Ուշոտ

#SyuneciBlog

Բռնակներից կախված ձեռքեր ու ոչինչ։ Չէ, կներեք, մոռացա` ուսեր` հրող, արհամարհող, նեղացնող, աջ ու ձախ իրար խփող ուսեր։ Ուսերի վրայից էլ (դե էդքան ասացի, սա էլ ասեմ) իրար թարս֊թարս նայող, կծող, ատող աչքեր։ Ծանո՞թ է։ Դե իհարկե. ո՞ր մեկս երեկոյան պահածոյի նման ճզմված ու քիփ֊քիփ լցված ավտոբուսով տուն չենք գնացել։ 

Մեկը կա` ոտքի վրա քնել է արդեն, մեկն էլ` ամեն մտնողին տեղ զիջեց։ Հենց նստում էր, մի պոտենցիալ հարգվող մարդ էր բարձրանում ավտոբուս ու էն հայտնի կատվի նման աչքերով էնպես նայում էս քաղաքավարի անձին, որ վերջինս իրեն էնքան մեղավոր էր զգում, որ աշխարհը գնում է, ինքը նստած է հետևում, էս կատուն՝ կանգնած։ 


Մեկը կա` ինչքան հարց ու խնդիր, ինչքան բանակցություն ու կռիվ ուներ, էդ քառասուն րոպեի ընթացքում հասցրեց։ 


Կախիչներից բռնված ձեռքերից մեկը ուսերի միջից գոռում է` 

 Մորքուր ջան ստանում եմ, չստանաս: Քուր ջան մի րոպե անցնեմ…. Հոպար ջան, ստե մի տե պաի իջնենք։ Մտքովդ անցնում է՝ այ տղա, էս ավտոբուսի մեջ բոլորը քո բարեկամներն ե՞ն…բայց լռում ես. դե ի՞նչ կա խալխի տղայի ասածներին մեկնաբանություններ ես անում: 


Տխրեցինք. հոպարը տրամադրություն չուներ ու մի տեսակ մերժեց եղբորորդուն. 


Հոպարը թե` կանգառում կկանգնեմ կիջնեք, ստե կանգառ չկա։ 


Կախիչից բռնված ձեռքը նեղացավ։ Կանգառ հասանք թե չէ, էդ կոպեկը շպրտեց վարորդի ձեռքի մեջ, որ քենն ու վրեժը հետը գերեզման չտաներ ու քթի տակ մրթմրթալով (ջահել էր է` դե վարորդի համար ախպոր տղա էլի) իջավ։


Փսփսոցներ ու շշուկներ սկսեցին տարածվել նստարանների արանքում, բռնակների միջով, ուսերից բարձր, որ եթե էդ նույն տեղից ինչ-որ մեկը կանգնեցներ, որ  նստեր ավտոբուս, վարորդը հաստատ կկանգներ: Դե հա՝ պոտենցիալ հարյուր դրամը ինչու պետք է անտեսեր ու գնար: Բայց քանի դեռ նման դեպք չի պատահել, անհիմն մեղադրանքները եկեք թողնենք նստարանների մեջտեղում ու բռնակների մեջ:


Անցանք ու տեղ հասանք: Վարորդին պարզեցիր գումարը ու չկարողացար ուղղակի անտեսել մրոտ ու սև ձեռքերը:

<<Է՜ հոպար, ձեռքերդ ջրի տակ պահելու ժամանակ չունես, էդ սևերը մաքրելու ժամանակ չես գտնում, ով-ոնց ուզում՝ դիմում է, ով-ինչ բարեկամ ունի՝ նրան է նմանեցնում, ով կարողանում է՝ հետևի դռնից թռնում է առանց էդ հարյուր դրամանոցը մրոտ ու սև ձեռքիդ մեջ թողնելու: Ամենքը մի ձև ունի ավտոբուս նստելու, իջնելու, ավտբուսը կանգնեցնելու, կամ խնդրելու, որ սպասես միքիչ…Կյանքի պես էլի, հոպար, ապրելու նման>>: