Կարգերով պահոցներ՝ Uncategorized

ինչևէ

հեյ
ահավոր շաբաթա՝ ահավոր խնդիրներով ու ահավոր մեծ ցանկությամբ՝ անտեսելու էդ խնդիրներն ու գործի անցնելու։ ձախողումները մեր նպատակի ու դրան հասնելու մոտ ընկերներն են, մի տեսակ առանց իրանց ոնց կլինի։ ուրեմն դրանց ընդունում ենք գրկաբաց։ հա, առաջին ռեակցիան լինումա հիասթափություն, կոտրվել, քանի որ, եթե չես մոռացել, մարդ ենք։ բայց հենց ուշքի եկար, հասկանում ես, որ էդ …… նորմալա։ ուրեմն ավելի շատ էր պետք վիզ դնել աշխատել։ ուրեմն մի տեղ միքիչ ահավոր շատ թերացել ես, գլուխ ես պահել։ (հայերեն էս արտահայտությունները՝ գլուխ պահել, գլուխ տալ, գլուխը գցել և էլի շատ-շատ, ոնց որ չարազի մեջի նուշերը լինեն (դու էլ  ես չէ՞ նուշը սիրում) համովացնում են մեր բառապաշարը) ինչպես կասեր բունtv-ն, անցնենք բուն նյութին։ դե գլուխ ես պահել հիմա, աշխարհի վերջը չի, քեզ ազատություն ես տվել, հանգստացել ես, բեր տենց արդարացնենք, հիմա ավելի շատ էներգիա ունես։ ուրեմն էդ էներգիան անխնա օգտագործելու ժամանակնա։ 
փողոցում հանդիպող ամեն քարից ընկնում ե՞ս։ անցնում ես վրայով, վերցնում, մի կողմ ես դնում, եթե Եզոպոսի հայտնի առակի էն մարդն ես, շրջանցում ես…. ամեն դեպքում շարունակում ես ճանապարհդ։ նույն կերպ պետք չէ ընկնել ամեն տեսակ ձախողումից։ դե հիմա ֆեյլ էր, եղավ։ ճանապարհը դեռ երկարա, ու հեչ էլ ասֆալտապատ չի, մոտակա ժամանակներում ընտրություններ չկան։ 
գիտեմ, որ էդ պահին ուզում ես ուղղակի հետ կանգնել նպատակից, մտածում ես, որ էդ հեչ քոնը չէր, գլխիցդ մեծ որոշումներ ես կայացրել ու երևի սխալվել ես, դու չես կարա էդ։ հահ..ավելի շատ չէիր կարող սխալվել։ 
սա ուղղակի պայքարա։ ու էս պայքարը կարող է լինել ցանկացած նպատակի հասնել՝ նիհարել, Էվերեստը բարձրանալ, օլիմպիական չեմպիոն դառնալ, ընդունվել երազանքի համալսարան, գտնել երազանքի աշխատանքը։ ամեն նպատակ ունի իր պայքարի ձևը ու դրան հասնելու տևողությունը։ մի օրում մոդել չես դառնա, ոչ էլ ոսկե  մեդալ կստանաս։ դանդաղ, երեխայի քայլերով, բայց կհասնես Էվերեստի գագաթին, եթե ամեն օր ու ամեն պահ աշխատես դրա համար, անես ամեն ինչ, ինչ կարող ես ու նաև չես կարող։ ոչ մի բան անհասանելի չի, եթե իհարկե իմ հին համարը չի, որ մի ամիսա անջատել եմ ու մի կողմ գցել։ մի զանգեք։ (:
հոգ տար քո մասին

