#SyuneciBlog
Հեյ:
Էսօր արթնացա` հիշելով, որ երեկ Էրեբունի-Երևանի ծնունդն էր ու էսօր պետք է հանդիպեմ Արփիին, որ մի շաբաթվա բաց թողած դասերը լրացնենք: Արդեն հանդիպել ենք, ու ես Արփիի լափթոփով բլոգ եմ գրում: Իրականում բլոգը իմ ու Արփիի դասերի մասին չի, այլ, որ երեկ Էրեբունի-Երևանի ծնունդն էր:
Քաղաքում դեռ մնացել են Էրեբունի-Երևան դրոշներ ու փուչիկներ ու թղթից թիթիզ-սիրուն զարդարանքներ: Բայց էդ ամենը զարդարում են աղտոտ ու փոշոտ, հոգնած ու ձանձրացած մի քաղաքի, որ առանց զարդարանքի էլ կարող էր շատ սիրուն լինել: Ավտոբուսից նայում էի դրոշներին ու դրոշների տակ ընկած շշերին, ծխախոտի տուփերին, արևածաղկի կեղևներին…Ավտոբուսը անցավ կարմիր լույսի տակով, արագ արգելակեց, վարորդը գոռաց անցորդների վրա:
Երեկ մեր բակի աղբամանը հալվել էր: Հաստատ օդից չէր հալվել (ձեզ եմ թողնում պատճառի գուշակումը):
Իրականում շատ հետաքրքիր միջոցառումներ կային կազմակերպված, բայց էդ միջոցառումներին գնում էին արևածաղիկ չրթող-թքող ժողովուրդ: Ու գիտեք` ինչ էին երգում միջոցառման ժամանակ` Երևանը մենք ենք:
Ի՞նչ:
Երևանը արևածաղիկ չրթող-թքող մարդիկ են: Երևանը աղբամանը հալեցնող մարդիկ են: Երևանը կարմիր լույսի տակով անցնող ավտոբուսներ են: Երևանը անցորդների վրա գոռացող վարորդներ են:
Կներեք, հարգելիներս, բայց Երևանը դուք չեք: Երևանը վարդագույն տուֆի քաղաք է: Արտասահմանցի հյուրերին զարմացնելու, գլուխս բարձր պատմությունը պատմելու քաղաք է: Հպարտանալու քաղաք է:
Երևանը դուք չեք: Դուք Երևանինը չեք: Երևանը ձերը չէ: