ծննդյան չերազած մի օր կամ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միտք ունեմ ծնունդիդ համար` արի կավագործության գնանք Էջմիածնում,-ասումա Արմինը սեպտեմբերի 25-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա անիմաստ աղմուկ անելու, ուշադրության կենտրոնում, տենց մի տեսակ արհեստական նշելու: 
Ես ծննդյանս օրը երբեք էլ չեմ սիրել, որովհետև էդ օրը շատ եմ լսում ու կարդում` մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս ու կապույտ երկնքի մասին նամակներ: Իմ երազանքները (եթե իսկապես ունեմ) մի տեսակ վաղուց չեն իրականանում (չեմ բողոքում, զուտ փաստ եմ արձանագրում) ու հեչ դուրս չի գալիս, որ մենակ ծնունդներին ենք հիշում իրանց մասին: 
Էջմիածնի միտքը լավն էր, պիտի գնայինք կավագործության, ես էլ ուրախ էի: 
․․․
-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միքտք ունեմ` արի կամավորության գնանք Աբովյանում: Պահեստ կա ինչ-որ, որտեղ զինվորների սնունդն են փաթեթավորում,-ասումա նույն Արմինը արդեն ծննդյանս օրը` սեպտեմբերի 29-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա` մի օգուտ տալ, մի կերպ մի մաս կազմել էս պատերազմի ու էս հաղթանակի: Գնում ենք Աբովյան: 
Իմ մոտ տպավորությունա, որ ոչ թե մենք ենք գրում մեր պատմությունը, այլ պատմություննա գրում մեզ` հայերիս: Ու գրելով ասումա` դուք պետք է լինեք անտանելի իրար ատող ու խանգարող, չսիրեք իրար ու չօգնեք մինչև չգա (պաթոս alert) օրհասական մի պահ, որ որոշվումա` վաղը հայ ենք մնալու, մնալու ենք ընդհանրապես, թե չէ: Երեկ, մի քանի օր առաջ էդ նույն մարդիկ մի վեց-քսան պատճառ կգտնեին իրար ատելու ու չհասկանալու համար, կռվում էին` դնել դիմակ, թե էս կորոնան լրիվ սարքածա, ճիշտ էր, որ հեղափոխություն եղավ, թե նույն վիճակնա երկրում, էսօր էդ մարդիկ, էդ ջահելները առանց իրար անուն իմանալու տուփերի մեջ սնունդ, չոր սպիրտ ու սեր էին դասավորում` սահման ուղարկելու։
Տարածքում հեռախոսի կապը լավ չէր, ու էդ լարված պահին հանկարծ մեկը էլ չէր դիմանում` գնամ դուրս, տեսնեմ ինչ նորություն կա ու գալիս էր` մի վեց հատ ԱԹՍ ենք խփել, հեշթեգ հաղթելու ենք: 

Բարբարիս կոնֆետներ ու չոկոպայ ենք դնում տուփերի մեջ, աղջիկներից մեկը մեկումեջ շոկոլադներա գաղտնի ավելացնում` տղերքին էներգիայա պետք, էդ ձեր կոնֆետները հերիք չեն էդ ԱԹՍ-ների համար: 

Մի քանի օրից նամակ ենք ստանում սահմանից, որ ԱԹՍ խփելու գրազի համար սնիկերսներա պետք: 
Գանգուր մազերով մի աղջիկ էլ գալիսա` ով կօգնի նամակներ գրենք: Արմինն ասումա` դու գրելու հետ սեր ունես, գնա, ստեղծագործի: Արտակին խնդրում եմ, որ պոստիս նայի ու չթողնի, որ անձեռոցիկը պակասի տուփերից ու գնում եմ գրելու: Սպիտակ փոքր քառակուսի թղթերին մեծատառերով գրում եմ հեշթեգ հաղթելու ենք, գրում եմ, որ իրանց կողքին ենք, կարոտում ենք, գրկում ենք ամուր, գրում եմ` ինքը սպասումա քեզ. որովհետև համոզված եմ, որ ամեն մարդ ունի իր “ինքը”: 
Մի քանի օրից սոց կայքերում տեսնում ենք մեր գրածներն ու չենք հավատում, որ հասավ: 
Մեզ հույս ենք տալիս, թե էդ տուփերը սննդով, չոկոպայով ու սիրով լցնելով օգուտ ենք տալիս երկրին, օգնում ենք տղերքին, բայց երբ կենտրոնանում եմ, որ իսկապես, մի քանի թիզ հողի վրա, մի քանի կմ էն կողմ ամենաչերազած իրականություննա, պատերազմա, կռիվ, իսկական, Արծրունի ասած` հինգերորդ սերնդի պատերազմ, չեմ ուզում ուղղակի տուփերի մեջ թղթերի վրա գրել քեզ հետ եմ զինվոր, ուզում եմ իսկապես կանգնել էդ քաջերի կողքին, ու չէ, չեմ վախենում․․․