հեյ,
էս վերջերս մանկությանս շատ դրվագներ են գալիս, հիշեցնում, գնում-մնում։ դե պատճառը երևի նոր տարին էր։ նոր տարին մանկությանս տոննա։ ու ես հիշել էի իմ մանկության «նորտարիներ»-ը։
հիշեցի մի հատ շատ փոքր, բայց էնքան տաք բան, որ չկա էլ երևի։ ու սա հեչ կապ չունի նոր տարվա հետ։
երբ փոքր էինք, գյուղում հաց չէին վաճառում, միայն թխում էին ու միայն լավաշ։ իսկ ես շատ էի սիրում «քաղաքի հաց»։ էդ նույն մատնաքաշն էր։ ու ամեն անգամ քաղաք գնալուց մերոնք ոնց էլ չլիներ մի հատ բերում էին։
Լավաշ թխելը տևում էր գրեթե մի ամբողջ օր։ Թոնիր չենք ունեցել, թե ունեցել ենք, մերոնք ասում են, բայց ես չեմ տեսել։ Թխում էին փայտի վառարանի վրա։ Ժամերոոոոով։ ես էլ խմորի գնդերն էի բերում։ Հատ-հատ շարում էին հյուրասենյակի մեծ սեղանին, ծածկում էին, ու ես էլ կողքները նստած սպասում էի՝ երբ են էդ մի սկուտեղ գունդը թխելու, որ նորը բերեմ։
Էն ժամանակ, երբ դեռ վառարանի վրա էինք թխում, հարևաններն էլ իրենց խմորն էին բերում ու միասին էինք թխում։ էդ օրը մենք գրեթե սոված մնացինք։ Որովհետև էնքան մեծ չէինք, որ իմ բան եփեինք, սպասում էինք, որ մաման ու տատին հացը թխեն, վերջացնեն, որ բոլորս միասին սեղան նստենք։ Նույնը լինում էր, երբ մաման լվացք էր անում։
Հետո անցանք էլեկտրական վառարաններին։ դե էդ արդեն գրեթե բոլորն ունեին, դա վառելը հեշտ էր ու էդքան երկար չէր տևում թխելը։
Պատմությունիցս շատ շեղվեցի։ Ուրեմն ինչքան էլ, որ շատ լավաշ թխած լինեինք, մեկ է՝ մի տան համար, որ օրվա մեջ հազար հյուր էլ ունենար, հազարին էլ պետք է կերակրեր, էդ թխած լավաշը մի ամիս չէր հերիքում։ Իսկ վերևում ասացի, որ գյուղում հաց չէին վաճառում։ Շատ սովորական էր, շատ ընդունված էր գնալ հարևանի տուն ու ասել՝ «էսինչ տոտա, երեք հատ հաց կտա՞ս, թխենք՝ կբերենք»։ Էդ տոտան երբեք քո ասած թվով չէր տալիս, մերոնք էլ, երբեք ուրիշին էդ ասած թվով հաց չէին տալիս, եթե ուզել ես երեք հատ, կստանաս հինգը… ու տենց… թվաբանական պրոգրեսիայով գնում էր։ Նույնը՝ վերադարձնելիս։ Երբ հացը արդեն թխել վերջացրել էինք, հիշում էինք՝ ում քանի հաց ենք «պարտք»։ Ու եթե մեզ հինգ հաց էին տվել, մենք վերադարձնում էինք յոթ հատ։
Ի դեպ զույգ թվով հաց ոչ մեկ ոչ ուզում էր, ոչ էլ տալիս։ եսիմ։
Հիմա հացը գնում ենք, ավելի ասեմ՝ չենք ուտում հաց։ ու սա ուզում ես բուն իմաստով հասկացի, ուզում ես՝ փոխաբերական։
հիմա հեռու ենք գյուղից։ սա էլ՝ որ իմաստով ուզում ես՝ հասկացի։
ես նեղվում էի, երբ մուլտիս կեսից պիտի գնայի հացի գունդ տանելու, որովհետև հացը թխում էինք կիրակի, որ մաման աշխատանքի չլիներ։ ու ես էլ էդ մի կիրակի առավոտն էի տանը, որ սիրածս մուլտը նայեի։ բայց հիմա նենց կգնայի գունդ տանելու։ ուզումա՝ ամենասիրածս մուլտը լիներ։ մեկ-մեկ նենց ամեն ինչ կթողնեի ու կգնայի գունդ տանելու….
հոգ տար քո մասին
@syuneci մերսի որ պատմեցիր