տատս էն մարդկանցից էր, ում մասին ասում են՝ ունի կենսագրություն․․․դեռ շատ դժվարա տատիկի մասին անցյալով խոսել․․․տատը դեռ կա, քանի ապրում են պատմությունները իր մասին, քանի վառարանի շուրջ նստած ենք ու մաման պատմումա, որ ․․․․
տատը պետք է հարսանիք գնար՝ Աշխաբադ․․․ մի քանի ամիս անց կպարզվի, որ անձնագիրը գարնանային վերարկուի գրպանում էր մնացել նախորդ ընտրություններից, բայց էդ օրը չկար ու չկար․․․ամբողջ տունը խառնեցին իրար, անձնագիրը չգտան։ Տատիկի հինգ քույրերը, ամենքը մի երկրի մի քաղաքում էին՝ Աշխաբադ, Լոնդոն, Երևան․․․Ամուսնանում էր Աշխաբադի քրոջ տղան ու պապը համաձայնել էր, որ տատը գնա հարսանիքի․․․ Պապը համաձայնել էր, բայց անձնագիրը չկար։
Տատը երգել շատ էր սիրում։ Մի քանի տարի առաջ բուկինիստից գտա մի երգարան՝ ծննդյան նվեր տատիկի համար։ Մամային ասել էր՝ ոնց որ ընտրած լինեն իմ համար, բոլորն իմ սիրած երգերն են․․․ Ամեն զանգի վերջում տատը երգարանից մի երգ պիտի երգեր, հետո ասեր՝ ապրես, ապրես․․․ Շատ էր սիրում ու հաճախ էր երգում Իմ եղեգը, հիմա մենք էլ ենք սիրում․․․
Տատը երգել շատ էր սիրում ու գտավ հարսանիք գնալու ձև։ Կանչեց հարևանի տղային, որպեսզի օգնի մագնիտոֆոնով ձայնագրել։ Երգեց, ձայնագրեց մի ամբողջ ձայներիզ՝ իր երգած երգերով ու ուղարկեց Աշխաբադ։
Էդպես ամբողջ հարսանիքի ժամանակ էդ երգերն են լսել․․․,-ավարտում ա մաման պատմությունը։ Բոլորս իրար ենք նայում, ես միացնում եմ Եղեգը, լսում ենք, ժպտում, որովհետև չկա պատմություն տատի մասին, որ չստիպի ժպտալ։
Տատի նկարն էլ՝ գրապահարանի վրա դրված, նայումա մեզ, ժպտումա ու ասում՝ ապրես, ապրես․․․