Շաբաթ օրը` 8ին

#SyuneciBlog

Ես արթնացել եմ։ Քաղաքը դեռ քնած է։ Քաղաքը դեռ կարթնանա միքիչ ուշ։ Հիմա, եթե համաձայն ես, արի մեզ մի քիչ հանգիստ ու խաղաղ պահենք, որ չարթնացնենք քաղաքին։ Էսօր շաբաթա։ Քաղաքը էսօր կարող է իրեն երկար ու անհոգ քուն թույլ տալ։ Կարող է ռեժիմից սովորած` կիսաբաց անել աջ աչքը, հիշել, որ էսօր շաբաթա, դեմքը խոթել վերմակի տակ ու նոր երազների հույսով նորից քուն մտնել։ Դե մենք էլ, որ քաղաքի պես չենք հանգստանում, էն էլ շաբաթ օրերին, պետք է միքիչ խիղճ ունենանք, լուռ մնանք ու միայն կողքից` սիրահարի նման հետևենք մեր քնած քաղաքին։ 

Ականջներումդ Կատուների օրորն է։ Իսկական օրոր, երկրորդ ամենալավ օրորը, որ լսել ենք` մեր մամաների օրորից հետո։ Էդ լսում ես, որ քաղաքի տրամադրության մեջ լինես, որ չձանձրանաս` մինչև քաղաքն արթնանա, մի բաժակ սև ու դառը սուրճ խմեք ու սկսեք օրը։ 


Պատուհանը բացվեց։ Խառնիխուռն մազերով մի կին կախվեց պատուհանից։ Քեզնից էլ, քաղաքից էլ շուտ արթնացել ու լվացք է անում, որ քաղաքը արթնանա ու մաքուր լվացված շորեր ունենա։ 


Մինչև երթուղային նստելդ հիշում ե՞ս հացի հոտը, որ տարածվել էր կանգառի մոտի փռից։ Քաղաքը կարթնանա ու հենց նոր թխած հաց կունենա ուտելու։ 


Ծաղկավաճառ կինը դույլերով ջուր էր տանում, որ քաղաքի տղան ու աղջիկը էսօր թարմ ու անուշ յասամաններ ունենան։ Հեսա միքիչ հետո քաղաքի սենյակը յասամանի հոտով կլցվի։ 


Անցումի մոտ բանջարեղեն ծախող պապիկը ավելով, հետո էլ ջրի շիթով մաքրում է տարածքը, մի կերպ թռար, որ քեզ էլ չթրջի։




-Ստե մի տե պահի, հոպար ջան…


《Թու~…այ տղա, չասացի՞` միքիչ կամաց. քաղաքը դեռ քնած ա》։


Հասանք տեղ։ Իջա, տեսնեմ` քաղաքն արթնացել է արդեն։ Դե ով է կարողանում ազատ օրերին քնել… 

Բարի Լույս, Երևան, Լիլիթը լսում է…