նոր-ից

Ու ես վախենում եմ, որ դու կնյութականանաս: Քեզ գտել եմ օդից, օդով ու օդի մեջ՝ աներևույթ, անէ: Ու ես սարսափում եմ հենց միայն այն մտքից, որ կդառնաս սեղան, գրատախտակ կամ… հաշվիչ մեքենա: Ու քեզ կներկեն, կմաքրեն, կկախեն կամ կփակեն դարակում: Փոշու հատիկներ կնստեն վրադ: Քամին կգա քեզ տանելու, բայց դու շատ ծանր կլինես, ու քամին կտխրի: Միայն վրայիդ փոշու հատիկները կքշի: 
Հիմա ես կամ ու դու ես իմ իմը: Քեզ տեսնող չկա: Քեզ դիպչող չկա: Քեզ ոչ ներկում են, ոչ դարակում փակում, ոչ էլ քայլում են վրայովդ: Դու գաղտնի գոյություն ես, դու անսկիզբ ես, դու ծննդավայր ու ազգանուն չունես:Դու ոչինչ չունես, միայն ունես ինձ, իսկ ես ունեմ քեզ: Դու անկառավարելի խենթ ես, դու ոչ ծավալ ունես, ոչ քաշ, ոչ էլ ծննդյան թիվ: Դու կապույտ ես՝ բաց, թույլ, սպիտակին հասնող կապույտ: Ու ես վախենում եմ, որ քեզ կներկեն մի օր, կդառնաս շագանակագույն սեղան: Չնյութականանաս: Թող երազեմ գոնե մի անգամ հպումդ զգալ: Թող քեզ գրկելու մասին լեգենդներ հորինեմ: Բայց դու չնյութականանաս: Մնա առեղծված, մնա անգո, մնա իմը: