Նորը

ինչ-որ տեղ սողալով

վազքի մեջ
անցավ մեկ օր էլ.
չորացած ծաղիկները 
չթողեցի սեղանիս այսօր 
ձեռքով արեցի փողոցային շներին
ու սպասեցի ձյան գալուն
մի երկու նշում արեցի
դեղին թղթի վրա
ու ամրացրի սեղանիս
վաղվա համար.
մի քանի անգամ զանգ եկավ
չպատասխանեցի.
ինչ-որ տեղ սողալով 
փակեցի սենյակիս դուռը դրսից
վաղվա համար 
ու գլխարկս վրաս քաշելով
հեռացա քաղաքից.

վերնագիր ասա էս ամեն ինչին

գիտես՝
ամենևին պետք չէ ջարդել սենյակիդ պատերը գլխով
պատառոտել հին նամակներն ու
խարույկի մեջ այրել լալով
կարիք չկա ոռնալ բարձի մեջ ամեն գիշեր
կամ նետվել պատուհանից
ոտաբոբիկ դուրս գալ 
ու քայլել քաղաքի մայթերով 
մրսել
պարզապես հաշտվիր 
որ ճշմարտության հակառակ երեսն էլ
ճշմարիտ է
պարզապես նկատիր 
որ ամեն ինչ հոսում է գետերի նման 
ու չի մնում ոչինչ երեկվա պես
պարզապես ընդունես երևի 
որ ամեն ինչ մի տեղ ունի գրված՝ վերջ։ 

ինձ մի հիշեցրու այն ինչը չեմ մոռացել

ճմրթված հիշողություններս
վերցնում եմ աղբամանից
դնում եմ սեղանին ու
ուղղում եմ ծալքերը

մեկ-մեկ կարդում եմ
ծալված տողերի տակից
լսում եմ կարոտի քայլը

հետո բառերը իջնում են սեղանից
ու սողում են դեպի դուռս

չգիտեմ
թե քեզ մոտ են գալիս
թե մենակ  ես
տար
ես դատարկ թղթերը նորից աղբամանը նետեմ

հոգիս խաղաղ է
հիշողություններս քեզ հետ են…

եսէլչգիտեմթեինչ

***

ու ես ստիպված
երեսիս եմ քաշում հատակը
որ չզգամ ինչով է 
բարակում հոգիս
ու դառնում դեղին…

ու ես չուզենալով եմ
երեսիս քաշում հատակը
որ այդքան ճմրթվել է
գնացողների քայլերից…

ու ես նայում եմ արդեն
ներքևից
ու մնում եմ կորած

***

եթե փնտրես էլ…
փնտրիր ինձ փոշոտված ձայներիզներիդ դարակում,
փնտրիր ինձ կիթառիդ մաշված պատյանի մեջ,
փնտրիր ինձ այդ ձմեռվա վերարկուիդ գրպաններում
կամ փնտրիր ինձ մաշված գրքերի արկղում
մինչև գրքերը հանձնելը…

եթե չփնտրես էլ,
ասենք՝ չես էլ կարոտել…
չթողնես ինձ էլ խառնեն
մեռնող թղթերի քաոսին…

եթե չփնտրես էլ…
ես ուզում եմ իմանաս,
որ չեմ երազել գրվել ու մոռացվել….
երգը լսվում է, երբ միացնում են…

գողացված էր տողը վերջին…

գիշերվա հազար

դու չունես ոչինչ
որ չունի անծանոթը
դու չունես ոչ ինձ
ոչ էլ իմ կարոտը…

քեզանից հետոն երկար տևեց
զարմանալի
ավելի կարճ էր քան քեզ հետը

ու ճանապարհը որով կքայլեի
քեզանից տանողն է
ոչ թե դեպ քո մոտը…

ես մեղավոր չեղա
ես չեղա հեռացող
արդարացում գուցե գտնեմ լուսնի վրա

քո փոխարեն կթողնեի ջուրը
հոսեր առանց հողի
առանց պղտորվելու

ջուրը մաքրվելիս
քարերին է զարնվում
քարերն էլ դե գիտես
արյուն ունեն…

***

#SyuneciBlog

հետո թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…
ես Նարեկացի երբևէ չեմ դառնա
բայց աշխարհի ծովերը թանաք կդարձնեի
մեն մի բանի համար
թե չլիներ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ լինի երբեք Էյնշթեյն
ու չեմ ստեղծի տեսություն
որի վրա ջարդվի հազար գլուխ, հազար ուղեղ ու միտք
բայց մի միտք է հիմա իմ գլուխը ջարդում
ինչու եղավ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ ուզում դառնալ այն աղջիկը
որին պատմությունը կոչեց Ժաննա դ՛Արկ
բայց խարույկներ ինչքան պիտի վառվեն
որ չլինի այնպես
ինչպես եղավ….
իսկ ինչ եղավ…
թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…

ձմեռ էր

Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի  կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)…
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։

Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։

Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։

Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։

***

դու, որ ամեն օր
այստեղ ես գալիս
անցյալի կտրած թելը կապելու
թե քարկապելու,
չե՞ս հիշում խենթս
որ կտրելիս
կարճանում է
նույնիսկ հենց թելը…

հեռվացած լինելու մոտիկության մասին

***
մենակ քո հոգին
քո մենակ հոգին
կարոտել,
սիրել,
փնտրելու գնալ,
փնտրել ու գնալ.
մենակով, հոգի՛ս,
մենակ ո՞վ, հոգի՛ս,
կքայլի ճամփով,
որ մենակ գնաս,
մենակ չմնաս:
քարերը կապույտ ջրերին նետել
ու օղակներում բախտերը մատնել,
ապագան վատնել
քարոտ ջրերին
…………………………………..
կարոտը թաղել ափի թաց հողում
մի տարի անց գալ, փորել, չգտնել.
ճայի թևերին գրված է կարոտ…
ջրերին հոսել
դարձել է ջրոտ
հողոտ կարոտս…

500անոց է՞ր…

նորից անստվեր մարմինների անմտածված ու տխուր հետևանքներով արարքներից հոգնած,  հույսն ու միքիչ արևը երգերի մեջ փնտրելով բարձրանում եմ երթուղային ու սպասելիքս, որ հաստատ տեղ չի լինի նստելու, աչքերը փակելու, աշխատանք-տուն ճանապարհը երազանքների միջով լողալով անցնելու համար, միանգամից արդարանում է: կանգնում եմ դռան մոտ, փնտրում ճանապարհս կարճեցնող մի հոդված ու հարմարվում էդ երեսուն րոպեն կանգնած երթևեկելու ճակատագրին:

երեկոյան Երևան, խցանումներին հաջորդում են խցանումները, ազդանշաններին հաջորդում են հայհոյանքները…մեկ-մեկ լսում եմ, մեկ-մեկ ականջակալների երգը հաղթում է, մեկ-մեկ սարկազմով խնդում եմ ներսից, մեկ էլ ատելի նայում ազդանշան տվող վարորդներին, գոռգոռացողներին…գնում ենք:

կանգառում իջնող կար, բայց նստող չկար: վարորդը չլսելու տվեց՝ ստե պաի-ն: հերոսը իջավ հաջորդ կանգառում: դուռը կամաց ջարդեք գրությամբ դուռը ծանր հոգոց կհաներ, եթե արդեն սովոր չլիներ ջարդվելուն: հետո գրածները նրա համար են, որ չհետևենք, օրենքները խախտելու համար, կարոտը խեղդելու համար է, խնդրանքները մերժելու համար են….չենք երկրարացնում:

սա ստացեք հաջորդին կիջնեմ ասող աղջիկը մետաղադրամը պարզեց վարորդին: ձեռքը օդում մնաց: սա ստացեք հաջորդի համար ասող աղջիկը կրկնեց նորից, վարորդը կամ մտքերով էր, կամ ծխախոտի ծխի հետ զրույցի էր բռնվել. չլսեց: աղջիկը ձեռքը քաշեց հետ, սպասեց, որ հասնենք կարմիր լույսին:

ստե ես իշնըմ…չէ՞, դե էն մեկին կտաս, վռազ են տո…քշի արա…քնելա…

վարորդն էր, էս ամեն ինչի ղեկավարը: ղեկավարն էլ զուտ նրա համար, որ ղեկ կար մի ձեռքում, դե մյուսը ծխախոտ էր մատուցում թոքերին:

աղջիկը հաջորդին իջնելիս մեկնեց մետաղադրամը: չիջավ: սպասում էր:
մանրս չեք տա՞…

վարորդը…

ինչիդ էր պետք էդ չորս հարյուր դրամը, ղեկավա՛ր: մի տուփ ծխախոտ էս կողմ, մեկը՝ էն կողմ, մեծ չի է տարբերությունը: ցածրացար, հավասարվեցիր արագ ընթացքից էդ սև ու կեղտոտ տուփի միջից թափված կոպեկներին: ո՞նց, ո՞ր էությամբդ ձևացրիր, թե քո աչքերը ափիդ մեջ 500 դրամանոցի փոխարեն 100 դրամանոց են տեսել…

էս ամեն ինչը համեմվեց վարորդի կողքին նստած երիտասարդի քմծիծաղով. փաստորեն մենակ ես չէի նկատել:

ո՞նց…500անոցա՞… հեսա վեկալ… ղեկավարը հասցրեց մեզ տուն: