ես ժամերով գրեցի, գրեցի ու հետո հիշեցի Հովհաննես Գրիգորյանի էս բանաստեղծությունը, որ հազար անգամ ավելի լավ ա պատմում իմ մտքերը՝
«Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Ու երբեմն թվում է ինձ,
թե երկուսս էլ
փայտից ենք պատրաստված
կամ, ասենք,
աշնան չորացած տերևներից:
Այսպես նստել իրար դեմ
ու երկար նայել իրար:
Չունենալ ոչ մի հիշողություն,
կարծես հենց նոր ենք ծնվել:
Մեր կողքին մարդիկ կծիծաղեն,
մենք չենք լսի նրանց,
կասկածանքով կնայեն մեզ,
իսկ մենք` իսկապես փայտից,
մեր կողքին մարդիկ կտխրեն
հետո դանդաղ կծերանան…
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Հետո երկնքից մոխիր կթափվի:
Հետո կլինի քամի:
Եվ քանի որ մենք պատրաստված էինք
աշնան դեղին տերևներից
կցրվենք դես ու դեն
և էլ չենք լինի»։