հեյ
էսօր՝ հունիսի 21-ը, ամառային արևադարձի օրը նաև մեր գալակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթներից մեկի՝ յոգայի միջազգային օրն է։ էստեղ արդեն պատմել եմ, թե ինչ հանգամանքներում ու ինչի հետևանքով սկսեցի յոգայով զբաղվել և հիմա հպարտորեն եկել եմ նշելու, որ արդեն երկու տարի է՝ յոգան դարձել է գրեթե բոլոր խնդիրներիս լուծումը։
քո օրգանիզմը անընդհատ շնորհակալության կարիք ունի։ նույնիսկ, երբ դու ինքդ քեզ չես համարում անընդհատ ուշադրություն պահանջող էակ, գրաբար հայերենով՝ needy-ի մեկը չես, ես քեզ վստահեցնում եմ, որ օրգանիզմդ իսկապես էդպեսինն է ու ամեն կատարած գործի համար սպասում է պարգևատրման։ իսկ եթե չկա էդ պարգևատրումը, չկա շնորհակալությունը, մեղմ ասած ձեռ կքաշի քեզնից ու էլ չի հետևի հրամաններիդ ու խնդրանքներիդ։
էդ պարգևատրումները կարող են լինել համով ուտելիքի, առավոտյան զբոսանքի, կանոնավորված ու առողջ քնի ու, որ լավագույններից մեկն է՝ առնվազն քսան րոպե յոգայի տեսքով։
առողջ ապրելակերպի մասին ցանկացած նյութի մեջ մուգ մեծատառերով կարդում ենք սպորտի, ֆիզիակական ակտիվության մասին, նյարդերը հանգստացնելու, միտքը բաց պահելու մասին։ իսկ ի՞նչ կասես, եթե հիմա քեզ պատմեմ, որ յոգան էս բոլորը կտա քեզ ընդամենը քսան րոպեում։ միացնելով ամեն մկանիդ շարժումը շնչառությանդ հետ, կտրելով քեզ առօրյա բոլոր վատ մտքերից ու անելիքներից ու մարզելով մարմինդ՝ յոգան քեզ դարձնում է առողջ հոգի առողջ մարմնում մը։
յոգան սկսելու առաջին օրերին չէի հավատում, որ մի օր կկարողանամ կանգնել գլխի վրա, պահել հավասարակշռությունս ծառի դիրքով հինգ րոպե և ավել, ազատվել անտանելի միգրենից… ամեն օր միքիչ ավելի երկար մարզվելով ու ամեն օր ավելի շատ սիրելով յոգան՝ հասա էն արդյունքներին, որ մի ժամանակ անհասանելի էին թվում։ պարզապես պետք է ամեն առավոտ սիրով ու ժպիտով վերցնել յոգայի գորգն ու անջատել ուղեղը։
բարի յոգայի օր ու սեր քեզ
հոգ տար քո մասին