****
ինչքան դատարկ ենք
մի ջրոտ տարրա,
մի բուռ ծանրություն
երկրի երեսին,
ինչքան անդարդ ենք
մեկ տխուր-ուրախ,
մեկ էլ կախված ենք
մահի անդունդից։
ինչքան մեղկ ենք մենք,
վախեցած վատից,
ինչքան մերկ ենք մենք՝
թափանցիկ աչքին։
ինչքան անմեղ ենք.
առաջին կյանքն է,
ինչքան անփորձ ենք
ինքնուրույն դառնում,
ինչքան զզվելի ստեր ենք
պատմում
ինչքան տանելի ցավերից
փախնում
ինչքան էլ բարդ ենք
բան չկա
մարդ ենք։
****
շատ բան չեմ ուզում,
չորս աչք, չորս ոտք ու երեսունվեց
ժամ
ու չեմ վռազում՝
երբ կտան, կտան
իմ երկու աչքն ու երկու ոտքերը
էլ չեն հասցնում
շատ են կանչում ինձ, շատ են
մտքերը
ես չեմ հասցնի քսանչորս ժամում
օգնել բոլորին
փրկել բոլորին
բոլորին հասնել
ամենը հասցնել
ու ինձ էլ մնալ
որ ինձ էլ փրկեմ
որ գոնե օգնեմ
կանգնել չորս ոտքի……
ունեմ անքանակ
հազար երազանք
տեսնել ու հասնել
իմ զույգ ոտքերով
քսանչորս ժամում
ես չեմ հասցնում
****
մահին սիրել է պետք
դա կյանքն է որոշում
հետը նստել է պետք
հետը խոսել է պետք
ու դե խնդրել որ գա
……երբ կուզի
մենակ թե գալուց առաջ
մի քիչ ժամանակ տա
մահին ատել պետք չէ
մեղքդ տանող դարձավ
սպասել էլ պետք չէ
կյանքը շատ ունի ցավ
մահի մասին միտքդ
կյանքի մասին է նախ
կյանքը սիրող մարդն է
ամեն օր կանչում մահ