-ինչի՞ ես պոկել պայուսակս։
էս չտրված հարցի վրայով քայլել են տարիներ ու էդ տարիները ինձ բերել նստեցրել են էս աթոռին։ էդ օրվա աթոռներից շատ հեռու, էդ օրվա սովորածից շատ ավելի բարդ դասեր սովորեցնող աթոռին։ եթե միքիչ երկար քննարկվեր բուլինգի թեման (հայերեն-ը չգիտեմ, եթե գիտեք՝ direct, please), երևի կբարձրանայի աթոռի վրա ու կգոռայի՝ ինչի՞ ես պոկել պայուսակս։ փոխարենը հագնում եմ վերարկուս ու վերցնում եմ ժամանակի կոշիկները։ քայլում եմ բոլոր նստարանների վրայով, բարձրանում եմ տարիներն ու իջնում ժամանակի ճանապարհը։ մի շենքի վրա կարդում եմ դպրոցական տարիներ ու ներս եմ մտնում։
-ինչի՞ ես տխուր։
-Պայուսակս պոկվել է։
-Չի պոկվել, Լիլիթ, պոկել են։ Վեր կաց տեղիցդ ու հարցրու՝ ինչի՞ են պոկել։ Գոռա։ Խփիր։ Պահանջիր, թող բացատրեն՝ ինչի՞ են պոկել պայուսակդ։ Էդ պայուսակը քո համար են գնել։ Քոնն է։ Ինչո՞վ ես վաղը դասի գալու։ Մյուսը չես ուզում։ Սա ես ուզում։ Չլսեմ էլ՝ ես ախր իր նման չեմ։
Թեման փոխվեց։ Հիմա քերականություն ենք սովորում ու ես կոշիկներս ձեռքս բռնած հետ եմ գալիս։ Մինչև քերկանությանը վերադառնալը մի պահ հետ եմ նայում։ Լիլիթը ինքնավստահ ու հպարտ կանգնած ժպտում է։
Ու մինչև էս տառերն եմ շարում բոլգի պատերին, օդում Մեսչյան կա։ Ու Մեսչյանն ասում է, որ ժամանակն է սպիտակ թևերը կարելու, բերդի պարսպին մոտենալու ու ցատկելու ու ԹՔԱԾ թե ասում են՝ կջարդվես։
Մի դաստիարակեք ձեր երեխաներին։ Էս օրացույցներին գրված թվերը նշանակում են, որ հիմա միքիչ ավելի շատ դաստիարակված չլինելու ժամանակն է։ Հիմա դաստիարակված լինելը խեղճություն է։ Սովորեցրեք ձեր երեխաներին հարգել, բայց իրենց։ Սիրել, բայց իրենց։ Գնահատել, բայց իրենց։ Թող լինեն եսամոլ միքիչ էլ։ Թող լինեն եսասեր միքիչ էլ։ Թող լինեն ինքնակենտրոն։ Ինքնահաստատված։ Ինքնասիրահարված։
Ու գիտե՞ք՝ ինչի են էս բառերը հիմա բացասական ընկալում գտնում ձեր ինքնագիտակցությունում։ Ձեր պայուսակը երևի չեն պոկել։