զուգահեռ իրականություններ խաչվող աշխարհներում

Երևանում մեքենաները շատ են․ պարզ նախադասություն, բարդ ճանապարհներ, նեղ ու լի մայթեր, աղմուկ, ազդանշաններ, փչացող շարժիչ, հայհոյանքներ, սուլոց․․․ երկու ժամ տևեց մեր՝ քաղաքից դուրս գալը ու մի երեք ժամ էլ դեռ կգնանք․․․

իսկ իմ մտքերում ապագայի խաղաղ առավոտներն են, փոքրիկ պատշգամբով ջերմ մի տուն, այգի, որտեղ շատ կատուներ կան՝ նարնջագույն ու բաց մոխրագույն կատուներ։ խոհանոցի օդում երաժշտություն կա՝ առավոտյան ջազ, ինչ-որ մեկը արդեն լցնում է սուրճը՝ առանց շաքար կոֆեն։ փոստատարը արդեն բերել է մեր թերթերը, որտեղ ինչպես միշտ տարօրինակ կոմիքսներ կան․․․տափակ։

առաջին գծի մեքենաները վարում են երթևեկությանը հակառակ, սա արդեն անկառավարելի է դառնում, անտանելի է դառնում, ես պոկում եմ ինձ էդ իրականությունից, ես չկամ․ խցանման մեջ իմ հագուստներով մեկն է, ես խոհանոցում եմ․․․

օրվա պլանների մասին քննարկում կա օդում ու հիշում ենք անցած օրվա երկար զբոսանքը ամենակորած փողոցներով, ամենանեղ մայթերով, ամենամոռացված (եթե մոռացվելը չափելի կամ համեմատելի է) շենքերով ու ամենալքված բակերով․․․ինչ-որ մեկը կատուներին է կերակրում, իսկ ինչ-որ մյուսը հիշեցնում է, որ փոքրին մազաթափության դեղ պետք է տալ ամեն առավոտ․․․

մեքենաների շարժը 1մ/ժ արագությունից բարձրանում է, քարտեզի վրա կարմիր գիծը մնում է ետևում ու մենք գտնում ենք տաք թեյ խմելու, մի պահ ուշքի գալու տեղ, որովհետև դեռ երեք ժամ կա, որ տուն հասնենք․․․․

խոհանոցից դեպի այգի բացվող դուռը մի կերպ հրելով՝ ներս է մտնում կատուներից մեկն ու փաթաթվում ինչ-որ մեկի ոտքերին, մռռռռ․․․շնորհակալություն, որ կերակրեցիր մեզ․․․․

բոհեմյան ռափսոդիա կա մեքենայի մեջ, ճանապրհը ազատ է, թույլատրված արագությունը 100 կմ/ժ, կանաչ թեյը շատ լավն էր ու ճիշտ ժամանակին ձեռքերիս մեջ տեղավորված․․․մամաաա․․․ոււուուոււ․․․․․

առավոտյան ջազ․․․․