֊ու՞ր ես։
֊դաշտերի մեջտեղում նստած։ կարողա հենց մեջտեղում չեմ ու, եթե տիեզերքից նայեն մեր մոլորակին, ես ինչ-որ ծայրամասից կերևամ կամ էլ չեմ երևա, բայց ես հավատում եմ, որ հենց մեջտեղում եմ, կենտրոնում, գծած ու ներդաշնակ էն ամեն ինչին, որ ասել ենք բնություն։ Էս վերջին նշածս բառը…
֊բնությունը՞
֊հա, հենց էդ, դարձրել ենք ամենօրյա, առօրյա, հասարակ, սովորական, ոնց որ ասենք՝ պատառաքաղ… բայց թե ինչքան խորք ու ինչքան ներս ունի, մոռացել, թողել ենք բառարաններում։ հիմա դաշտերի ու սարերի մեջտեղում նստած եմ ու բառարան գտնելու հնարավորություն չկա, որ հատ-հատ վերլուծեմ ու պատմեմ՝ ինչ կա բառի ներսում, բայց մենակ քեզ կասեմ՝ ինչ եմ զգում…
բնություն՝ խոտ, ծառ, զատիկ, քար, ծաղիկ, ավազ, մեղու, ջուր… աչքի տեսած…էն որ հիանում ենք, շնչում, աչքերը փակ նայում հավերժին ու զգում՝ քամին ոնցա մինչև ներաշխարհ հոսելով մտնում ու թափ տալիս՝ ինչ ես կորցրել քեզ…
բնություն՝ էություն, գոյություն, կա… ասում են՝ բնությունից էդպիսին է… բնությունն է էդպիսին, էությունը… էն, որ չես փոխի, չես խաթարի, չես կորցնի, փորձես էլ՝ գտնելու են… էություն, լինելիք, ապրում… ու չփորձես նույնիսկ պայքարել, հակառակվել, դեմ գնալ բնությանը, որովհետև կզգաս, թե ինչքան անզոր ես ու թույլ… ինչքան կորած ես՝ քո էությամբ…
ու էս ամենից հետո՝ անտառում, ծառի տակ նետված շիշ, խոտերի մեջ թողած թուղթ կամ տուփ… չգիտեմ՝ ո՞ր մակերեսից են նրանք, որ չեն էլ ցավում բնությանը ծանրացնելուց…
ասեմ՝ մի փորձեք հակառակվել, միևնույն է՝ բնությունը էս ամբողջ պայքարի միակ հաղթողը կլինի, ու դուք ու մենք կզգանք՝ ինչքան տկար ենք, ինչքան փոքր ու անէ։