չեմ ձգում էլ

հեյ
ամեն անգամ, երբ նորություններ կարդալիս հանդիպում եմ հետևյալ տողերին, մի նյարդային բջիջ ևս կնքում է իր մահկանացուն. «այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է պողոս պողոսյանը»։  աաաաաաաաաաաաաաա…….
ինչու՞ է սոց կայքը դարձել շատ կարևոր լուրերի ու տեղեկատվության առաջին աղբյուր։ կառավարության բոլոր մարմինները ունեն կայքեր, գոյություն ունեն թերթեր։ ինչու՞ են լրատվականները հղում ինչ-որ պետքական պաշտոնյանների ֆեյսբուքյան էջերին, չէ, էջերին էլ չէ, տվյալ կառավարական մարմնի էջին էլ չէ, անձնական հաշվին։ ոչ մի տիպի չեմ հասկանում։ ուզու՞մ եք հանրությանը հասանելի լինեն բոլոր նորությունները, կրթեք հանրությանը, սովորեցրեք նորությունները կարդալ կայքերից։ 
ոչ վաղ անցյալում չէր, չէ՞, որ ֆեսյբուքը ապատեղեկատվության տարածման պատճառով ուղղակի արգելափակվեց երկրում։ ուրեմն դուք եք սովորեցրել մարդկանց, որ ֆեյսբուքում ինչ կարդում եք, այ մարդ, ճիշտա։ ուրեմն ստեղծեք վստահելի հարթակներ, որոնք ի միջի այլոց կան, կիրառել է հարկավոր։ կայքերը անտեր են մնացել, շաբաթվա մեջ մի անգամ չեք թարմացնում նորությունները։ բայց ֆեյսբուքում օրվա մեջ մի տասը հատ ստատուս գրելը երևի հեշտա՞։ 
հիմա ամենավատ ու ձեր կարծիքով անհնար կողմին եմ նայում. է մարդիկ կան չունեն ֆեյսբուք։ չունե՞ն հնարավորություն իմանալու, թե ինչ է կատարվում երկրում։ 
մի գրեք էդ անտեր նորությունները առաջին հերթում ձեր ֆեյսբուքի ստատուսի տեղում։ էդ ձեր օրվա տրամադրությունը չի, էդ կարևոր նորությունա։ գրեք կայքում, հետո էդ լինկը՝ https://www……., քոփի-փեյսթ արեք էդ ստատուսի տեղում ու գրեք ձեր մեկնաբանությունը։ էդ նորմալա։ 
հոգոց։
հոգ տար քո մասին

շունը կծեց և ինչ եղավ հետո շատ հուզիչ էր

հեյ

մի քանի օր առաջ Անդրանիկին մի սև շուն կծեց, ով գիտի՝ գլխարկը դեռ չէին կարել։ մի խոսքով է, շների դեմ ոչինչ չունեմ։ (բայց հիմա իրանց միքիչ ավելի քիչ եմ սիրում) դե զանգում ենք շտապ օգնություն, առավոտվա երեքնա, ու անկեղծ ասած, չեմ էլ սպասում, թե մեկը կպատասխանի։ ինչպիսի հաճելի անակնկալ, պատասխանում են։ չեմ ուզում ընդհանրապես պատմել՝ ինչ դանդաղ ու ինչ անդարդ եկան, նույնիսկ չէին ձևացնում, որ շտապ օգնություն են։ վերքին մի թեթև բզեցին, գնացինք առաջին հիվանդանոց։ մի քանի հոգի փորձեցին հերթապահ բժշկին արթնացնել, դե հիմա, չստացվեց։ բուժքույրը իբր մշակեց վերքը, պատվաստեց, ինչպես իրենք են ասում՝ հակափայտացման դեմ (էդ բառից ավելի շատ էի ջղայնացել, քան, որ բժիշկը տենց էլ չարթնացավ), գազազելու դեմ ու դե հետագա երկու պատվաստումների ուղեգիր տվեցին դեպի տարածքային կլինիկա։ 
տարածքային կլինիկան համար 2-ն է՝ Կողբացի փողոցի վրա։ էստեղ մի աննախադեպ բարդակ էր։ գրեթե բոլոր սենյակները մտանք, գրեթե ամեն տեղ պատմեցինք նախորդ պարբերությունը ու լսեցինք հետևյալ պատասխանը՝ դուք Սիրիայի քաղաքացի եք, մենք չենք կարող ձեզ պատվաստել։ հահ։ 
դե ինչ պիտի անեինք։ գնացինք Սիրիա՝ Անդրանիկի գրանցված կլինիկան, ստացանք պատվաստումը ու էլի եկանք անցանք գործերով։ հիմա քեզ գրում եմ Սիրիայից։ շոգա միքիչ, բայց հավես երկիրա։ 
ըըը…լու՞րջ, տե՞նց են պատկերացնում մեր առողջապահության նախարարությունում։  պետք է գնայինք Սիրիա՞ էդ մի շոթը ստանալու համար։ էստեղ խնդիրը բացարձակ այն չէր, որ կլինիկան անվճար է կատարում պատվաստումները, մենք պատրաստ էինք վճարել, բայց էդ դեղը ստանում են միայն կլինիկաները, այլապես մենք մեր սիրած Վարդանանցը կգնայինք։ 
եթե բլոգը գրեի հենց էդ օրը, էսքան մեղմ ու բարի չէի արտահայտվելու։ պարզապես շատ խառն էինք ինչ-որ լուծում գտնելու համար։ ամեն ինչ հիմա օկա, բայց մեծ խնդիր կա. օրինակ ես էլ Սիսիանի կլինիկայում եմ գրանցված։ հիմա, որ շունը կծի ու շան մազ էլի չունենանք, որ բուժենք, ես էլ Սիսիա՞ն պիտի գնամ։ ինչի՞ են մեր առողջապահության աշխատակիցները դեռ սովետական ժամանակներում։ ինչի՞ են էդքան տարի Բժշկական համալսարանում սովորելուց հետո դառնում ամենակոպիտ արարածները աշխարհում։ ես հո չեմ գրել իրենց քննական հարցերը, որ ինձնից են վրեժ լուծում հիմա։ ինչի՞ էս երկրում, որ ամեն մեկը հիմա իր գործը պետք է 125 տոկոսով անի, քանի որ երկու-երեք տասնամյակ հետ ենք աշխարհից, բոլորը յոլա տանում։ 
կան հարցեր, որ պատասխան չունեն ու էդ հեչ էլ սերը չի։ 
հոգ տար քո մասին

