Կարգերով պահոցներ՝ Uncategorized

քո ձայնը լսելու մասին

հեյ
ամեն անգամ, երբ մի բանից բողոքում եմ՝ մի տեղս ցավումա, հոգնած եմ և այլն, մաման ասումա՝ դու քո օրգանիզմի վրա փորձեր ես անում, սենց չի կարելի։ մաման դա վատ իմաստով ա ասում, իսկ ես, հա, իրականում անում եմ ինչ-որ փորձեր օրգանիզմիս վրա՝ կյանքի լավագույն տարբերակը իմ համար գտնելու ու հետո էդ ոսկե միջինով ապրելու համար։ նախապես ասեմ՝ մեծ ձախողումներ չեն եղել, բայց մեծ ձեռբերումներ էլ չունեմ։
ամեն օր կարդում ենք հազարավոր հոդվածներ՝ ամեն օր կերեք «ինչ-որ սովորական բանջարեղեն կամ բույս» և տեսեք, թե ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, խառնեք այս երկու նյութերը, խմեք ամեն օր, տեսեք թե ինչպես կբոյովանաք ու տենց… ես, մեղմ ասած, չեմ հավատում էդ հոդվածներին։ մի քանի օր առաջ գրել եմ, որ յուրաքանչյուրս անհատներ ենք ու տարբեր օրգանիզմներ տարբեր երևույթներին արձագանքում են ուրույն ձևով։ միգուցե էդ հոդվածը գրող ռուս ծյոծյան էդ հեղուկից բոյովացելա, քավ լիցի, ես նրան չեմ մեղադրում ստահոդ հոդվածներ գրելու մեջ, բայց ես ինձ ավելի լավ գիտեմ։ ես էդ հեղուկից մաքսիմում սովածանամ ։Դ
ու տենց…սկսեցի իմ փորձերն անել։ մի շաբաթ ջուր չխմելուց մինչև ամեն առավոտ գոլ ջուր խմել, հասա բուսակերության, մոտ մեկ ամիս հումակեր էի, մեկ տարի ամեն օր յոգա անելուց հետո մի ամիս առանց յոգա ապրել, սուրճը բացառել մի շաբաթ էն դեպքում, երբ ինձ առանց սուրճ չեմ պատկերացրել երբեք։
մի եզրակացության եկա միայն՝ օրգանիզմդ քեզ ոչ միայն լսում, այլ նաև ուղղորդումա։ հիշեցնումա, որ ջուր խմելու ժամնա, որ էսօր միքիչ ավելի քիչ ես շարժվել։ ուղղակի պետք է լսես ինքդ քեզ։ ոչ մի հոդվածագիր չգիտի՝ ինչ ես զգում դու։
հոգ տար քո մասին

յոգայի միջազգային օրը

հեյ


էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է։ էստեղ արդեն պատմել եմ, թե ինչ հանգամանքներում ու ինչի հետևանքով սկսեցի յոգայով զբաղվել և հիմա հպարտորեն եկել եմ նշելու, որ արդեն երկու տարի է՝ յոգան դարձել է գրեթե բոլոր խնդիրներիս լուծումը։ 

քո օրգանիզմը անընդհատ շնորհակալության կարիք ունի։ նույնիսկ, երբ դու ինքդ քեզ չես համարում անընդհատ ուշադրություն պահանջող էակ, գրաբար հայերենով՝ needy-ի մեկը չես, ես քեզ վստահեցնում եմ, որ օրգանիզմդ իսկապես էդպեսինն է ու ամեն կատարած գործի համար սպասում է պարգևատրման։ իսկ եթե չկա էդ պարգևատրումը, չկա շնորհակալությունը, մեղմ ասած ձեռ կքաշի քեզնից ու էլ չի հետևի հրամաններիդ ու խնդրանքներիդ։ 

էդ պարգևատրումները կարող են լինել համով ուտելիքի, առավոտյան զբոսանքի, կանոնավորված ու առողջ քնի ու, որ լավագույններից մեկն է՝ առնվազն քսան րոպե յոգայի տեսքով։ 

