հեյ,
դե էս տարի ոնց որ ավելի ձյունոտ ձմեռա Հայաստանի համար, կամ Երևանի, բայց դե ես էլ ոչ մի տեսակ ձյունից երևի չեմ զարմանա։
ես ծնվել ու տասնվեց տարի ապրել եմ մի գյուղում, որտեղ գրեթե մեկ մետր, հաճախ ավել բարձրությամբ ձյուն էր գալիս։ քանի որ գյուղում սեփական տներ են, պատուհանները ցածր, լինում էին ձմռան առավոտներ, երբ դուրսը գրեթե չէր երևում, որովհետև պատուհանը ձյունով էր պատված։
բախտս բերել էր, տան փոքրն էի, ոչ միայն տարիքով, այլ նաև չափսերով։ ես երբեք չեմ մասնակցել ձյուն մաքրելու աշխատանքներին։ բայց ծնողներս բահով ճանապարհ էին բացում առավոտյան՝ ձյունը աջ ու ձախ էին լցնում, խրամատ փորելու նման, որպեսզի կարողանային գնալ կենդանիներին կերակրելու ու որ մենք էլ կարողանայինք դասի գնալ։
եթե բախտներս բերում էր, գյուղի ճանապարհները մաքրող մեքենայի տերը՝ Նորիկ ձյաձան, առավոտյան շուտ մաքրում էր գյուղի գլխավոր ճանապարհները։ իսկ եթե չէ, ապա շատ խնդալու, բայց հիշում եմ, թե ոնց էինք կատվի նման ուրիշների ոտնահետքերով գնում դասի։ (եթե չեք նկատել, ասեմ, որ կատուն, երբ անցնում է ձյան վրայով, հաջորդ անգամ նույն ոտնահետքերով է գնում, շատ եմ նկատել)։
մի օր դուրս եկա դպրոցի բակից ու տեսա, որ մայրս իր գործընկերներից մեկի հետ վերդառանում է տուն։ դե դպրոցից տուն ոտքով էինք իհարկե գնում, տենց մի հինգ րոպեի ճանապարհա երևի, լավ, 10։ բայց փոքր ժամանակ մի կես ժամ պետք էր էդ ճանապարհը անցնելու համար։ դե ուրախացա, որ աչքիս մամայիս հետ եմ տուն գնալու։ բայց դե ձյունը էնքան շատ էր ու բարձր, որ չէի երևում, ու կանչում էի, ու մամաս չէր տեսնում ու լսում իօնձ։ էն վատ երազների նման։
հա, առաջին երեք դասարաններում ձյունը ինձանից էլ բոյով էր։
երբ Նորիկ ձյաձան բացում էր ճանապարհները, ձնե փոքրիկ սարեր էին առաջանում։ էդ մեր ամենասիրած մասն էր։ ինչ-որ բաներ էինք թաքցում էդ սարերի մեջ, թիմերի բաժանվում, թե ով ավելի շուտ կգտնի։
զարմանում եմ՝ ոնց չէինք մրսում։ հիմա մի վայրկյան չեմ կարող դրսում մնալ։ դե տաք էինք հագնվում, միայն աչքերներս էր երևում, բայց ինչքան էինք մնում դրսում, ինչքան էինք խաղում, մի քանի հատ ձնեմարդ պատրաստում, էդ սարերի վրա խաղում, թիթեռ նկարում։ տանիքներից կախված սառույցներն էլ ուտում էինք։
ձմեռը երբեք էլ չեմ սիրել։ ցուրտը տանել չեմ կարողանում։ բայց էդ քիթն ու թշերը կարմրած, ձեռքերը «հո»-ով տաքացնող երեխու համար ուրախանում եմ, որ տենց իսկական ձմեռներ ա տեսել։
հոգ տար քո մասին