ինչղ ես ծո՞

հեյ

մի անգամ արդեն խոսել եմ կյանքի կարևոր կոճակի մասին՝ վերագործարկում։ էս շիրակին էդ կոճակին անցնելու օրերից էր։ Շիրակի, Շիրակ, Գյումրի։ 
հիմա քո հետ խոսում եմ իմ համար երևի աշխարհի ամենահավես անկյուններից մեկից։ Արեգակ սրճարան, Գյումրի։ ինձ ի՞նչ ա պետք, երբ ես սրճարան եմ գնում՝ բուսական կաթով համով կօֆէ, ինչ-որ բուսական քաղցր բան, ժպտացող աշխատողներ։ ես էստեղ գտա էս բոլորի լավագույն տարբերակները՝ սոյայի կաթով լատտե, չիայի սերմերով պուդինգ, աշխարհի ամենաբարի աշխատողները, որ հետդ հումոր են անում՝ մենք ձեզ առավոտյան էինք սպասում, ինչի՞ ուշացաք։ եթե Արեգակը ներառական սրճարան չլիներ, ես էլի կսիրեի իրենց ու երկու օրվա մեջ էլի երեք անգամ կգայի էստեղ։ բայց հիմա սիրում եմ ու գնահատում շատ ավելի շատ։ շատ տխուր իրականություն կա Հայաստանում։ լսել եմ, որ նույնիսկ հաշմանադամ երեխաների ծնողները ամաչում են երեխաներին տնից դուրս հանել ու հասարակության անդամ դարձնել։ ու էդ ամենի ֆոնին Գյումրիում ներառական սրճարան տեսնելը ինձ շատա ուրախացնում։ մեկ տարի աշխատել եմ դաունի համախտանիշ ունեցող երեխայի հետ ու գիտեմ՝ ինչքան են իրենք տարբերվում մեզանից ու ինչքան բան ունենք մենք իրենցից սովորելու։ ինչքան այլ են նայում աշխարհին, գնահատում ամեն դրականը ու գոհ լինում նույնիսկ քո մի բարի արարքից կամ լավ խոսքից։ էնքան եմ ուզում, որ էս սրճարանը միակը չլինի Հայաստանում ու շատ ավելի շատ գործատուներ մտածեն հաշմանդամ մարդկանց ներառելու ու հասարակության լիիրավ անդամ դարձնելու մասին։ 
Գյումրիում գտանք փոքրիկ իշխանի աստերոիդը՝ B612 Art Gallery-ն։ ոնց որ Արթուրը ասաց՝ եկեք մեր նկուղ, Հայաստանում արվեստը նկուղային հարկից չի բարձրանում։ իսկ ինձ թվումա՝ լավագույն բաները աշխարհում նկուղներում են՝ փաբեր, արվեստանոցներ, հին գրքեր, կահույք։ շատ քիչ ժամանակ ունեինք ավելի երկար մնալու ու խոսելու Արթուրի հետ։ եթե չընդհատեիր, շարունակ կխոսեր ամեն մի աշխատանքի, ամեն մի փոքր դետալի մասին, երևակելու նոր տեխնիկայի, իրենց բոհեմական կյանքի, արվեստանոցը փակել-բացելու ժամերի անկանոնության, միջազգային հարթակներում տարած հաղթանակների, ազատություն ոչ թե խնդրելու այլ պահանջելու ու վաստակելու մասին։ իսկ մենք չէինք ընդհատում։ եթե լինեմ պարզ ու հակիրճ՝ սիրուն գործեր ունեն, անպայման այցելեք B612-ի բնակիչներին։ 
Գտանք ժամանակի մեքենա, որը մեզ տեղափոխեց հեռավոր ԽՍՀՄ։ գնացեք Գյումրիի կենտրոնական այգի ու կտեսնեք, թե ինչ կարուսելներ են նստել ձեր ծնողները իրենց կարուսելասեր տարիքում, էնտեղ նույնիսկ կար ծիծաղի սենյակ՝ դե սպասիր մուլտֆիլմից հայտնի։ ու դե հա, ԹՈՒՄՈ-ն հենց էդ այգում է։ ասում եմ ձեզ՝ Գյումրին ամենահնի ու ամենաժամանակակիցի մեծ խառնուրդա ու դեռ պայքարի մեջ՝ ծախսել էներգիան ու միջոցները հինը պահելու, թե՞ նորը ստեղծելու մեջ։ դե հիմա, աղքատ երկիր ենք, երկուսն էլ անելը մի տեսակ շատ կլինի։ 
ու էդ նորը ստեղծելու պահին շատ բացթողումներ կան դեռ։ օրինակ՝ չկարողացանք գնել գնացքի տոմսն առցանց ու, երբ հասանք Երևանի Սասունցի Դավիթ կայարան, պարզվեց՝ չկա տոմս։ կայքում 0 տեղեկատվություն։ վաճառողուհին նշեց, որ Երևան-Գյումրի գնացքի տոմս գնելու համար առնվազն մեկ շաբաթ շուտ է պետք գնալ կայարան։ բայց 21-րդ դարում ոչ մեկը մեկ շաբաթ շուտ չի գնա կայարան տոմս գնելու։ եթե կա պահանջարկ, ուրեմն կարելի է լավացնել կայքի վիճակը։ ինձ թվումա՝ բարդ չի, հը՞մ։ 
պատմությունս ուրախ եզրափակելու համար նշեմ, որ հյուրանոցում, երբ իմացան, որ իրենց առավոտյան նախաճաշից ոչինչ չեմ ուտելու, ինձ համար հատուկ բուսական նախաճաշ պատրաստեցին ու էդ էն ամեննա ինչ ես ուզում եմ աշխարհից՝ մի կռվեք, ինձ բուսական ուտելիք տվեք։ մերսի շատ։ 
ամենի մասին գրելը մի տեսակ երկար կլիներ, չեմ ուզում ձանձրացնել քեզ, բայց եթե հետաքրքրեց էս փորձը, Անդրանիկը օրվա մեջ, եթե անընդհատ չխանգարեմ, կգրի իր տպավորությունների մասին, կարող ես կարդալ այստեղից։ 
հոգ տար քո մասին