հայկական վեգան խոհանոց

հո սոված չես, քանի որ սնունդից ենք խոսելու։

ուսումնասիրում եմ հայկական խոհանոցը, քանի որ լսում էի rearrange-ի վերջին եթերը, որտեղ Նարեկն ու Սերգեյը քննարկում էին հայկական խոհանոցը, ավելի ճիշտ՝ որ ճաշատեսակն է հայկական, որը՝ չէ։

ես լրիվ համաձայն եմ, որ էդ ամենագլխավոր խնդիրը չի, այսինքն կյանքի միակ իմաստ դարձնել ապացուցելը, որ օրինակ տոլման հայկական ուտեստա։ իհարկե, դա մշակույթի մասա, իհարկե, պետք է արժանին տրվի ազգին, երբ հնարելա համաշխարհային ճանաչում ունեցող ուտեստ, կամ ցանկացած մշակութային այլ տարր, բայց լավ էլի… մի խոսքով։ սա պատճառ դարձավ, որ ես ցանկանամ ուսումնասիրել՝ ինչ ուտելիքներ կան, որ իսկապես հայկական խոհանոցի տարր են միսը կրակի վրա տարբեր ձևերով տապակել-խորովել-խաշելուց բացի։

ճաշատեսակների մեծ մասը կապված էին կրոնական տոների հետ, հատուկ էին կրոնական օրացույցի էս կամ էն օրվան։ օրինակ՝ զատկի ժամանակ հայտնի էր անուշ անունով մի ապուր՝ անուշապուրը։ ձավար, չրեր, ընկուզեղեն։ մէ հրաշք։ էս ապուրը նաև որպես նվեր հյուր են տարել զատկի օրերին։ կամ թթվեպասը, որը պատրաստվում է արմատային բույսերով, չրերով ու քացախով, առանց ձիթայուղի։ սրա կրոնական մասն այն է, որ քացախ են օգտագործել ի հիշատակ խաչելության, որտեղ ըստ Աստվածաշնչի, Քրիստոսին քացախ են խմեցրել։

հավես մի ուտելիք՝ թաթխան։ սա զաթարի հայկական տեսակնա, քանի որ պատրաստվելա տարբեր աղացած սերմերից՝ արևածաղկի, սեխի, ձմերուկի, դդմի, ու մատուցելիս մեջը հաց են թաթախել (տրամաբանում ենք, որ անունն էլ էդտեղից է ծագում)։

պարզվեց, որ ունենք շատ սիրուն անունով ուտեստ՝ մշոշ։ ինչը համարվումա պահքի ուտեստ։ ես գտել եմ վեգան բառի հայերեն համարժեքը. պահքի մեջ։ հա, հա, կատակ էր, վեգանի հայերենը բուսակերնա, որտեղ պիտի ավելացնես՝ նաև կաթնամթերքից է հրաժարվում։ մշոշը Վանից մեզ հասած ուտեստ է՝ ծիրանաչրով (մշմշոշ նշանակում է ծիրան), ոսպով ու ընկույզով։ աստված, ես պատկերացնում եմ՝ ինչքան համով ու առողջարար բանա, մնումա ամբողջական բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը գտնել։

շատ հետաքրքիրա նաև բազրկանիի պատմությունը։ սա հովիվների ճաշնա եղել Մուսալեռում։ ձիթապտուղ, լոլիկ, ընկույզ ու ձիթապտղի ձեթ։ համարում են հովիվների ճաշը, քանի որ շատ հեշտ էր իրենց համար բաղադրիչները գտնել սարերում ու պատրաստել։ բնության հետ շփվող մարդը գիտի, որ բուսական ծագում ունեցող ուտեստները համով լինելուց բացի նաև առողջարար են ու էներգիա չեն տանում քեզնից։

համոզված եմ՝ ավելի շատ վեգան ուտեստներ ունենք, որոնց մասին երբեք չէի լսել։ մեր բուսական աշխարհը, կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը հրաշալի հող են ստեղծել (pun intended) բուսական խոհանոց ունենալու համար։ հետո մի օր որոշել ենք, որ էս մասին ոչ մեկին չենք ասելու, մենք էլ ենք մոռանալու ու աշխարհին մենակ պատմելու ենք, որ նայ, կենդանին էլ չի ուզում ապրի, միսը դնում ես կրակի վրա ու վուալա…

հայկական խոհանոցը մենակ խորովածը չի։ էսքանն էի ուզում ասել։

թարմացում՝ գտա մշոշի բաղադրատոմսը։ յեյ։

հոգ տար քո մասին