առողջ ապրելակերպի մասին ցանկացած նյութի մեջ մուգ մեծատառերով կարդում ենք սպորտի, ֆիզիակական ակտիվության մասին,  նյարդերը հանգստացնելու, միտքը բաց պահելու մասին։ իսկ ի՞նչ կասես, եթե հիմա քեզ պատմեմ, որ յոգան էս բոլորը կտա քեզ ընդամենը քսան րոպեում։ միացնելով ամեն մկանիդ շարժումը շնչառությանդ հետ, կտրելով քեզ առօրյա բոլոր վատ մտքերից ու անելիքներից ու մարզելով մարմինդ՝ յոգան քեզ դարձնում է առողջ հոգի առողջ մարմնում մը։ 

յոգան սկսելու առաջին օրերին չէի հավատում, որ մի օր կկարողանամ կանգնել գլխի վրա, պահել հավասարակշռությունս ծառի դիրքով հինգ րոպե և ավել, ազատվել անտանելի միգրենից… ամեն օր միքիչ ավելի երկար մարզվելով ու ամեն օր ավելի շատ սիրելով յոգան՝ հասա էն արդյունքներին, որ մի ժամանակ անհասանելի էին թվում։ պարզապես պետք է ամեն առավոտ սիրով ու ժպիտով վերցնել յոգայի գորգն ու անջատել ուղեղը։ 

բարի յոգայի օր ու սեր քեզ

հոգ տար քո մասին

ջղային մտքեր գիշերվա հազարին

հեյ

որնա՞ մարդկության պատմության ամենամեծ խնդիրը։ ինչնա՞ կառավարում մարդուն ու միևնույն ժամանակ ինչնա՞ մարդը կառավարում։ խոսքը։ բառը։ հաղորդակցությունը։ միտքը։ 
Մուհամեդ մարգարեի ախպոր տղան՝ (էս մասով վստահ չեմ, վիկին ասումա, թե զարմիկնա) Ալի իբն Աբի Տալիբը, խելացի երիտասարդ էր երևում։ ասումա՝ մինչև միտքդ արտահայտելը, դու ես իրեն իշխում, արտահայտելուց հետո՝ խոսքը քեզ։ մի խոսքով (pun intended)՝ դու քո ասածի ստրուկն ես։ առակը ինչ կցուցանե՝ շատ պարզ մի բան. խոսելուց առաջ մտածիր, ասա էն բաները, որոնց ստրուկը լինելը, եթե հաճելի չէ, գոնե դաժան չլինի։ բարի բաներ ասա։ 
էսօր էնքանա հեշտացել մի բան մի տեղ ասելն ու դրա հետևանքների մասին չմտածելը, ասածի համար պատասխան չտալը, անանուն մեկնաբանություններ գրելը, կամ ուղղակի գրելն ու գնալը, մեծ-մեծ խոսելը, մտածում ես՝ էս մարդիկ իրենց գաջեթները ձեռքները վերցնելու պահին ուղեղը սեղանին ե՞ն դնում։ 
էսօր մտքովս անցավ, որ, եթե չլիներ երաժշտություն լսելը, ես կերազեի խուլ լինել։ իսկապես։ էսօր բոլորը գոռում են։ իրար հերթ չեն տալիս իրենց փառահեղ անիմաստ մտքերը արտահայտել։ ու միշտ սխալա դիմացինը, իսկ իրենք՝ երբեք։ Լինքոլնը, էլի խելացի մի երիտասարդ, ասում էր միտքդ ավելի բաց պահիր, քան բերանդ։ 
եթե մտածում եք ինքնահաստատվել ու կայանալ խոսքով, ընտրեք հակառակը՝ կայացեք, որ ձեր ասածն ինչ-որ արժեք ունենա։ 
վերջ, «խելացի» մտքերս արտահայտեցի, ինքնահաստատվեցի, գնամ կյանքս ապրեմ։ 

անկում, բայց ոչ Քամյուի

հեյ

նայել ե՞ս ամերիկյան հեռուստատեսային շոու The big bang theory-ն (մեծ պայթյունի տեսությունը)։ կարևոր չի, եթե չէ։ շոուի հերոսները մի քանի անգամ ֆիլմում խոսում են հայերի ու հայկական մշակույթի մասին։ մի քանի օրինակներ՝ 

— …ստիպված էի պատուհանով մտնել երրորդ հարկի տներից մեկը։ պարզվեց այնտեղ ապրում է մի  հայկական ընտանիք, որը ստիպեց միանալ ճաշին ու քիչ էր մնում ինձ ամուսնացնեին իրենց տղայի հետ։ 
— …ես ամբողջ կեսօր մնացի հայկական եկեղեցում, որպեսզի հանդիպեմ Հայր Սոլախյանին…. 
— … ես առավոտները հաճախ եմ գնում հարևան տիկին Վարդապետյանի տուն նախաճաշելու…