երաժշտություն

հեյ


օրվա մեջ քանի՞ ժամ ես երաժշտություն լսում։ ինձ չհարցնես՝ չգիտեմ։ ինչպես ասում են՝ #միշտ։ ու միայն էսօր եմ հասկացել՝ ինչքան տարբեր են երգերն ու երաժիշտները հոլովակներում և համերգների ժամանակ։ ստեղծվումա մի տեսակ էներգիա, որի անունը չգիտեմ։ հատկապես, երբ վոկալիստները կիսով չափ դեերասան են ու կարողանում են առանց բառերի զրուցել հանդիսատեսի հետ։ հատկապես, երբ խոսքը ռոք խմբերի համերգների մասինա։ էսօր ամբողջ օրը գրեթե համերգներ եմ նայել ու իսկապես նայել եմ, ոչ թե միայն լսել։ 
սիրուն բանա երաժշտությունը, ավելի սիրուն են խենթ համերգները։ գնացեք համերգների, խենթացեք ու պարեք ու երգեք… մի հատ լավ երգ ասեմ, լսիր։ ինձ շատա դուր գալիս, երբ ազգային երգերը թարմացվում են… ու ինչպես ասում են մեր պապերը՝ նոր շունչ են ստանում։  

հոգ տար քո մասին

«սրանք ինչ են եկել, լցվել»

