մրջյունն ու ես-ը

#SyuneciBlog

առավոտ շուտ արթնացել, նոթը ծնկներիս իմ գործերով եմ, մեկը մրջյուն դարձած բարձրացավ ստեղնաշարիս վրա: չեմ ուզում կյանքը էդքան ոչ ռոմանտիկ ավարտել՝ acer-ի ստեղնաշարի վրա, ու մեկ էլ մեղքս եկավ, ասեցի՝ քշեմ, թող գնա իրա մրջյունային կյանքով ապրի: պարզվեց՝ ինձ շատա սիրում ու ոչ միայն չի ուզում համակարգիչս լքի, այլ նաև ուզումա մոտս մնա: բարձրացավ ձեռքիս ու առանց աջ ու ձախ, կարմիր լույս, անցում նայելու արագ-արագ առաջանումա թևովս մեկ: ստիպված էն մի ձեռքիս եմ օգնության կանչում, եկավ, որ քշի թևիս վրայից, սա էլ ոնց որ հենց դրան սպասեր՝ մեկ ու էս մի թևիս վրայով ճանապարհա հարթում դեպի ուսս: Էսպես փոխելով մի աջ ձեռքս մի ձախ, մի կերպ որոշեցի ուղղակի ջղայնանամ ու գցեմ գետնին: գցեցի ու էլի անցա գործերիս: տենց մի երկու task անելուց հետո նորից N տառի վրա շարժ եմ նկատում: նայեցի՝ տեսնեմ մեր հին ու բարի ընկեր, կորած ու մոլորված մրջյուննա: եկել էր:
վերոնշյալ պարբերությունը մի անգամ էլ կրկնվեց ավելի ձգձված ու համառ, որովհետև ես էլ սկսել էի իրա հետ խաղալ: որ կողմ ուզում էր շարժվեր, փակում էի ելքը, շփոթեցնում, խանգարում, բզբզում: Ու մի բան նկատեցի էս պստիկի մեջ ու զարմացա՝ էդքան մեծ կամք ու էդքան ուժեղ բնավորություն որտե՞ղ էր տեղավորել:
մի գործը լավ չի ստացվում աշխատանքից դուրս գալու մասին ենք մտածում, մեկը նեղացնում է, ատում ենք համայն մարդկությանն ու Նոյին, որ չթողեց վերանանք, մատը փուշ է մտնում, թևը կտրում-գցում ենք: էդ մրջյուն բարեկամը մի վայրկյան էլ չէր մտածում նոր ճանապարհ, նոր ելք ու նոր ուղղություն գտնելու համար: մեկը փակում էի, մյուսին էր դիմում, մեկը կորում էր, մյուսն էր փնտրում: իսկ արագությունը ոչ մի պահ չդանդաղեց: նույն արագությամբ բարձրացավ ուսիս, նույն արագությամբ իջավ ստեղնաշարիս, նույն արագությամբ հենց հիմա սենյակիս հատակով մեկ վազվզումա ու ես համոզված եմ, որ հեսա N տառի վրա էլի շարժ եմ նկատելու: