ինչ են խոսում քո մասին ծերուկները

   
   

  եկան ու նստեցին ծերուկները կիսամութ սենյակի կենտրոնում։ բոլորեցին փայտի սեղանի շուրջ հինգ ուղեղները։ բոլորը ալեհեր, բոլորը կնճիռներով ու բոլորը կյանքից։ մեկը ծովահենի նման փակել էր աչքը սև կտորով, հավանաբար գիշերն ավելի լավ տեսնելու համար։ ու հենց բարևից հետո կատակեցին աչքը սև կտորով փակելու մասին, կատակեցին թեթև, ծիծաղեցին ծանր, ու գնացին առաջ քննարկելու քեզ, քո կյանքն ու քո ճանապարհը։
   ու ինչ կխոսեն նրանք քո մասին։ ամեն օր տեսնում են ինչպես ես հոգնած ու ալարկոտ բացում աչքերդ։ հաստատ տեսնում են պատին գրված մտքերդ՝ ուզում եմ նորից քնել։ չեմ ուզում արթնանալ։ ուզում եմ նորից ծնվել։ պետք էր գուլպաները միանգամից լվանալ, ոչ թե թողնել սենյակում։ շանը պետք է դուրս տանել։ առանց այդ էլ երկար եմ քնել։ մեղք է բոբին։ բոբին քո շունն է։ շանդ անունը բոբի է։ իսկ դու էսքան ժամանակ չես նկատել, որ անունը նրան դուր չի գալիս։ միայն մի դեպքում է մոտդ գալիս, երբ կանչում ես՝ բոբի ջան, բոբչկա։ այսինքն շունդ սիրում է, երբ սիրում ես իրեն։ բայց չի սիրում, թե ինչ անուն ես ընտրել իր համար։ ինքը ավելի շատ կուզեր երևի լեսի կոչվեր։ կանչում ես լեսի։ մի տեսակ զարմացած նայում է վրադ։ ծերուկներից մեկը արագ գրառում է այդ հայացքը՝ շունը ուրախացավ լեսի կոչվելուց։ դու վեր ես կենում ու գուլպաներդ տանում ես լվացքի մեքենայի մեջ գցելու։ լեսին պոչը ուրախ շարժելով մոտենում է մուտքի դռանը։ եկա։ ասում ես դու ու խալաթդ գցում ես հագդ։ մենակ թե հարևաններից ոչ մեկը չնկատի, որ ես շանս հետևից չեմ մաքրում։ մտածում ես դու, որովհետև մոռացել ես հետդ պոլիէթիլեն վերցնել։ հահ։ գրառում է ծերուկներից մյուսը։ ճակատին կնճիռներ կան, որտեղ դարերով գրվածքներ կարող ես կարդալ։ մտքեր կարող ես լսել։ իսկ ծանր ժպիտի տակ մի քանի էջանոց նախադասություններ են, նրանցից որ չեն ավարտվում։ դու բերում ես շանը տուն։ նրա ու կատվի համար կեր ես լցնում ամաններում ու գնում ես քո խոհանոց, քո նախաճաշի հետևից։ լեսին չմփչմփացնելով է ուտում իսկ սարիին դա դուր չի գալիս։ մի տեսակ նեղացած նայում է քեզ՝ ինչի ես մեր կերամաններն իրար այսքան մոտ դրել։ դու չես հասկանում։ ծերուկը գրառում է անում նոթատետրում ու քեզ հիշեցնում է, որ գազօջախին սուրճ կա։ չես հասցնում անջատել, բարձրանում է։ բայց վերջին պահին փչելով իջեցնում ես սուրճն ու էսօր էլ հարկ չկա գազօջախը լվանալու։ մոտենում ես պատուհանին ու մտածում, որ կյանքն ի վերջո էդքան էլ վատը չէ։ մանավանդ երբ հասցրել ես սուրճը անջատել։ ծերուկը խնդմնդում է քթի տակ ու գրառման կողքին վերջակետ ու փակագիծ է նկարում՝ հետո հիշեցնելու համար, որ էդ պահին ժպտացել ես։ 
մյուսը քեզանից դժգոհ է, որովհետև գիշերները ուշ ժամին շատ գարեջուր ես խմել ու ստիպված ես եղել մի քանի անգամ ստամոքսի  ցավից արթնանալ։ գլխացավերդ էլ էնքան հաճախակի են դարձել, որ խեղճը ամեն անգամ պետք է քեզ բզի, որ հիշես ջուր խմել։ ինչքան համոզեց, չգնեցիր էդ դեղին կպչուն թղթերից, որ սառնարանի վրա փակցնես ու հիշեցնեն քեզ ջուր խմել։ ծաղիկներդ էլ նույն կերպ ծարավ են մնացել։ ծերուկը դժգոհ է էս երեկո։ մյուսն ամեն ինչ արեց, ամեն կերպ քեզ համոզեց, որ վերջապես գրախանութից գնես էդ գիրքն ու վերջապես օրը մի երկու էջ կարդաս։ ամեն օր գրում ես ու ամեն օր մոռանում։ ծնողներիդ զանգում ես ամիսը մեկ անգամ։ իսկ ընկերներիդ տեսել ես նախանցած շաբաթ։ չես սնվում նորմալ։ ծերուկները հենց դրա համար էլ հավաքվել են։ թափթփված ես դարձել։ քեզ հետ բերել է պետք։ քեզ գտնել է պետք․․․
մի խոսքով, էսքանն էր պատմությունը, մնացածը գրում ես դու։ դու ես որոշում, թե ինչի մասին են խոսելու քո մասին քո ծերուկները։ իրանք հետևում են քեզ, հուշում են քեզ, մեկ-մեկ մոռանում են, մեկ-մեկ էլ ջղայնանում։ ու հաճախ կան բաներ, որ դու չես էլ նկատում՝ ասենք, որ իսկապես սիրահարված ես, կամ խոհանոցի լույսը վառ ես թողել քնելուց առաջ։ ծերուկները նկատում են, գրում են, քննարկում են։ ու իրանց շնորհիվ դու հաջորդ անգամ քնելուց առաջ մի անգամ էլ ես նայում խոհանոցի լույսին, կամ էդ աղջկան տեսնելուց մտածում ես՝ հա՞, միգուցե սիրահարվել եմ։ մյուս անգամ գարեջուր խմելուց միքիչ ավելի ուշադիր կլինես չափի մեջ, որովհետև ծերուկները մի քանի օր առաջ զրուցում էին էդ մասին։ 
իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ իրոք էդպեսա։ իսկ ի՞նչ՝ եթե ես չեմ գժվել ու էսքանը անիմաստ չեմ ասում։ պատկերացնում ե՞ս՝ սա լինի իրականը։ 
դե ամեն ինչ արա, որ չջղայնացնես ծերուկներիդ։