ես քեզ չմոռացա,
ոչ մի ծանր բան չընկավ գլխիս,
ու ես զարմանում եմ
ինչու եմ շարունակում պատշգամբների տակով քայլել․․․
ոչ մի դաշնամուր, սառցաբեկոր թեկուզ
ու քեզ չմոռացա․
քանի՞ տարի անցավ
տասնվեց թե ութ
լավ է դու էդ հաշվես․․․
ես քեզ չեմ մոռացել
բայց չեմ հիշում արդեն, թե ինչից էր
այտիդ փոսիկ ընկնում,
ինչից էիր խնդում,
ինչքան․․․
երբ էիր զարթնում քնից
ինչն էր հանում հունից,
որ բարկացներ քեզ ու ձայնդ բարձրացներ
չեմ հիշում
որ համարի երթուղայինն էր քեզ տանում տուն
որ կանգառից
սուրճը դա՞ռն էիր խմում
խմել ե՞նք մենք սուրճ
չեմ հիշում
ութ էր թե տասնվեց․․․
դե․․․քանի տարի անցավ․․․
քեզ
ես
չմոռացա․․․