Աթոռը ճոճվում էր, ու ես նախանձում էի, որովհետև ինքն անելու բան չուներ: Իրա միակ գործը ճոճվելն էր ու ինքը պատասխանատու անում էր իր գործը: Ես պարապ էի: Պատուհանը բաց էր: Քամին ուզած ժամանակ մտնում էր սենյակ, նստում աթոռին, ուզած ժամանակ լավ հենվում, ճռճռացնում ճոճվող աթոռը, վարագույրը հրելով դուրս էր գալիս, քաշում-տանում վարագույրը, էլի ներս բերում: Ես պարապ էի: Կատուն մի անկյունում կուչ էր եկել ու էնքան տխուր էր ինձ նայում: Ես պարապ էի ու դա ազդում էր նյարդերիս: Ընդհանրապես նյարդերս վաղուց ամեն ինչից խանգարվում էին: Ու քամին, որ ուզած ժամանակ գալիս նստում էր ճոճվող աթոռին, ազդում էր նյարդերիս: Ես փակեցի պատուհանը: Քամին եկավ, խփեց պատուհանին ու նեղացած գնաց: Իմ նյարդերի պատճառով պատուհանի ապակին ծեծվեց, քամին նեղացավ, վարագույրը մնաց պարապ:
Նկարը թեք էր կախված: Երևի քամին էր թեքվել: Ընդհանրապես նկարը ազդում էր նյարդերիս: Ազատ սլացող ձիեր էին՝ ոչ կարմիր, ոչ շագանակագույն, մի քանի շատ բարձր ծառեր հեռվում: Ձիերի գույ
նը ազդում էր վրաս: Ուղղեցի նկարը: Բայց ձիերի գույնը չփոխվեց: Ձիերի գույնը ինձ դուր չէր գալիս: Երկու ձեռքերովս ամուր բռնեցի նկարը, դանդաղ բարձրացրի վերև ու նկարը արդեն պատին չէր կախված: Սեղանի սփռոցը թեք էր: Վրան էլ սուրճի հետքեր ու ծխախոտի մոխիր կար: Նկարը դնելու տեղ չկար: Ամբողջ ուժով հարվածեցի գետնին: Ապակին կոտրվեց ու նկարը մի կողմ թռավ: Սուրճի հետքով ու ծխախոտի մոխիրով սփռոցը քաշեցի ողջ թափովս: Տատիկիս ժամանակների ծաղկամանը չդիմացավ սփռոցի երերումներին: Մի կողմի վրա ընկավ ու մի հազար կտոր եղավ: Սեղանը հին էր ու փայտը չէր փայլում:
Սեղանը ինձ դուր չէր գալիս: Ոտքս հենեցի սեղանին ու «գրո՜ղը տանի», այնպես շպրտեցի հեռու, որ ոտքերը առանձնացան: Աղմուկը դադարեց: Դանդաղ քայլերով մոտենում էի ոչ կարմիր ոչ շագանակագույն ձիերի նկարին: Հատակը ճռռում էր ոտքերիս տակ: Ձիերի գույնը դուրս չէր գալիս: Կռացա, վերցրի նկարը ու նետեցի ակվարիումի մեջ: Ակվարիումը դատարկ էր: Այդ դատարկությունը ազդում էր վրաս: Վերցրի ակվարիումը, բացեցի այն ու տատիկիս ժամանակների գորգը թրջվեց…Դատարկ ապակին ինձ դուր չէր գալիս: Մոտեցա պատուհանին ու բացեցի փեղկերը: Դատարկ ակվարիումը նետեցի դուրս: Քամին ուզում էր ներս գալ, բայց չթողեցի: Աթոռը ճոճվում էր: Աթոռը պարտաճանաչ էր: Հրեցի այն մի անկյուն, նորից բացեցի պատուհանը, բարձրացա պատուհանագոգին, բաց արեցի թևերս ու գրկեցի սենյակ մտնող քամուն: Քամին էլ ինձ գրկեց: Թռա…