրություն չունի էլ։ Էնպես որ էսօր բացառություն կանի։ Միշտ պատմություններն է թողել անվերնագիր, հիմա էլ թող վերնագիրը մնա առանց պատմություն։