հինգշաբթին չգնահատված օր է

հեյ
դպրոցական տարիներին մասնակցում էինք «Հայ ասպետ»֊ին ու էդ ամբողջ սովորած ու անգիր արած թղթերի արանքից ինձ մնաց միայն հնարավորությունը ճանաչել ու կարդալ Բալզակ, մասնավորապես՝ «Շագրենի կաշին»։ ու հա, անպայման պետք է նշել, որ վերջապես ու վերջնականապես ծանոթացա հայկական ազգային պարին ու դարձրեցի կյանքի մի մաս։ (դրա մասին մի օր անպայման երկար կնստենք, կխոսենք) 
Գրքի հիմնական գիծն էն էր, որ ցանկանալը մեզ ապրեցնում է, իսկ կարողանալը՝ սպանում։ Երբ ավելին ենք ուզում ունենալ, ապրել, գտնել, հաջողել, քան կարող ենք, պակասում ենք․ մենք կյանքից, կյանքը՝ մեզնից։ 
դպրոցական Լիլիթին շատ դժվար էր ու նույնիսկ անհնար չհամաձայնել Բալզակի էս համոզմունքին, մանավանդ, երբ գրքի հերոսը վառ ապացույց էր սրա՝ հազարտոկոսանոց ճիշտ լինելուն։ 
օֆիսի բակի կատուների հետ

հիմա ավելի շատ համաձայն չեմ, քան համաձայն եմ։ ձգտել, ցանկանալ ու ապրել դրանով։ նայել առաջ ու վեր՝ նույնիսկ անհնարինին։ հատկապես մեր ժամանակներում «անհնարին», «անկարելի» բառերը ընդամենը րոպեներ են պահանջում, որպեսզի հականիշներով փոխարինվեն։ 
ցանկանալը հաճախ ապրեցնում է։ ցանկանալուն պետք է ավելացնել ձգտում, աշխատանք, ջանք ու նվիրվածություն։ 

էսօր, երբ երթուղայինին պետք է թղթադրամ տայի, արդեն մտածում էի՝ ուֆ, ինչու չմանրեցի, հիմա պետք է կանգնեմ, սպասեմ՝ մանր տա, մի բան էլ մունաթ դժգոհ հայացքով նայի վարորդը։ երբ թղթադրամը մեկնեցի, պարզվեց վարորդը արդեն, երևի հայելու միջից, նկատել էր ու նախապես պատրաստել էր մանրադրամները։ ամբողջ ճանապարհին մտածում էի՝ երանի բոլորը իրենց աշխատանքում էդքան ուշադիր, նվիրված լինեին։ 
ցանկացած աշխատանք պահանջում է նվիրվածություն, ժամանակ, զարգացում․․․  ու ոչ մի ցանկություն չի սպանի, այլ ավելի իմաստալից կապրեցնի։
տենց․․․