հեյ

ես քովիդի լոքդաունի ժամանակ տնից ավելի շատ էի դուրս գալիս, քան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ ինչ խոսք, կարոտել էի քաղաքը, մարդկանց, քայլելն ու երաժշտություն լսելը։ դե միշտ եմ ականջակալներով, քանի որ անընդհատ ազդանշաններն ու գռեհիկ զրույցները միշտ պատրաստ են փչացնելու տրամադրությունդ։ էհ, դեռ չէի հասցրել կապույտ ատամը միացնել ու լսում եմ՝ «ախչի, ես քեզ որ բան եմ ասում, դու ներվերս մի կեր»։ նայում եմ հետ. երիտասարդ զույգ են՝ իրար թևանցուկ։ «ախչի»-ն դե աղջիկն էր, որն ընթրիքին պատվիրել էր տղային ներվերը։ 
ես միշտ եմ գոռալուն դեմ եղել, հատկապես աղջկա վրա, հատկապես դրսում, հատկապես, երբ ներկա եմ։ ինչքան հնարավոր էր զուսպ գտնվեցի ու «թարս» հայացք նետեցի իրենց կողմը։ (թե ասա Լիլիթ, քո ինչ գործնա՝ ովա ում վրա գոռում, ինչ ես խառնվում)։ կանաչեց լույսը։ կապույտ ատամս դեռ չէր միացել, (դու հիմա կմտածես, որ ես դախ եմ ու դու չես սխալվի) ու լսում եմ նորից. «ես քեզ բան եմ ասում, դու շարունակում ես, կտամ, կսպանեմ»։ ըըըըը…. ոնց որ հայացքս չազդեց հա՞։ մի հատ էլ եմ երկար ու ջղային նայում տղային, որը ինչ-խոսք սկզբից էլ նկատել էր ինձ ու հասկացել էր, որ մի տեսակ դեմ եմ իրավիճակին։ «ինչա, ի՞նչ ես նայում, սրանք ինչ են եկել լցվել»,-արձագանքեց երիտասարդը խեթ հայացքիս։  հոգոց։ 
երեք հատ խորը շունչ, արտաշունչ ու երգս միացավ, ու ես ուղղակի գնացի։ իհարկե։ ինչու՞ էի նայում։ մարդը անձնական տարածք ունի, կուզի կգոռա իր ընկերուհու/կնոջ/քրոջ վրա, կուզի՝ չէ։ ես ոչ մեկն եմ էդ պահին, որ քիթը խոթել էր ուրիշի ձայնի ելևէջների մեջ։ պետք էր չնկատելու տալ։ ես չէի կարող։ աղջիկը ամբողջ ընթացքում էդպես էլ ոչինչ չարեց։ շատ ցածր ու նեղացած խոսում էր ու ամբողջ ընթացքում մնաց տղային թևանցուկ։ ինքը չէ՞ր ընտրել էդ վերաբերմունքը։ ինքը չէ՞ր հարմարվել, որ իր հետ գոռալով պետք է խոսեն նույնիսկ եթե դրսում են, նույնիսկ երբ ինչ-որ մեկը ուշադիր նայում է նրանց՝ փորձելով հասկացնել, որ «ժող, ո՞ր դարնա…
գոռում էին քարանձավներում, հեռվում մամոնտ տեսնելիս, նավերում՝ այսբերգ նկատելիս։ զրուցելիս, հատկապես սիրելիների հետ զրուցելիս, իսկապես չարժե գոռալ։ գոռալը հեռվացնում է։ որքան էլ որ բարկացած ես, որքան էլ որ «ներվերդ են ուտում»։ մի բարձրացրեք ձեր ձայնը ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելիս ու մի թողեք, որ ձեր վրա ձայն բարձրացնեն։ դա դեմ է քաղաքակիրթ մարդու կանոններին։ քաղաքում հյուրեր կան, ի՞նչ կմտածեն…»
սա հարցի մի կողմն էր։ և ոչ ամենացավալին։ պատմության մեջ ինձ ոչ այնքան բարկացրեց տղայի ձայնը, այլ աղջկա լռությունն ու հանդուրժողականությունը։ ես չգիտեմ՝ ինչ առիթ էր, ես չգիտեմ՝ ինչքանով էր սպառում աղջիկը ձենով օհանի նյարդերը, բայց ոչ մի կերպ չեմ հասկանա նրա հանդարտությունն ու խեղճությունը։ սեփական եսը հարգելը հանդգնություն համարող երկրում սա միգուցե արդարացված ու նորմալ է համարվում։ էդ շատ տխուրա։ սա իմ՝ ֆեմինիզմի դրսևորումը չի։ եթե աղջիկը գոռար տղայի վրա, ես էլի նույն կերպ կարձագանքեի։ գիտեմ, որ երկար-բարակ խոսում եմ հիմա, ասածս մի նախադասությամբ էլ կարող էի ամփոփել։ բայց տեսարանը չափազանց հիասթափեցնող էր։ 
էլ չեմ խոսում «սրանք ուր եկան, լցվեցին»-ի վրա, որտեղ «սրանք»-ը հավանաբար օտարերկրացիներն են։ միգուցե երիտասարդին դուր չի գալիս փաստը, որ իր բացօթյա ներկայացումներին ավելի շատ հանդիսատես կա, քան սպասում էր։ կամ ես ինչի՞ եմ «սրանք», էդ էլ չգիտեմ։ 
ես ուրախ եմ, որ հիմա դրսում գունավոր ու բազմազան անցորդներ կան։ ես ուրախ եմ, որ տարբեր լեզուներ եմ լսում քաղաքում քայլելիս։ մի տեսակ աշխուժություն կա։ երևի կարելի է երկրի հյուրերից միքիչ քաղաքակրթություն սովորել ու չնեղվել, երբ թարս են նայում, երբ գոռում ես ընկերուհուդ վրա։ 
հոգ տար քո մասին 