իմ ամենասիրելի շոունա, եթե ժամանակ ունես ու սիրում ես ամերիկյան հումոր, նայիր անպայման, բայց սրա համար չենք հավաքվել։ խնդիրն էնա, որ մենք աշխարհի մոտ տպավորություն ենք թողել, որ ամեն տեղ ունենք եկեղեցիներ, հյուրասեր ենք, մարդասեր ենք և այլն։ եղելա էդպես, այո։ կառուցած եկեղեցիներն էլ կան։ բայց ի՞նչ եղավ մեզ։ ինչի՞ եկավ մի ժամանակաշրջան, երբ ազգի որակը ընկավ Արագածի գագաթից։ երբ ամեն հայ սկսեց մտածել միայն սեփական շահի մասին, սկսեց ոտնահարել դիմացինին, անցնել նրա վրայով, մենակ թե կառուցի իր չորս պատը։ 

ես էլի հասկանում եմ, որ ինչպես մարդնա ունենում մանկությունից եկած տրավմաներ ու ավելի հասուն տարիքում ապրում ըստ էդ տրավմաների, մեր ազգն էլ երջանիկ մանկություն չի ունեցել, խնդիրներ շատ կային, այո։ բայց էդ ամենից հետո էլի եղել ենք էն ազգը, որ աշխարհին սովորեցրել ա բաղնիք ստեղծելու արվեստը, աշխարհին տվելա գյուտարարներ (պաղպաղակի կոնից մինչև վարսահարդարման սարք, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքից մինչև ՄԻԳ ռազմական օդանավեր), մշակութային գործիչներ, իսկ էսօր մի քանի քառակուսի մետր հողի վրա իրար են ատում, ամեն ինչ անում իրար դեմ։ 

հայ ազգը որակազրկվելա։ կներես։ եթե չէ, գոնե ահավոր մեծ անկումա ապրել իր որակի հարցում։ դարձել ենք մեզ ու մեր շրջապատը չսիրող, մեր լեզուն ու մշակույթը չգնահատող մարդիկ, որ շուտով հարցականի տակ են դնելու իրենց պետականությունը։ իսկ էդ մի բանա, որ եթե չեղավ, մենք հրեա չենք, պարզապես կվերանանք։ ու ոնց որ հինգերորդ դասարանում հպարտորեն կարդում էինք, որ Ասորեստանի նման հզոր պետությունը իջավ պատմության թատերաբեմից, այ էդ նույն ձև ավելի փառահեղ կերպով մենք ենք իջնելու։

