հեյ
էսօր առավոտյան խոսում էի սոց կայքերից մեկի՝ թութի, ծանոթներիցս մեկի հետ, որը նորա տեղափոխվել Ֆրանսիա, ու հենց առաջին շաբաթում նրանից գողացել են հեռախոսը։ շատ լավ պատկերացրի նրա զգացածն ու վիճակը, խորհուրդ տվեցի դեռ սկզբի համար փակվող գրպաններով տաբատ ունենալ, մինչև տեմպին կհարմարվի։ ուղղակի խնդիրն էնա, որ մեզ երբեք չեն սովորեցրել նոր միջավայր տեղափոխվելու ու դրա հետևանքների մասին։ մենք հաճախ նման փոփոխությունները ոչ լուրջ ենք ընդունում, ոչ էլ դրանց տրամադրվում ենք։ պարզվեց՝ պետք էր տրամադրվել։
երկրորդ կուրսում «միջմշակութային հաղորդակցություն» անունով առարկա ունեինք, որի գրքի մի գլուխը վերնագրված էր՝ «մշակութային շոկ», ու կարդալու ընթացքում ես էի շոկի մեջ՝ գրողը տանի, ես էս ամենը զգացել եմ ու ինձ ոչ մեկ չի ասել՝ դու շոկի մեջ ես ազիզ ջան, ոչինչ։ դե հիմնականում չէի պատմում՝ ինչ եմ զգում, ես լուռ էի տանում էդ ամենը, կարծես սովորական լիներ ու փորձում էի ինքս ինձ համար լուծումներ գտնել։ ուրեմն էդ գլուխը պատմում էր էն մասին, որ միջավայրը փոխելիս, նոր հասարակության մեջ մտնելիս մարդը միանգամից չափից շատ նորությունների է բախվում ու հաճախ դրանք մարսելը, հասկանալը բարդա տրվում մարդուն։ ու կախված տեսակից՝ հարմարվելու կամ փոխելու կարողություններ, բաց, նորարար լինելու հատկանիշներ, ազատամիտ կամ պահպանողական, մարդը կարող է թողնել ու վերդառնալ իր նախկին միջավայր, կարող է մնալ ու հաղթահարել շոկը կամ չընդունել փոփոխությունները ու ընկնել խորը դեպրեսիայի մեջ՝ այդպես էլ ինքն իրեն միջավայրի մասնիկ չզգալով։
տասնյոթ տարեկան էի գրեթե, երբ տեղափոխվեցի մայրաքաղաք՝ սովորելու։ էդ լրիվ ուրիշ թեմայա, թե ինչու են Հայաստանում գրեթե բոլոր համալսարանները հենց մայրաքաղաքում, թե ինչու պետք է բոլոր երիտասարդները, որ բարձրագույն կրթություն ստանալ են ուզում, տեղափոխվեն մայրաքաղաք ու, որ հիմնականում էդպես էլ լինում է, երբեք չվերդառնան իրենց մարզ ու մարզերի կյանքը գնալով մեռնի։ դրա մասին կխոսենք մի օր… դե եկա, տեսա, հաղթեցի մնացի։ էդ տեսնելն ու մնալը էդքան էլ հեշտ չէին պարզվեց։ դեռ պայքար կար։
դու թողնում ես քո նախկին շրջապատը, միջավայրը, առօրյան, սովորությունները, ծնողներիդ, ինչքան էլ պարզ ու անտրամաբանական հնչի՝ սենյակդ, տեղափոխվում ես նոր, ավելի մեծ քաղաք, որտեղ, եթե համեմատես քո նախկին ու քաղաքային միջավայրը, ամեն ինչ շատ ավելի արագա։ հիմա էս բառերը շատ դժվար եմ գրում, քանի որ ութ տարի անց էդ արագությունը շատ ավելի դանդաղելա ու Երևանը էլի դարձելա իմ համար հանգիստ, խաղաղ, լուռ։ պատճառն իհարկե այլ, ավելի վազքային միջավայրում արդեն լինելս ու դրա հետ համեմատելն է, բայց դրան դեռ կհասնենք։
էս նոր տարածքում քեզ նոր շրջապատ, նոր զբաղմունքներ ու առօրյա ստեղծելը ժամանակ ու նյարդեր է պահանջում։ ամեն ինչ սկսում ես զրոյից։ աջ ուսիդ նստած հրեշն ասում է՝ քեզ հեչ էլ պետք չի, հետ գնա որտեղից եկել ես, էնտեղ ավելի հեշտ էր ամեն ինչ, մյուս ուսիդ հրեշը (հա, իմ երկու ուսերին էլ հրեշներ են, որովհետև չգիտես ինչի որոշել են խառնվել կյանքիս որոշումներին) ասումա՝ հեշտին մի ձգտի, գտի պայքարի ձևեր ու գտի հարմարվելու, փոխելու ու փոխվելու լուծումներ։
սկզբում չէի ուզում պայքարել, կամ չէի կարողանում, ամեն դեպքում հետ էի ձգտում, վերադառնալ էի ուզում իմ հարազատ միջավայրին։ ու միայն երբ սկսեցի կարդալ ու ուսումնասիրել մշակութային շոկն ու դրա հաղթահարման ուղիները, կարողացա պատկերացնել հետագա քայլերս։ նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր մարդիկ, սոց կայքերից դուրս կյանք, աշխատանք… նախկին դեպրեսիվ ու մենակ միջավայրը դարձավ ակտիվ առօրյա, որից դուրս գալ արդեն մտքովս էլ չէր անցնում։ ու հենց էդ պահին որոշեցի գնալ Գերմանիա։ էս շոկի հաղթահարումը ավելի հեշտ տրվեց։ ես գիտեի՝ ինչ էր սպասվում ինձ, պատրաստ էի։
եթե Սյունիք — Երևան տարբերությունը միայն ավելի մեծ քաղաքն ու նոր շրջապատն էին, Հայաստան — Գերմանիան դրանց ավելացնում էր նաև նոր լեզու, նոր մտածելակերպ, նոր սնունդ, նոր կլիմա, նոր մշակույթ… ինչքան էլ պատրաստ ես, մեկ է՝ ալիքի առաջին հարվածը ցավոտ է լինում։ ալիքից կարող էի փախչել, կարող էի խորտակվել կամ լողալ սովորել։ ես սովորեցի լողալ (միայն փոխաբերական իմաստով), ու էդ շատ հետաքրքիր փորձ էր հենց ինքս ինձ վրա։ պարզեցի՝ նոր ու տարբեր իրավիճակներին ոնց եմ արձագանքում, ինչքան բաց եմ, ինչքան ազատ եմ, ինչն է անընդունելի ինձ համար, ինչին կարող եմ հարմարվել։
ուրեմն ցանկացած շոկ հաղթահարելի է, եթե դու ընտրում ես պայքարելը։ եթե փախչես, երբեք էլ չես իմանա քո մասին ու չես ճանաչի քեզ։ փորձը փորձանք չի։ փորձը հնարավորություն է։ ես քեզ խնդրում եմ երբեք բաց չթողնել քեզ ճանաչելու հնարավորությունը։ մեր քառակուսին շատ փոքրա, որ ամբողջ կյանքում միայն դրա մեջ ապրենք։
հոգ տար քո մասին