մեզ հարկավոր է մեր ձգտումներում լինել զուսպ ու երազանքների մեջ միքիչ իրական, եթե որոշել ենք երջանիկ լինել: հա, որոշել ենք, որովհետև ցանկանալը շատ վաղուց արդեն ժամանակակից չի, մենք էլ փորձում ենք մոդայիկ երևալ էս վազող աշխարհում: փորձն ու փորձանքը ցույց տվեցին, որ սողացողներին տրորում-անցնում են: ու ինչքան էլ մեզ հաճելի էր հողի հետ դանդաղ հպվելով սողալը, մենք նոր մարզակոշիկներով ելնում ենք վազքուղի ու ձգտում գոնե առաջինը տեղ հասնել… ու մրցույթ դարձած կյանքով առաջ գնալու ճանապարհին մի միտք է փետուրի նման շոյում մեր ականջը.
-երջանիկ լինելու համար պետք է ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ:
ուփս…բա վազելը, բա մրցույթը, բա ես չպիտի՞ առաջինը տեղ հասնեի, որ երջանկությունից շողայի… ու նորից փետուրը՝
-չէ ազիզ ջան, ուղղակի տեղավորվիր ինքդ քո մեջ, քո աշխարհի սահմաններում, ոնց ես ականջակալներով դուրս գալիս տնից ու չես թողնում, որ երթուղայինի մեջ եղած աղմուկը խանգարի մտքերդ, ոնց ես քայլում քաղաքով առանց լսելու իրար խառնված ազդանշնաններն ու հայհոյանքները, նույն կերպ պետք է թույլ չտաս արտաքին անհարմարություններին, որ ներս գան ու խառնեն ներսիդ կատարելությունը:
դե հա, փետուրը շատ մեծ կարծիք ունի սեփական եսիս մասին, կատարելությու՜ն…
փետուրին երևի ջղայնացրի: եթե մինչև էս շշնջում էր, հիմա սկսեց գոռալ… հիմա բոլորը ուշադիր հետևում են՝ ոնց եմ վազքուղու մեջտեղում կանգնած վիճում փետուրի հետ, որ ամեն կերպ ուզում է համոզել, որ ես ու իմ ներքին աշխարհը ներդաշնակ ենք այնքան, որ իսկապես կատարելություն ենք… որ իսկապես կարող ենք վայելել իրար ներկայություն, քայլել իրար հետ, սուրճ խմել, ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, ստատուսներ գրել էդ ամեն ինչի մասին ու նկարել մեր տեսած նոր քաղաքի նոր շենքերը…
փետուրը համոզեց… թողնում եմ վազքուղին…հանում եմ մարզակոշիկներս, չեմ էլ ափսոսում ծախսածս գումարը… որոշում եմ ականջակալներովս գունավորել ներքին աշխարհս ու պայքարել մենակ մի հարցում՝ չեմ թողնելու խանգարեք ներդաշնակ կատարելությունը կամ կատարյալ ներդաշնակությունը, որ ստեղծվում է, երբ մենակ եմ….