ինչնա՞ խանգարում հային միքիչ ավելի հայ լինել… ու սա հռետորական հարց չի։ 

բացասական էներգիա եմ տարածում օդում, կներես։ հիասթափված եմ շատ։ 

հոգ տար քո շրջապատի մասին
հոգ տար քո մասին  

անիմաստ շատախոսություն

մի քանի օր առաջ ընկերներով գնացել էինք Ապարանի ջրամբար։ 

ճանապարհին պարեկային կետ կար, (իրականում «պարեկային կետը» շատ լուրջ բառ էր էդ իրավիճակի համար, քանի որ պարզապես մարդիկ էին նստած, դե ոստիկանական համազգեստով) որ գրանցում էին մեքենայի պետհամարանիշը։ էդ ինձ առաջին հայացքից ուրախացրեց, քանի որ մտածեցի, որ տարածքը հավանաբար արգելոց է, բնության պահպանության համար են անում։ հետո հիասթափություն։ Գոհարը մեզ պատմեց, որ Ապարանի ջրամաբարը իրականում կարևոր նշանակություն ունի տարածքի ոռոգման համար ու դրա մաքրությունը պետական վերահսկողություն պետք է ունենա, և, քանի որ իրականում չափազանց աղտոտված է, խրախուսվում է մաքուր պահել չնկարահանել տարածքը։ մեր մոտ էդ ընդունված լուծումա բոլոր խնդիրներին՝ եկեք դրա մասին չխոսենք։ եթե մի բանի մասին չեն խոսում, ուրեմն՝ չկա։ 
նկարեց Անդրանիկը
մենք բարձր գոռում ենք՝ Հայաստանը Շվեյցարիա է Անդրկովկասում։ լու՞րջ։ հա, մենք շատ սիրուն բնություն ունենք, ունենք նախանձելի լեռներ, (էս բառը չեմ սիրում) գողտրիկ ջրվեժներ, որ ամեն անգամ մարդկանց Հայաստան հրավիրելիս հպարտորեն բացիկներ ենք նկարում, բայց, երբ հերթը գալիս է էդ սիրունությունը պահպանելուն, մի տեսակ ծուլանում ենք։ մի տեսակ՝ «եկեք էդ մեկը չնկարենք, որ չտեսնեն» քաղաքականությունա։ 
մի քանի օր առաջ լսում էի պոդկաստ, որտեղ Գոռ Գլումովը պատմում էր, թե Արարատ բարձրանալիս մտածել ա՝ շատ ավելի լավա, որ Արարատը Հայաստանի տարածքում չի, քանի որ տարածքը բավականին մաքուր ու պահպանված է եղել ի տարբերություն Արագածի, որով էդքան հպարտանում ենք, որը էդքան «սիրում ենք»։ շատ տխուր ա, բայց հա, իրականություն։ հոգոց։ 
ինչևէ, բլոգը ավելի շատ գրում էի, որ պատմեի՝ «կարմիր թե սև» ենք խաղացել։ ու ես հիշեցի մարզային օլիմպիադայի նախորդ գիշերը Կապանի գիշերօթիկ դպրոցում։  շատերս շրջանային փուլը հաղթում էինք մենակ մարզային գնալու ու էդ խաղը խաղալու համար։ ըհն, էս էլ Հայաստանի կրթական վիճակի մասին։ իրականում շատ լավ խաղա տրամաբանությունը զարգացնելու համար։ եթե հավես ունեք հավաքվել-խաղալու, գրեք։ 

սթարմուսը գալիսա Հայաստա՜ն

հեյ

Անդրանիկը միշտ ասումա, որ Հայաստանը DIY երկիրա։ DIY, այսինքն՝ do it yourself, հայերեն՝ ինքդ արա։ պատճառն էնա, որ երբեք չի կարելի ու չպետք է սպասել, որ ասենք՝ դասախոսդ լավ թեմա կառաջարկի քննարկելու, լավ գիրք խորհուրդ կտա կարդալու, կառավարությունը ինչ-որ նոր գիրք կավելացնի ծրագրերում, որ դպրոցականները կարդան, պետք չի սպասել, որ վերևներում կմտածեն քո կամ քո ծրագրերի, քո աշխատանքի մասին, քո մասնագիտությունը կամ քո ոլորտը զարգացնելու մասին, ինքդ պետք է անես։ ինքդ պետք է դասախոսին թեմա կամ գիրք առաջարկես, ինքդ պետք է աշակերտներիդ խրախուսես էս կամ էն գիրքը կարդալ, ինքդ պետք է քո կազմակերպությունը հիմնես, քո ոլորտի առաջատարների հետ ծանոթանաս, շփվես, մի խոսքով՝ գուգլես։ 
ու, ինչքան շատ եմ տարբեր ոլորտների մասին կարդում կամ լսում, գտնում էն մարդկանց, որոնք Հայաստանում են փորձում ինչ-որ բան փոխել, էնքան համոզվում եմ, որ շատերը հասկացել են մեր երկրի DIY լինելու մասին ու փորձում են նորարություններ բերել Հայաստան։ երևի արդեն լսել եք, որ Սթարմուսի ամենամյա փառատոնը էս տարի Հայաստանումա լինելու։ յեյ։ էսօր լսում էի Նարեկի պոդկաստը փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ ու նա պատմում էր, թե ոնցա նախկին նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել փառատոնին, ինչի արդյունքում Արմեն Սարգսյանը մտածելա՝ հըն, չբռնե՞նք տանենք փառատոնը Հայաստան։ Սթարմուսը երևի աշխարհում երկու ամենաառեղծվածային երևույթների՝ տիեզերքի ու երաժշտության միաձուլումնա։ շատ հետաքրքիր ա, թե ոնց են էս երկու ոլորտները, հատկապես ռոք երաժշտությունը, իրար առաջ մղում ու իրար համար մուսա դառնում։ Իսրայլելյանը պատմեց, որ BBC-ն Արմսթրոնգի՝ Լուսին ժամանելը հեռարձակելուն զուգահեռ ցուցադրելա Փինք Ֆլոյդի «համերգը» հենց ստուդիայից։ Ռոք երաժիշտների մեծ մասը հենց աստղագետներ են ու իմ կարծիքով հեչ էլ պատահական չի, աշխարահռչակ ռոք երաժիշտներին ու լավագույն գործերը անվանում ենք «տիեզերական»։ էներգիան գալիսա տիեզերքից, դառնում նոտաներ ու հետո անցնում մեզ։ էս ինչքան շեղվեցի թեմայիցս…
 
ինչևէ, ես էլ եմ շատ բողոքում, բայց երևի ու արդեն հաստատ՝ անիմաստա։ ուղղակի պետք է ամենքս մեր ոլորտում մեր առաջարկներն անենք, նախաձեռնությունը մեր վրա վերցնենք ու փորձենք։ կարողա մի օր էլ մենք ենք մի փառատոն բերում Հայաստան։ 
 
ի դեպ՝ խելացի կլինենք, եթե բաց չթողնենք փառատոնը։ Թանկյանն էլա գալու՜,-ասաց Լիլիթը և փշաքաղվեց։ 
հոգ տար քո մասին

ներքին քաոսի ու կորած հույսի մասին

հեյ

բարի երկուշաբթի։ ես, իհարկե, to do list անելիքների շատ երկար ցանկ ունեմ էսօրվա համար, բայց վերջին երկու օրվա ընթացքում ներքին աշխահս շատ քաոտիկ էր տարբեր պատճառներով ու ուզում եմ մինչև ցանկին անցնելը էդ ամենը թողնել էկրանին։ 
ես ասացի, որ ես զզվում եմ հայերից ու նա ասաց, որ չի կարելի էդպես ասել, քանի որ լավ հայեր էլ կան, վատ հայեր էլ կան։ ուղղակի տարբեր են լավի ու վատի մեր բնորոշումները։ ու ես ասացի, որ ես զզվում եմ ու հիասթափվել եմ միջին վիճակագրական հայից։ եթե միջին վիճակագրական հայը տանելի լիներ, ծայրահեղությունները  կկարողանային բալանսի բերել մեր միջավայրը։ բայց միջին վիճակագրական հայը, էս պահին գոնե, անտանելի ա իմ համար։  
վաղուց հանել եմ ֆեյսբուքը իմ կյանքից ու էդ բացասականը չկա իմ առօրյայում, բայց ես անընդհատ մոռանում եմ, որ եթե չեմ կարդում էդքան անմտածված ու անտեղի գրված խոսքերը, չի նշանակում, որ դրանք այլևս չկան։ նույն կերպ ես մոռանում եմ, որ եթե իմ շրջապատում չկան (ես փորձում եմ վատ բառեր չասել, ու մի քանի րոպեա արդեն մեղմ բառեր եմ փնտրում էդ մարդկանց նկարագրելու համար) անմիտ, աննպատակ, միայն վատը տեսնող ու կորած մարդիկ, չի նշանակում, որ նրանք էլ գոյություն չունեն։ ու շաբաթ օրը, պատահաբար տեսա ֆեյսբուքյան գրառում, որի մեկնաբանություններում ասվումա՝ ինչ գործ ունի աղջիկը ցույցերի ժամանակ, որ հիմա էլ բողոքում եք, թե ոստիկանը անվայելուչ պահվածքա դրսևորել, էդ աղջիկը հենց դրա համարա գնացել ցույցի։ տեսա մեկ այլ գրառում, որտեղ մի աղջկա քարկոծում էին, քանի որ խոսում էր այն մասին, որ ամուսինը պետք է կնոջը հետ կիսի առօրյա գործերը, երեխաների մասին հոգ տանելը։ ու եթե ես շատ բարի բառեր եմ հիմա կիրառում, չի նշանակում, որ էդ մեկնաբանություններում չկային հայհոյանքներ։ հայ կանայք, որ ի միջի այլոց, օ սուրբ արարածներ են, առանց բարոյական որևէ իրավունքի ու պատճառի ամենավատ հայհոյանքներ էին գրել այն նյութի մեկնաբանություններում, որտեղ հայ մոդելի ու նրա ամուսնու ծովափնյա նկարներն էին։ 
իմաստը չեմ հասկանում։ փորձում եմ, մտածում եմ, բայց չեմ գտնում խորքային պատճառը։ էնքան շատ ատելություն կա օդում, որ մի տեսակ քանդում ա շաբաթների աշխատանքդ՝ մնալ ներդաշնակ ու մնալ խաղաղ։ նախանձ են մարդիկ, չար են, վատատես են, չարակամ են ու էդ անտանելի ա իմ համար։ 
ու եթե մտածում ես, որ սա միայն ռոմանտիկ խնդիր է, որ երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան մարդկանց բարություն սովորեցնելը, թույլ տուր չհամաձայնել։ էդ չարության ու ստի հետևանքներն են հիմա բաղրամյան-մաշտոց խաչմերուկին։ էդ չարության ու ստի հետևանքով էսօրվա «տոնը» կորցրել է իր իմաստը ու մնացել միայն դատարակ ոչ աշխատանքային օր։ ու էդ չարության հետևանքովա, որ դեռ շարունակվելու են անիմաստ ցույց-հեղափոխություն-կռիվները, ու ոչ մի բան չի արվելու, երկիրը ու մարդիկ չեն սթափվելու։ 
ինձ կոտրումա էն միտքը, որ ես չեմ սիրում միջին վիճակագրական հային։ կներես էսքան բացասականիս համար։ պետք էր խոսել էս մասին։  ու եթե էս երկար-բարակ մզմզոցս մի բառով նկարագրեմ՝ ձեռից գնում ենք։ ահավորա։ միշտ։ 
հոգ տար քո մասին 

