Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)…
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։
Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։
Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։
Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։