գնահատելու արվեստը

հեյ
էսօր  նայում էինք Ջոն Օլիվերի երեկոյան շոուն տոմսերի, դրանց գների ու վերավաճառքի մասին (իրականում շատ խնդալու ա, նայիր, եթե հավես ու ժամանակ ունես), որտեղ հնչեց միտք՝ «էն գնով, որ ես գնում եմ համերգի տոմսեր, երաժիշտները պետք է սերենադ նվագեն իմ պատշգամբի տակ»։ հըմ։ ինչքան էլ օրենքները կամ կանոնները ստիպեն, մարդիկ գտնում են օրինակ՝ երգերը անօրինական ձևով ներբեռնելու կամ լսելու ձևեր։ օրենքը չի, որ պետք է մարդուն սովորեցնի աշխատանքը գնահատել ու դրա համար վճարել։ երբ youtube-ով երգ ես լսում կամ հոլովակ նայում (հաճախ ոչ էլ նայում ենք հոլովակը), մոռանում ես մտածել՝ ինչքան աշխատանք կա էդ երեք րոպեի հետևում։ էլ չասեմ՝ երբ առանց մի քանի դրամ վճարելու սթրիմ ես անում նույնիսկ ֆիլմերը։ 
եթե երաժիշտը էդ ամենի արդյունքում չի վաստակում գումար, քանի որ ոչ մի երգ իրականում չի վաճառվում, մնում է միայն համերգների միջոցով գտնել էն գումարը, որով կկարողանա գոնե հաջորդ գործի վրա աշխատել։ պատկերը շատ շատ ավելի տխուրա Հայաստանում։ 
ցավոք շատ քչերն էն այսօր երգ գնում, վճարում իրենց լսած երգերի համար (ինքս էլ չեմ վճարում, եթե հաշվի չառնենք դիզերի բաժանորդագրությունը) ու մի բան էլ ավել՝ բողոքում են համերգների տոմսերի թանկությունից։ 
որակյալ երաժշտություն ու շոու պահանջողները պետք է հիշեն, որ էդ ամեն ինչը կախարդական փայտիկով չի առաջանում, կա աշխատանք, որն արժանի է գնահատանքի։ 
եթե քեզ համարում ես երաժշտության սիրահար ու չես ալարում, ինքնակենսագրականիդ մեջ հոբի բաժնում գրում ես՝ listening to music,  եղիր երաժշտության սիրահար մինչև վերջ։ վճարիր քո լսած երգի համար, նայած ֆիլմի համար, օգտագործած ծրագրերիդ համար, հարգիր էն մարդկանց աշխատանքը, որ քո օրը միքիչ ավելի գունավոր են դարձնում ու աշխարհն էլ՝ ավելի լավ տեղ ապրելու համար։ 
հոգ տար քո մասին

տեսակներ

հեյ

սևակը մարդկանց բաժանում էր ըստ նրանց աշխարհագրական դիրքի՝ մեկը աշխարհի շալակին, մեկը՝ աշխարհը շալակին։ էսօր աշխատանքի  ընթացքում ես նոր բաժանում եմ գտել, նոր տեսակավորում։ գոռացողներ ու նորմալներ։ 
չգիտեմ՝ նախախնամություն էր, թե այլ քիչ օգտագործվող բառ, բայց անմիջապես իրար հետևից ինձ երկու հաճախորդ դիմեցին՝ նույն խնդրով։ խնդիրն այն էր…դե պարզա, որ չեմ ասելու, կոնֆիդենցիալա, բայց հիմա։ միջին վիճակագրական մի բան։ 
առաջին դեպք։ հաճախորդը սովորական տոնով սկսում է խոսակցությունը։ էդ դեպքը ինձ էնքան ծանոթ էր, որ առաջին բառից էլ հասկացա՝ ինչնա ծուռ գնացել։ բայց տարիների փորձն ու գիտակցությունը, հայրենի հողն ու ջուրը, մեր պապերի իմաստությունը մեզ սովորեցրել են, որ թող մարդը խոսի։ ես չեմ ընդհատում, նա շարունակում է, ու ամեն բառի հետ ձայնը մի տոնայնություն բարձրացնում։ մի նախադասություն հետո առանց չափազանցնելու գոռում էր վրաս։ (ի միջի այլոց, ինչի՞ ենք ասում «վրան գոռալ») մի խոսքով։ ինչքան էլ զարմանաք, մի տեսակ հարմար չեմ զգում ինձ, երբ գոռում են։ հասկանում ե՞ք, ես մանկուց դեռ ունեցել եմ ցածր ու նորմալ ասածը հասկանալու տաղանդ, հիմա մի տեսակ նվաստացած եմ զգում, երբ հասուն մարդը ձայնը բարձրացնում է՝ իր կարծիքով ինձ ինչ-որ բան հասկացնելու համար։ ես, ինչքան էլ քաղաքավարի, նույնքան խիստ ասում եմ, որ գոռալու կարիք ամենևին չկա, ես նորմալ ասածն էլ շատ լավ հասկանում եմ ու հիմա շատ արագ խնդրին լուծում կտամ։ տոնը իջավ, ձայնը մեղմացավ, խնդիրը մի րոպեում լուծում ստացավ, լավ օր մաղթեցի, գնաց։ 
երկրորդ դեպք։ հաճախորդը խոսում ա սովորական տոնով։ նկարագրում խնդիրը, ես ներքուստ նյարդային եմ, բայց վերոնշյալ պապերի իմաստությունն ասումա՝ մեկի բարկությունը մյուսի վրա մի թափիր։ ես լուռ լսում եմ, սպասում եմ, որ հեսա էս մեկն էլ պիտի սկսի գոռգոռալ։ և ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ հաճախորդը կատակեց։ ու դե հա, գերմանական հումոր էր, էդքան էլ խնդալու չէր, բայց դե հիմա։ մինչև երջանկության արցունքներն էինք մաքրում, խնդիրը լուծում ստացավ, լավ օր մաղթեցինք իրար ու զանգն անջատվեց։ 
առանց չափազանցնելու նույն խնդիրն էր։ նույն տարիքի, նույն ազգության, նույն սեռի մարդիկ էին, ուշադիր եղել եմ։ ինչնա՞ խանգարում մարդուն լինել երկրորդի նման։ ինչնա խանգարում մեզ լինել երկրորդի նման։ 
էս աշխարհը եթե փրկեց, հումորնա փրկելու, քանի որ գեղեցկությունը վաղուց արդեն կեղծվելա ու մի տեսակ գեշացել։ թեթև ապրեք։ 
հոգ տար քո մասին

«մերսի» ասելու նուրբ արվեստը

հեյ

քայլելիս, գնումներ անելիս, աշխատանքային ժամերին մի տեսակ ցրվելու ու նաև այլ թեմաների մասին մտածելու համար հաճելիա ինչ-որ պոդկաստ լսելը։ արդեն մի անգամ գրել եմ՝ ինչ պոդկաստներ եմ առաջարկում, ինչեր եմ լսում։ հիմա ցանկը միքիչ փոխվելա, շատ են դուրս գալիս Lex Fridman-ի պոդկաստները, Jordan Peterson-ին եմ սիրում լսել ու էլի շատերին։ 
էսօր rearange-ի ժամանակ էնքան ճիշտ միտք հնչեց էն մասին, որ հայերը երբեք գոհ չեն։ հյուրը պատմում էր, որ ամանորյա տոներից առաջ ինչ-որ մեծ մեքենա են բերել, ու անցորդները կարող էին ուղղակի կոճակ սեղմել ու տարբեր նվերներ ստանալ մեքենայից։ ոչ մեկի դեմքի արտահայտությունը գոհացական չէր, մի տեսակ սովորական վերցնում էին նվերն ու հեռանում, ու աչքերի մեջ գրված էր «հա, իբր ինչ, ավելի լավ բան չէի՞ք կարող նվիրել»։ ես էդ հայացքը տեսնում եմ գրեթե ամեն օր։ մարդկանց տալիս ես ուշադրություն, իսկ իրենք դա ընդունում են որպես քո պարտականություն։ ու մի տեսակ չկա՝ «շնորհակալություն» բառը։ 
Մետաքսն էսօր պատմում է, որ Չեխիայի իր գործընկերներին սովորեցրել է հայերեն «շնորհակալություն» բառը։ ես ուզում եմ, որ Հայաստանում էլ շատերը սկսեն օգտագործել դա, մի տեսակ սովորական դառնա շնորհակալ լինելը։ երբ երեխա էինք, մեզ սովորեցնում էին կոնֆետը վերցնելուց հետո «շնորհակալություն» ասել։ տարիքի հետ մի տեսակ downgrade ենք լինում upgrade-ի փոխարեն, այո՞։ 
մի հատ գաղտնիք էլ ասեմ ու գնամ՝ ինչքան գնահատված զգա դիմացինդ, էնքան ավելի նվիրված կլինի։ դու ես ընտրում էդ մարդու վերաբերմունքը քո նկատմամբ։ 
հոգ տար քո մասին