-երեն

հեյ


վերջերս զգում եմ, որ նույնիսկ առօրյա խոսակցություններում սկսել է գերակշռել անգլերենը։ էդ ինձ մի տեսակ դուր չի գալիս, հատկապես, երբ երեկ սրճարանում, երբ Անդրանիկի հետ անգլերեն էինք խոսում, մի հայ աղջիկ, մտածելով, թե հայ չենք, անգլերեն հարցրեց, թե արդյոք մենք հերթի մեջ ենք։ եթե այսպես շարունակվի, սխալ պատկեր է լինելու ապագայում։ ի վերջո՝ օ մենք cool ենք, մենք անգլերեն ենք խոսու՞մ, թե՞ այլ պատճառ կա։ 

խնդիրն այն է, որ հայերենը ժամանակի հետ էդպես էլ չքայլեց։ իրավիճակների մեծ մասում չգիտես՝ ինչ բառ օգտագործել, ինչպես նկարագրել՝ ինչ է կատարվում։ ու էսօր էդ օրինակներից մեկը մտքիս եկավ։ 

իմ ամեն երկրորդ քայլին ես կամ ինձ եմ վնասում, կամ կողքիններիս, կամ մի բան եմ ջարդում կամ գցում։ մի քանի օր առաջ դրա պատճառով ստիպված եղանք երկու հատ բաժակ գնել մինիսոյից, քանի որ ես կոտրել էի բաժակի կափարիչը։ հայտնի clumsy։ բացում եմ նայիրի բառարանը՝ clumsy-ի հայերենը գտնելու համար։ 


ես չեմ, դուք եք՝ ես անշնորհք, անճոռնի, անտաշ կամ անտակտ ե՞մ։ չէ այ մարդ, դեպքերի 70%-ում ինքս ինձ եմ վնասում։ թութի ժողովուրդը հուշեցին անփույթ բառը, որը, այո նկարագրում է ինձ, բայց մի տեսակ էլի նեղանում եմ։ clumsy-ի դեմ ոչինչ չունեմ, բայց անփույթը կոպիտա հնչում։ 


նմանատիպ դեպքերը քիչ չեն, կամ մեզ նոր բառեր են պետք, կամ մեր ունեցած բառերը ավելի հաճախ օգտագործել, որ ականջին խորթ ու կոպիտ չհնչեն։ իսկապես ուզում եմ միայն հայերեն խոսել, երբ խոսում եմ հայերի հետ։ ուզում եմ հայերեն մտածել, ինչը արդեն վաղուց չի ստացվում, մի տեղ մի բան սխալ ա գնացել։ 

այ էս լեզուների, հայ/գերման/անգլերենի պայքարը անվերջա ուղեղիս մեջ, ու արդյունքում տուժումա էն, որ միտքս չեմ կարողանում գրագետ արտահայտել, ձևաբանորեն ու շարահյուսորեն հավատարիմ մնալ էն լեզվին, որով խոսում եմ։ խնդիրներ…խնդիրներ…

