iPhone-ից անPhone

հեյ,

մի քանի օր առաջ մի հոլովակ էինք նայում, որտեղ փորձարկում էր՝ առանց հեռախոս ապրելու։ հիմնական իմաստը հեռախոսից ու դրա բազմաթիվ հավելվածներից կախվածությունը վերացնելնա։ էդ փորձից պարզվեց, որ էս ժամանակներում առանց հեռախոս ու հատկապես առանց սմարթֆոն ապրելը բավականին դժվարա, եթե ոչ անհնար։ մենք ոչ միայն հասանելի ենք լինում հեռախոսի շնորհիվ, այլ նաև վճարումներ ենք անում, անծանոթ վայրերով ճամփորդելիս օգտվում ենք քարտեզից, նոթեր ենք գրում հեռախոսի մեջ ու էսպես շարունակ։ հեռախոս ունենալը դարձելա կյանքի պարտադիր պայման։

ես էլ ունեմ կախվածություն հեռախոսից ու մի քանի հավելվածներից, ու զգում եմ, թե ինչպես եմ առանց մտածելու վերցնում հեռախոսս աչքերս բացելուն պես։ մի քանի ժամ վատնում եմ հեռախոսի մեջ, ոչինչ չեմ ստեղծում, ուղղակի սպառում եմ։ ու սա ինձ դուր չի գալիս։ եթե մի շրջան կար, որ դա ինձ իսկապես հարկավոր էր՝ անիմաստ մտքերը ցրելու, ուղեղս ուղղակի դատարկելու համար, հիմա պարզապես խանգարումա ինձ, թույլ չի տալիս էդ ժամանակն ավելի ստեղծարար օգտագործել, տասնյակ գրքեր կան, որ իրենց հերթին են սպասում, իսկ ես դեռ հեռախոսի մեջ եմ։

ու սկսեցի մտածել հեռախոսը իմ առօրյայից առնվազն մի ամսով հանելու մասին՝ հասկանալու համար, թե իրո՞ք էդքան բարդա առանց հեռախոս ապրելը։ վճարումներ կատարելու համար ստիպված կլինեմ մոտս պահել բանկային քարտս, կապի մեջ լինելու համար լափթոփս կօգտագործեմ։ նկարներ անելու համար ավելի հաճախ կվերցնեմ խցիկս։

արդեն գրեթե մեկ տարի է՝ չունեմ հեռախոսահամար ու չեմ ստանում հեռախոսազանգեր, մերոնք գրում են ինձ, իսկ զանգելու համար օգտագործում են մեսենջերների զանգային հնարավորությունները։ էդ նաև հնարավորա իմ լափթոփով, ուրեմն էստեղ էլ խնդիրներ չեմ ունենա։

դեռ հստակ չեմ որոշել, թե երբ կսկսեմ փորձարկումս։ բայց հետևելու եմ, թե ինչ նոր սովորություններ են առաջանում էդ շրջանում։ ուշադիր եմ լինելու, թե ինչ եմ վերցնում ձեռքս, երբ չկա հեռախոս։ քո հետ էլ կկիսվեմ փորձարկումովս, թե ինչ դժվարություններ են լինում, կամ ինչ հաջողություններ ունեմ։ ի վերջո՝ գալու ա մի օր, երբ բացարձակ անհնարա լինելու նման փորձարկումներ անելը, ես հիմա օգտվում եմ առիթից։

հոգ տար քո մասին

One thought on “iPhone-ից անPhone

Մեկնաբանությունները փակված են։