ինչ-որ մի պահի

հեյ

էս վերջերս ամեն ինչ խառնա, ու ոչ մի բանի մասին երկար մտածել, վերլուծել, ուսումնասիրել չի ստացվում։ դրանից էլ չկան թեմաներ, որոնց մասին կարելիա խոսել։ սիրում եմ մի բանի մասին խոսելուց առաջ լավ ուսումնասիրել թեման ու դրան նայել մի քանի կողմից։ ուզում եմ օբյեկտիվ լինել։ չի ստացվում։ բոլորս սուբյեկտներ ենք ու չափազանց թույլ ու եսասեր օբյեկտիվ լինելու համար։ մենակ մի բանա մտքիս անընդհատ՝ աշխարհի ամենահեշտ բանը։ աշխարհը անտանելի տգեղացել ու բարդացելա։ ամեն օր ամեն տեղ ու ամեն պահ կորուստ կա, մոռացում կա, հեռանալ կա, վերջ կա։ ու երևի հենց էդա աշխարհի լռելյայն ռեժիմը՝ կորցնել։ դրա համար էլ ամենահեշտ բանը աշխարհում կորցնելնա՝ ընկերներին, վստահությունը, սեփական եսը, բանալիները, գուլպայի մյուս հատը, խաղաղությունը, սերը, ժամանակը….  ու սրա պատճառով էլ մեր ամբողջ կյանքը փնտրտուքա՝ նոր ընկերների, նոր վստահելի մարդկանց, նոր եսի, նոր տան, որովհետև նախորդի բանալիները չես գտնում, նոր սիրո, միքիչ ավել ժամանակի ու գոնե հրադադարի։ գուլպայի մասին խոսք չկա։ դրանք անդառնալի կորուստ են։ 
միակ ամենաբարդ խնդիրը էդ փնտրտուք/կյանքը միքիչ ավելի հետաքրքիր ու խաղային դարձնելնա։ դրանից էլ ենք վատ։ մանավանդ երբ խաղաղություն ենք փնտրում։ մանավանդ, երբ ոչ մի բան մեզանից չի կախված, մանավանդ, երբ թույլ ենք։ 
էնքան հեշտա կորցնելը ու էնքան բարդ վերագտնելը, որ ուղղակի խնդրում եմ ձեզ։ ուշադիր եղեք ու հոգ տարեք ձեր ընկերների, սիրո, խաղաղության ու հատկապես գուլպաների մասին։ անընդհատ վերադարձեք նրանց, աչքի տակ պահեք ու լվալուց հետո պարանին իրար մոտ կախեք…. ես անուղղելի եմ, գիտեմ։ 
հիմա կարդում ու ասում ես՝ ինչքան տխմար պիտի լինի մեկը, որ խաղաղության ու գուլպաների խնդիրը նույն մակարդակի վրա դնի։ գիտեմ, գիտեմ, գուլպաները մեր կյանքի հիմքն են, մեր վաղվա երաշխիքն են, մեր ստեղծագործելու, աշխատելու գրավականն են, բայց դե խաղաղությունն էլա կարևոր։ մեր կյանքը միքիչ ավելի գունավոր դարձնելու ու մեր ոտքերը հարմար ու տաք պահելու համար մեզ խաղաղությունա պետք։ 
ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալա, մի բան փչացելա, երևի ավտոն։ 
գիտեմ, էլի տարօրինակ բաներ եմ խոսում։ կներես։ բայց դե հիմա ովա նորմալ։ ամեն մեկս մեր տեսակի մեջ ենք ցնդել։ որովհետև աշխարհում էս պահին էնքան կորած գուլպաներ կան ու էնքան տխուր մարդիկ։ 
կներես։ էլ մի կարդա։ ես էլ չեմ գրի։ 
հոգ տար քո մասին

երբևէ չլսված հնչյունները

էն առավոտներից էր… յոթն անց քսանութ րոպեին սկսող առավոտներից։ մեդիտացիա մտքի համար, յոգա ու լոգանք մարմնի համար ու սուրճ հոգու համար։ էնին պատրաստ էր օրվան։ պատրաստ էր նստել իր կանաչ պատշգամբի փոքր սեղանի մոտ, թերթ կարդալ, վայելել աշնան արևի վերջին հյուրասիրությունը։ 
նոտաները աշնանային առավոտի պես խաղաղ տարածվում են օդում՝ առանց իրար խանգարելու, միմյանց հերթ զիջելով….միքիչ նույնիսկ ձանձրալի, միքիչ նույնիսկ  սովորական։ 

էնին թերթից ավելի փողոցին էր նայում. դիմացի մայթի փոքրիկ կրպակին, որտեղից ամեն օր թերթերն էր գնում, որտեղ ապրում էին աշխարհում ոչ մի այլ տեղ չհանդիպող աչքերը։ էնին սպասում էր արդեն ծանոթ ու սիրելի դարձած սև ֆեդորային, որ հանդուգն ծածկում էր այնքան փափուկ ու խենթ գանգուրները։ 
օդում քամի սկսեց։ խենթացան նոտաները, մեկը մեկից հեռվացան, ուժգնացան, երաժշտական փոշի բարձրացավ….

