հեյ,
երջանիկ լինելը ընտրությունա՞։
մի հատ սրճարան եմ գտել, շատ եմ սիրում, հավեսա ընդեղ գնալ, նստել, կօֆէ խմելն ու անցող-դարձողին նայելը։ իրանք կօֆէի հետ ինչ-որ փոքր գրություններ են տալիս մոտիվացնող։ էսօր էդ գրությունն ասում էր՝ երջանկությունը ընտրությունա, ընտրիր այն քո համար։
եսիմ, ոնց որ էդքան էլ համաձայն չլինեմ։ եթե ընտրությունա, ինչի կան դժբախտ մարդիկ, է բոլորն էլ կընտրեին երջանիկ լինել էլի։ կամ ոնց լինես երջանիկ, երբ պատերազմա ամեն օր ու ամեն տեղ, երբ սով կա, հիվանդություններ կան, սուտ կա։ մտածում եմ՝ ոնց կարաս էդ ամեն ինչի վրա աչք փակես ու ասես՝ օկ, ես երջանիկ եմ։
երջանիկ պահեր հա, կան, բոլորիս կյանքում էլ կան, էդ պահերը գնահատելը, կարող ենք ասել, որ ընտրությունա։ ես ընտրել եմ գնահատել էն պահը, երբ խաղաղ եմ, երբ ներդաշնակ եմ միջավայրիս հետ, հիմա ու այստեղ եմ, էդ պահերին ես ինձ համարում եմ երջանիկ։ բայց թե էդ պահից մի քիչ անց հարցնես՝ չէ, ախպեր, հազար ու մի խնդիր կա, հազար ու մի մտածելիք կա, որ խանգարում են ասես՝ հա, երջանիկ եմ։
երևի երջանկությունն էլ ենք չափազանցրել։ էդ պահերն են ու վերջ, էդ զգացած մի քանի րոպեներն են, ամբողջ կյանքը երջանիկ չի կարա լինի երևի ու պետք ա դա նորմալ համարել։ ու ինչքանով գնումա, էնքան երջանիկ պահերդ քչանում են։ կամ քո պահանջներն են շատանում, կամ զուտ սկսում ես չզգալ փոքր երջանիկ պահերը՝ խնդիրներդ են գերակշռում։
էս տարվա կեսն անցավ ու եթե հարցնես, յուրօրինակ տարի էր իմ համար, շատ հետաքրքիր ճամփորդություն, փոփոխություններ, անձնային աճի փորձեր։ բայց չեմ կարա ասեմ՝ երջանիկ տարի էր, երջանիկ պահեր, հա, կային, բայց էդ վեց ամիսը երջանիկ համարել չեմ կարող՝ խանգարող հանգամանքները չափից շատ են։
երևի պետք ա բաժանել՝ եսասիրական երջանկություն ու համամարդկային երջանկություն։ երկրորդը մի տեսակ անիրականալիա թվում նույնիսկ։
ինչևէ, եթե չենք կարում ընտրենք երջանիկ լինել, գոնե ընտրենք երջանիկ փոքր պահերը գնահատել, շնորհակալ լինել էդ պահերի համար ու պահել հիշողությունում։ մեկ էլ տեսար՝ մի օր պետք եկավ։
հոգ տար քո մասին
շարունակելի…..