հոգ տար քո մասին 

ինչղ ես ծո՞

հեյ

մի անգամ արդեն խոսել եմ կյանքի կարևոր կոճակի մասին՝ վերագործարկում։ էս շիրակին էդ կոճակին անցնելու օրերից էր։ Շիրակի, Շիրակ, Գյումրի։ 
հիմա քո հետ խոսում եմ իմ համար երևի աշխարհի ամենահավես անկյուններից մեկից։ Արեգակ սրճարան, Գյումրի։ ինձ ի՞նչ ա պետք, երբ ես սրճարան եմ գնում՝ բուսական կաթով համով կօֆէ, ինչ-որ բուսական քաղցր բան, ժպտացող աշխատողներ։ ես էստեղ գտա էս բոլորի լավագույն տարբերակները՝ սոյայի կաթով լատտե, չիայի սերմերով պուդինգ, աշխարհի ամենաբարի աշխատողները, որ հետդ հումոր են անում՝ մենք ձեզ առավոտյան էինք սպասում, ինչի՞ ուշացաք։ եթե Արեգակը ներառական սրճարան չլիներ, ես էլի կսիրեի իրենց ու երկու օրվա մեջ էլի երեք անգամ կգայի էստեղ։ բայց հիմա սիրում եմ ու գնահատում շատ ավելի շատ։ շատ տխուր իրականություն կա Հայաստանում։ լսել եմ, որ նույնիսկ հաշմանադամ երեխաների ծնողները ամաչում են երեխաներին տնից դուրս հանել ու հասարակության անդամ դարձնել։ ու էդ ամենի ֆոնին Գյումրիում ներառական սրճարան տեսնելը ինձ շատա ուրախացնում։ մեկ տարի աշխատել եմ դաունի համախտանիշ ունեցող երեխայի հետ ու գիտեմ՝ ինչքան են իրենք տարբերվում մեզանից ու ինչքան բան ունենք մենք իրենցից սովորելու։ ինչքան այլ են նայում աշխարհին, գնահատում ամեն դրականը ու գոհ լինում նույնիսկ քո մի բարի արարքից կամ լավ խոսքից։ էնքան եմ ուզում, որ էս սրճարանը միակը չլինի Հայաստանում ու շատ ավելի շատ գործատուներ մտածեն հաշմանդամ մարդկանց ներառելու ու հասարակության լիիրավ անդամ դարձնելու մասին։ 
Գյումրիում գտանք փոքրիկ իշխանի աստերոիդը՝ B612 Art Gallery-ն։ ոնց որ Արթուրը ասաց՝ եկեք մեր նկուղ, Հայաստանում արվեստը նկուղային հարկից չի բարձրանում։ իսկ ինձ թվումա՝ լավագույն բաները աշխարհում նկուղներում են՝ փաբեր, արվեստանոցներ, հին գրքեր, կահույք։ շատ քիչ ժամանակ ունեինք ավելի երկար մնալու ու խոսելու Արթուրի հետ։ եթե չընդհատեիր, շարունակ կխոսեր ամեն մի աշխատանքի, ամեն մի փոքր դետալի մասին, երևակելու նոր տեխնիկայի, իրենց բոհեմական կյանքի, արվեստանոցը փակել-բացելու ժամերի անկանոնության, միջազգային հարթակներում տարած հաղթանակների, ազատություն ոչ թե խնդրելու այլ պահանջելու ու վաստակելու մասին։ իսկ մենք չէինք ընդհատում։ եթե լինեմ պարզ ու հակիրճ՝ սիրուն գործեր ունեն, անպայման այցելեք B612-ի բնակիչներին։ 
Գտանք ժամանակի մեքենա, որը մեզ տեղափոխեց հեռավոր ԽՍՀՄ։ գնացեք Գյումրիի կենտրոնական այգի ու կտեսնեք, թե ինչ կարուսելներ են նստել ձեր ծնողները իրենց կարուսելասեր տարիքում, էնտեղ նույնիսկ կար ծիծաղի սենյակ՝ դե սպասիր մուլտֆիլմից հայտնի։ ու դե հա, ԹՈՒՄՈ-ն հենց էդ այգում է։ ասում եմ ձեզ՝ Գյումրին ամենահնի ու ամենաժամանակակիցի մեծ խառնուրդա ու դեռ պայքարի մեջ՝ ծախսել էներգիան ու միջոցները հինը պահելու, թե՞ նորը ստեղծելու մեջ։ դե հիմա, աղքատ երկիր ենք, երկուսն էլ անելը մի տեսակ շատ կլինի։ 
ու էդ նորը ստեղծելու պահին շատ բացթողումներ կան դեռ։ օրինակ՝ չկարողացանք գնել գնացքի տոմսն առցանց ու, երբ հասանք Երևանի Սասունցի Դավիթ կայարան, պարզվեց՝ չկա տոմս։ կայքում 0 տեղեկատվություն։ վաճառողուհին նշեց, որ Երևան-Գյումրի գնացքի տոմս գնելու համար առնվազն մեկ շաբաթ շուտ է պետք գնալ կայարան։ բայց 21-րդ դարում ոչ մեկը մեկ շաբաթ շուտ չի գնա կայարան տոմս գնելու։ եթե կա պահանջարկ, ուրեմն կարելի է լավացնել կայքի վիճակը։ ինձ թվումա՝ բարդ չի, հը՞մ։ 
պատմությունս ուրախ եզրափակելու համար նշեմ, որ հյուրանոցում, երբ իմացան, որ իրենց առավոտյան նախաճաշից ոչինչ չեմ ուտելու, ինձ համար հատուկ բուսական նախաճաշ պատրաստեցին ու էդ էն ամեննա ինչ ես ուզում եմ աշխարհից՝ մի կռվեք, ինձ բուսական ուտելիք տվեք։ մերսի շատ։ 
ամենի մասին գրելը մի տեսակ երկար կլիներ, չեմ ուզում ձանձրացնել քեզ, բայց եթե հետաքրքրեց էս փորձը, Անդրանիկը օրվա մեջ, եթե անընդհատ չխանգարեմ, կգրի իր տպավորությունների մասին, կարող ես կարդալ այստեղից։ 
հոգ տար քո մասին 

