Ութին

-Ութի, ի՞նչ ունես․․․
-Երեք կատու ու դաունի համախտանիշ․․․սինդրոմ էլի․․․
ու ծիծաղում էին, Ութին էլ էր ծիծաղում, ես էլ, ու շարունակում էինք խաղալը։ սեղանի թենիս էինք խաղում։ Էդ խաղը կյանքին չնմանեցնելու ոչ մի պատճառ կամ արդարացում չունես, գնդակը մեկ քո դաշտում է, մեկ՝ ուրիշի, բախտդ մեկ բերում է, մեկ՝ ուրիշինն է գնդակը, բայց մենք, որ էդքան սպասում ենք բախտին, էդքան փնտրում ենք, գնում ենք երկրից երկիր ու քաղաքից քաղաք, գտնելուն պես մի հարվածով ուղարկում ենք ուրիշին, չենք պահում, չենք բռնում ու չենք հագենում, մենք սպասում ենք մի ուրիշ բախտի, որը մեզ երևի միավորներ կբերի։ Իսկ եթե էդ հարվածն էլ չենք հասցնում, մի տեղից էլի դուրս է պրծնում էդ բախտ-գնդակը ու մի նոր փնտրտուք ենք սկսում․․․ 
Ութիի հետ ծանոթացա հաշմանդամների թենիսի ակումբում, երբ էս նույն մտքերով էլի խաղում էի ու ամեն խոսքից զարմանում։ Էս մարդիկ, որ կյանքին ու բախտին արդեն հաղթել են նրանով, որ տարբերվում են սովորականներից, հավաքվում են ամեն հինգշաբթի, խաղում են մեկ-երկու ժամ, ընդմիջմանը ամենքը երկու բաժակ գազով ջուր են խմում ու գլուխ գովում, որ Մարկուսին (ամենաուժեղ խաղացողն էր Մարկուսը) մի քանի անգամ ստիպել են գնդակի հետևից վազել։ Ամենքը մի կյանք, մի կենսագրություն, բնավորություն, բողոք, բայց որ ամենաշատն էր զարմացնում՝ ամենքը մի հույս՝ մի տեսակ թքած ունենալով, թե դու ինչքան երկար ես նայելու իրենց, թե ինչ կմտածես մի քիչ դուրս պրծած աչքերի ու միքիչ կակազող խոսքի մասին։
Ութին ամեն անգամ մի տրամադրություն ուներ՝ ջղայն էր, նեղացած էր, կարոտած էր, բարի էր։ Ութին միշտ հաղթել էր ուզում, երևի նրա համար, որ կյանքին էլ էր հաղթել ուզում։ Երևի նրա համար, որ բնությունը ձանձրացել էր բոլորին նույնը ստեղծելուց ու մի օր էլ ծնվել էր Ութին՝ քրոմոսոմների թվի տարբերությունով։ Ու դրանից հետո Ութիի աչքերի առաջ կախվել էր վահանակ՝ դու ուրիշ ես գրվածքով։ Ութին չամուսնացավ։ Ութին չուներ երեխաներ։ Ութին չուներ ընտանիք։ Դե մեր՝ սովորական ու ռոբոտացված մահկանացուներիս համար կատուն ընտանիք չի։ Կատուն ընտանի կենդանիա։ Ութին սովորական չէր։ Ութին ամեն ուրբաթ ավելի լայն էր ժպտում։ Շաբաթ-կիրակին տուն էր գնալու։ Կատուներին էր տեսնելու։ Կատուների հետ էր խաղալու։ Ութին ապրում էր կատուների համար ու հետ՝ շաբաթ-կիրակի օրերին։
-Կխաղա՞ս իմ հետ էսօր։
Ես Ութիին երբեք չէ չէի ասում։ Ամանները լվալուց հետո ոնց եք լվանում սպունգը, որ օճառը մաքրվի միջից, էդ նույն կերպ կծկվում էր հոգիս ամեն անգամ, երբ ինքը հինգ տարեկանի պես ուրախանում էր, երբ ոտքի էի կանգնում ու ժպտալով ասում՝ հաճույքով, Ութի։
Շատ լավ չեմ խաղում, գլուխ չեմ գովի, բայց Ութիի հետ հատուկ ավելի թույլ էի խաղում, ավելի շատ մտքերիս հետ էի խաղում, քան Ութիի, ու ավելի շատ էի վազում գնդակի հետևից ու ավելի շատ էր ծիծաղում Ութին ու ավելի շատ էի գլուխս քորում, թե՝ ախր շատ ուժեղ ես Ութի, ես քո պես չեմ կարող։
-Դեռ պետք է պարապես․․․Ութին ձեռքի մեջ մի քանի անգամ պտտում էր ռակետկան հետո հարվածում էր ձախ ձեռքի ափին՝ դե, շուտ արա, ժամանակ չունենք․․․
Կամավորական ծրագիրս մի տարով էր, իսկ մի տարին քիչ հինգշաբթիներ չունի։ Էնքան, որ վերջին օրը դժվար էր լինելու թուքը կուլ տալ ու  ասել Մարկուսին, բոլորին ու Ութիին, որ․․․
-Էսօր վերջին անգամ ենք հանդիպում երևի, Ութի։ 
Ձայնս միքիչ դողաց ու աչքերս էլ չգիտեմ, երևի օդի չորությունից, խոնավացան։ Ու ես զուտ դեմքիս մկաններին կառավարելու համար ժպտացի։ Տարօրինակ էր։
-Գնում ե՞ս, քո տու՞ն, էլ չես գալու՞։
Էս նույն հարցերը տվել էին Հայաստանի հարավային քաղաքներից մեկի գիշերօթիկի երեխեքը, մի քանի տարի առաջ։ Էս նույն հարցը տալիս էր երեսունին էլ, քառասունին էլ վաղուց ձեռքով արած մի կին, բայց նայում էր երեխու նման, խոսում էր երեխու նման ու գլուխը թեք էր երեխու նման ու աչքերն էլ փայլում էին, ոնց երեխեքի աչքերն են փայլում, երբ գնալուց սպասում են, որ մի բան քեզնից թողնելու ես գոնե, կամ վերջին պահին որոշելու ես մնալ։
-Գնում եմ, Ութի, մի տարով էի ձեր քաղաքում, մի տարին անցավ արդեն,-արդարանում եմ առանց մեղավոր լինելու, նրա համար, որ ինքը իրեն հանկարծ մեղավոր չզգա, որովհետև պատմության մեջ միշտ գնացողն ա մեղավոր․․․
Կողք կողքի էինք նստած, բայց Ութին էլ չէր նայում վրաս։ Նայում էր դիմացի պատին, ուշ-ուշ էր թարթում, հետո շնչառությունը արագացավ, կտրուկ նայեց վրաս, անսովոր ու հանկարծ, հենց նոր եկած ժպիտով հիշելու նման ասաց՝
-Բա եթե գնում ես, ուրեմն էս վերջին առիթն ա քեզ հաղթելու, կխաղա՞ս իմ հետ։
Միանգամից չհասկացա Ութիին, մի տեսակ շփոթվածի նման, մի տեսակ անունս մոռացած արդեն ոտքի կանգնեցի ու վարակված ժպիտով՝
-Հաճույքով, Ութի․․․