եկավ։ նա է։ չէ։ մի րոպե։ էնին վեր թռավ։ նույն ֆեդորայից է։ չէ։ չեմ հասկանում։ անցավ կրպակից։ ո՞վ էր։ նա չէր։ չէ։ էնին ձեռքը դրեց տեղից դուրս թռչող սրտին։ ընկավ աթոռին։ ատեց ինքն իրեն։ մինչև երբ պետք է լռի։ երբ պիտի գա օրը։ երբ պիտի գնա ու թերթ գնելուց բացի զրուցի էնքան սիրուն ու էնքան խորունկ աչքերի հետ։ երբ պիտի չվախենա։ չամաչի։ չխառնվի իրար։ վստահ նայի աչքերին ու ասի….
նոտաները շունչ քաշեցին։ հնչյունները դանդաղ իջան սեղանին, սուրճի բաժակին, երեկվա թերթերին, խաչբառի դեռ չլրացված վանդակներին։ ու նորից… ամեն անգամ առաջին անգամվա նման գժվեցին էլի, վեր թռան տարածվեցին օդում։ 

նա  է։ այ սա նա է։ հա, բացում է կրպակի դուռը։ նա է։ էնին նոտաներից էլ խենթացած վազվզում էր տնով մեկ։ փորձեց բոլոր զգեստները բոլոր գլխարկների ու պայուսակների հետ։ ոչ մի զգեստ հարմար չէր, ոչ մի կոշիկ հարմար չէր ու ոչ մի գլխարկ իրեն չէր սազում այդ օրը։ ցանկացած աղջիկ կհասկանա՝ ինչ էր զգում էնին։ երբ ուզում ես կատարյալ լինել։ երբ ուզում ես ամենագեղեցիկը լինել։
հիասթափված հնչյունները մի կերպ դուրս էին պրծնում պահարանից այս ու այն կողմ շպրտված զգեստների ու գլխարկների տակից, ցավում էին էնիի համար։ ու մարում էին արդեն նոտաները, երբ…

էնին պահարանի ամենավերևի դարակից հանեց ժապավենով կապված մի տուփ։ զգուշորեն բացեց ժապավենը, բացեց տուփը…ու աչքերը շողացին։ 
…ու շողացին նոտաները։ 

էնին վազում էր աստիճաններով։ նա ամենագեղեցիկն էր։ կատարյալ էր։ վստահ էր, որ նայելու է աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին, վստահ էր, որ ասելու էր…չգիտեր, թե ինչ։ երևի սուրճի կհրավիրեր, երևի ցույց կտար իր պատշգամբն ու կասեր, որ ամեն օր երեխայի նման սպասում է կրպակի բացվելուն, երևի կասեր, որ բոլոր խաչբառները կիսատ են մնում, քանի որ ինքը շատ հարցերի պատասխաններ չունի, երևի կծիծաղեին, երևի անունը կհարցներ ու կասեր՝ իսկ ես էնին եմ։ 
մայթով վազում էին նոտաները, իրար հրմշտելով, իրար խանգարելով, բոլորն էլ ուզում էին էնիից շուտ հասնել կրպակին…. 

մեղեդին լռեց։ դիրիժորը իջացրեց երկու ձեռքերն էլ։ ջութակը իջավ ուսից։ մատները սահեցին ու նստեցին ծնկներին։ 

էնին թերթեր առած վերադառնում էր տուն։ նոտաները ապշած նայում էին իրար։ իրենք էլ չհասկացան՝ ինչու լռեցին։ իրենք լռեցին, էնին լռեց, աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերը սառած նայում էին թերթերին ու վերադարձնում էնիի մանրադրամը։ էնին ինչու չնայեց աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին։ 
էնին բացեց թերթի վերջին էջը։ 
մատները վերադարձան ստեղներին, ջութակը կենդանացավ նորից։ դիրիժորը պարացրեց փայտիկը օդում։ ու էնին լսեց ամենասիրուն ու ամենասիրո մեղեդին։ 

«…երբ պետք է վերջապես ասեմ նրան, որ իր աչքերը աշխարհում էլ ոչ մի տեղ չեն հանդիպում, որ դեռ չգիտեմ անունը, բայց արդեն սիրում եմ իրեն։ դե միգուցե մտածի խենթ եմ, բայց ամեն առավոտ ուզում եմ ասել՝ ես Ջոնն եմ ու սիրում եմ քեզ….կասե՞ս անունդ…» 
այդ օրը փոքրիկ քաղաքի ամենանեղ փողոցի անցորդները տեսան վազող աղջնակի՝ կատարյալ զգեստով։ նրա հետևից վազում էին երբևէ չլսված հնչյունները։