խառը օր

հեյ
Արմինը համալսարան ընդունվելու համար աշխատանքա գրում մենակության մասին։ ուղարկեց, կարդացի։ ու մի շատ լավ միտք էր գրել, որ մենակությունը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան վիճակա։ դու կարաս հազարավոր մարդկանց մեջ լինես, բայց էլի քեզ  մենակ զգաս։ էսօր մի տեսակ տենց օրա մոտս։ մի տեսակ մենակ եմ զգում ինձ աշխարհի յոթ միլիարդից ավել մարդկանց մեջ։ նույնիսկ դիտմամբ որոշեցի տանը չմնալ, այլ գալ սրճարանում նստել, դաս անել ու բլոգել, բայց ինձ թվումա՝ մի մեծ պատա կառուցվել ամբողջ գիշեր իմ ներքին աշխարհի ու ամեն ինչի մեջտեղում ու հիմա ներսս շատ մենակա։ 
քայլեցի քաղաքում անձրևի տակ ահագին երկար, մարդկանց նայեցի, մեհ… էս զգացողությունը վաղուց չէր եղել մոտս։ երևի նորմալա, երևի պետք է կենտրոնանալ ոչ թե դրա վրա այլ թե ոնց անել, որ անցնել hackthebox-ի էս լեվելը ու գնալ սրճարանից։ որոշել եմ միայն էս լեվելը հաղթահարելուց հետո դուրս գալ ստեղից։ 
«լեվել»-ը դուրս չեկավ։ պետք է ասել՝ մարտահրավեր, մակարդակ, խնդիր, բայց ոչ՝ «լեվել»։
իրականում առիթից օգտվեցի, եկա գրելու քանի դեռ seclists-ն էի clone անում։ յէյ, պըրծ։ գնամ տեսնեմ՝ ինչա տալիս մեզ էդ word-list-ը։ (:
one eterniry later: 
ոչ մի բան էլ չտվեց ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ես աչքիս գերանը չեմ տեսնում։ կամ չգիտեմ՝ ուրիշ ասացվածք։ խնդիրն էնա, որ ես հազարավոր ծրագրեր install արեցի, ինչ ասես փորձեցի, ուղղակի հարկավոր էր նկատել, որ URL-ի մեջ # կա ու էդ նշանակումա, որ comment-ների վրա պետք է ուշադրություն դարձնել։ աստված իմ, ընդամենը 3 րոպեի գործ էր, իսկ ես 4 ժամա էս եմ անում։ 
ինչևէ, դոբին ազատ է, արդեն կարող եմ դուրս գալ սրճարանից։ 
հոգ տար քո մասին