հեյ
ունենալով այս բլոգը արդեն հինգ տարի և ավել, հաճախ նույնիսկ նրա մասին մոռանալով՝ ես չեմ սիրում տեխնոլոգիաները, երբեմն նույնիսկ ատում եմ ու համոզված եմ, որ դրանք չարիք են մեր դարաշրջանի հոմո սափիենսի համար։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ երեկոյան ընթրիքից հետո ես իմ համակարգիչն եմ բացում ու միացնում ականջակալներս, մաման, պապան, Մետաքսն ու Լեռը իրենց հեռախոսների ու լափթոփի առաջ են ու տան լռությունը միայն խախտվում է մեկ֊մեկ սրա֊նրա սթորիների ձայներից կամ ինչ֊որ քաղաքական հոլովակների ձայներից, որը հիմնականում միացնում ա պապան։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ Անդրանիկի խելացի ժամացույցը ամեն վայրկյան ծընգծընգում ա, ու խոսակցությունը մի պահ դադարում ա։ ես չեմ սիրում տեխնոլոգիաներն այն ժամանակ, երբ լսում եմ, որ հենց նոր դուրս եկած մի սերիալում նկարագրված խաղերին զոհ են գնում տասնյակ մարդիկ և կամ ինչ֊որ մի աղջիկ գնում է պլաստիկ վիրաբույժի մոտ, ցույց է տալիս իր նկարը ինստագրամի կամ սնափչաթի ինչ֊որ ֆիլտրով ու խնդրում, որ իրեն իրականում էլ այդպիսինը դարձնեն։
շատ վաղուց արդեն հրաժարվել եմ սոց ցանցերից; հաշիվներ, ցավոք, դեռ ունեմ, սակայն դրանք իմ ուշադրության կենտրոնում չեն օրվա ընթացքում; էսօր օրինակ, զարմանալի շատ բաց մնաց ֆեյսբուք հաշիվս, քանի որ աշխատանքի հայտարարություններ էինք տարածում։ ու թե ինչու են Հայաստանում աշխատանք փնտրում ֆեյսբուքում և ինչու մեր հայտարարութունը, որ օրինակ stuff.am-ում է, անտեսվում, իսկ իմ մի կարճ ստատուսը ուշադրություն գրավում, լրիվ ուրիշ օրվա խոսելու թեմա է։ էդ ընթացքում աչքովս մի քանի գրառումներ ընկան՝ բոլորը բացասական տրամադրությամբ, ու ես երազեցի այն օրվա մասին, որ էլ ստիպված չեմ լինի ունենալ էդ հաշիվը ֆեյսբուքում։ ես, իհարկե, կարող էի երազել այն օրվա մասին, որ միքիչ ավելի թեթև տանենք սոց կայքերը ու չդարձնենք դրանք մեր կյանքի կարևորագույն մաս, բայց ես էդքան լավատես չեմ։ էս դեպքում բավականին ռեալիստ եմ, եթե ինչ․․․
․․․նույն մոլորակում, նույն իրականության մեջ, միևնույն ժամանակ․․․
․․․․ես սիրում եմ տեխնոլոգիաները ու համացանցը էն ժամանակ, երբ ինձանից մի քլիք է պահանջվում, որպեսզի տեղեկանամ աշխարհի նորություններին, նայեմ հոլովակ, որտեղ այս օրերի ինձ համար լավագույն հասարակական գործիչը բացատրում է, թե ինչպես հոմո սափիենսը կարողացավ գոյատևել ի հակառակ մնացած բոլոր սափիենսների։ ես մի քանի վայրկյան անց տեղեկանում եմ, որ ամենասիրածս խումբը նոր ալբոմ է թողարկել, ես որոշում եմ կարդալ այն գիրքը, որ չեմ գտնում մեր քաղաքի գրախանութներում ու մի քանի րոպե անց այն իմ Kindle-ում է, ես ուզում եմ նայել մի քանի օր առաջ թողարկված ֆիլմ ու իմ տան գերարագ ինտերնետը ինձ նույնիսկ ժամանակ չի տալիս պոպքորն պատրաստել, ես կարոտում եմ Արմինին, որ Գերմանիայում է, ու տեսազանգի շնորհիվ մեղմացնում եմ կարոտս։ ես սիրում եմ տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի կարող եմ նոր մասնագիտություն, լեզու սովորել, կարող եմ յութուբի հոլովակների շնորհիվ սովորել յոգա, կարող եմ կարդալ այս կամ այն սնունդի օգտակար հատկությունների մասին, կարող եմ նախորդ դարի ֆիլմեր դիտել, կարող եմ տեղեկանալ եղանակի մասին ու իմանալ՝ ինձ պետք է անձրևանոց, թե՞ ոչ։ (սա արդեն մեծ սուտ էր՝ ոչ մի եղանակի դեպքում ես անձրևանոց չունեմ, ես պարզապես չեմ սիրում անձրևանոց)։
ես սիրում եմ համացանցը, երբ մի քանի վայրկյան արած նկարս ուղարկում եմ էն մարդկանց, ովքեր կցանկանային այդ պահին տեսնել՝ ինչ եմ անում ու որտեղ եմ, սիրում եմ համացանցը, քանի որ մի օր այն օգնել է ինձ գտնել այն, ինչ/ում ունեմ հիմա։
սիրում եմ համացանցն ու դրա հնարավորությունները, քանի որ մի քանի րոպե անց սեղմելու եմ՝ «հրապարակել» ու մի քանի հոգի իմանալու են իմ մտքերի մասին և կիսվելու են իրենց մտքերով։ ես կապված եմ աշխարհին։
համացանցն ու նոր տեխնոլոգիաները մեզ տալիս են հնարավորություններ, կրճատում են հեռավորությունն ու ժամանակը, բայց նաև հեռվացնում են մեզ։ էսօր երբ Գոհարին ասացի, որ պատրաստվում եմ էս մասին բլոգել, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն էս թեման ու բոլորի մոտա նույն խնդիրը։ ըհմ, գիտեմ, բայց ես մի տեսակ զգում եմ, որ ամեն րոպե հեռախոսը հասանելի ունենալը, դարձել է սովորական ու արդեն պարտադիր։ սա ուղղակի բարի հիշեցում է այն մասին, որ բալանսի բերեք ձեր օնլայն ու օֆլայն կյանքը, հաճախ անջատեք ձեր ինտերնետ կապը ու զրուցեք ձեր շրջապատի մարդկանց հետ։