Գծագրություն

#SyuneciBlog
Բացը բաց մնաց, փակը փակ թողեց
Լացս թաց մնաց
ցողեց…
Գալս գնալ էր, մնալս՝ կարոտ
Կարս չկար էր,
ցողոտ…
Կեսս կիսատ էր, ներսս՝ մթոտ
Սևս սպիտակ էր,
ամպոտ…
Տերս անտեր էր, վերջս՝ սկզբում
Բերս տանել էր,
խզբզում…

Օրվա սցենարից մի էպիզոդ

#SyuneciBlog

Արդեն հինգ րոպե կլինի՝ նստել եմ էկրանի ու ստեղնաշարի դիմաց, որ գրեմ էն մասին, ինչի մասին ուզում եմ, բայց սկիզբ չեմ գտնում: Լինում է չէ՞, որ ուզում եք մի պատմություն պատմել ու սկսում ենք՝ ախր ինչի՞ց սկսեմ…
Ախր ինչի՞ց սկսեմ…երեխու լացից, կռվից, մեր էս չար ու անհանդուրժող տեսակից, թե լռող ու հրճվող տեսակից: 
Եկեք պատմությունը չոր ու հստակ պատմեմ, հետո քննարկենք: Իսկ պատմությունը պատմում եմ, որովհետև չեմ ուզում, որ ամեն ինչի կողքով անտարբեր անցնելը ավանդույթ դառնա: Ուզում եմ սովորենք ամեն ինչի մասին մտածելու, քննարկելու, վերլուծելու արվեստը: Ոզում եմ ամեն ինչին մի նշանակություն տանք, վատը վանենք, բարին կրկնենք: Ուրեմն՝
Լինում է, չի լինում, կամ ժուկով-ժամանակով մի մանուշակագույն ավտոբուս դասից ու գործից հոգնած մարդկանց տանում էր տուն: Ավտոբուսի մեջ մի փոքրիկ կար, մոր գրկում նստած աղեկտուր լաց էր լինում: Անօգնական մայրն ի զորու չէր երեխային լռեցնելու: Բոլոր ուղևորները սևեռվել էին երեխայի կողմը, մի մասը ժպիտով էր նայում, մի մասը կարեկցանքով, մի մասը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Եվ այդ ժամանակ եկավ բարի փերին և ասաց…Դե հա, շատ կուզենայի էս շարունակությունով երեխային մի կախարդական փայտիկ նվիրել, մանավանդ, որ տոներն են մոտենում, տոներն են մոտենում, բայց իրականում այդ պահին մի տիկին շրջվեց երեխայի մոր կողմն ու սկսեց բողոքել, որ չի կտրում երեխայի ձայնը, ախր ինչքան կարելի է տանել: Մայրն էլ հո չէր լռելու, հիշեց տիկնոջ ծնողներին, թե ինչ վատ դաստիարակություն են տվել, պնդեց, որ ինքն իսկապես շատ լավ ծնող է, շատ լավ դաստիարակություն է ապահովում իր երեխայի համար: Իջնելիս էլ էդ կնոջը մաղթեց, որ միքիչ բարիանա: Աստված թող Ձեր խնդիրները լուծի, որ գոնե միքիչ բարիանաք: Այս խոսքին հաջորդեցին հայհոյանքներ, փոխադարձ հայհոյանքներ և ավտոբուսի դռները փակվեցին՝ բաժանելով հակամարտող կողմերին:
Հիմա մտածենք:
Էս պատմության մեջ մեղավորներ գտնելու եթե լինենք, մի քանի ու շատ մեղավորներ կան՝ երեխան, երեխայի մայրը, տիկինը, երկիրը, ցուրտը, ինչու ոչ՝ բնությունը, որ երեխային լացելու ունակություն է տվել:
Ինչով էր մեղավոր երեխան՝ լաց էր լինում:
Ինչով էր մեղավոր մայրը՝ չէր դաստիարակել երեխային այնպես, որ հասարակական տրանսպորտում ճնշի բոլոր զգացումներն ու զգացմունքները, չտրվի սրտի թելադրանքին, դատի սառը ուղեղով ու լաց չլինի:
Ինչով էր մեղավոր տիկինը՝ ներեցեք, բայց տիկինը մեղավոր չէր: Հոգնած էր, հազար ու մի ցավի ու խնդրի տեր, հազիվ իր հանգիստն էր գտել ավտոբուսում, օրվա խնդիրներն էր քննարկում, ու էդ պահին ինչ-որ անարժան ծնողի անարժան զավակ սկսում է լաց լինել: 
Ինչով էր մեղավոր ցուրտը՝ ցուրտը իրականում պատմության հետ էնքանով կապ ունի, ինչքանով ես: Ուղղակի անհնար էր չնշել, որ Երևանում անխիղճ ցուրտ է:
Ինչով էր մեղավոր երկիրը՝ որ երկիր չի:
Մի բան եմ ուզում ասել միայն: Ինչքան էլ ցուրտ լինի, ինչքան էլ ավտոբուսի մեջ տեղ չկա նստելու, ինչքան էլ հազար ու մի ցավի ու խնդրի տեր եք, ինչքան էլ երկրիը երկիր չի, մեղավորներ փնտրել պետք չէ: Եթե միայն այդ կինը այն նույն ժպիտով նայեր էդ լացող փոքրիկին, որ դեռ խոսել չգիտեր, որ մորը պաշտպաներ ու պատասխաներ տիկնոջը, ոչ կռիվ կլիներ, ոչ էլ տոնական տրամադրությունը կվերածվեր գաղջ մթնոլորտի: Այսինքն մեղավորը (դե հայ ենք, մեղավորներ պետք է գտնել անպայման, ու մեղավոր կարող է լինել ամեն ինչ, բացի մեզանից) ժպիտն էր: Էն ժպիտը, որ ուշացավ, չեկավ, չնայեց էդ պստիկին, որ ընդամենը լաց էր լինում: 

First steps in literary translation

#SyuneciBlog

Անկումի երգը
Ալիս Օսվալդ
Թափվող անձրևի պատմությունն է սա,
Որ տերև կդառնա ու նորեն կգա
Ամռան անձրևի պատմությունը թաքուն,
Որ լույսն է գողանում, ծաղկին ընծայում:
Ամեն ծաղիկ էլ ընծայի նշույլ,
Որ հողից ծնվում, հոսում է կանաչ՝
պահին ընդառաջ:
Կաթիլի երազը և հեքիաթը այս,
Գլխիկին թեքված, փոքրիկ է անչափ՝
լոկ մի մազաչափ:
Ուր էր թե ես էլ այնպես անցնեի՝
Ջրի նման ջինջ, ջրի պես վտիտ
փարվեի խոտին:
Գտնելու լույսը հանգած մի կետից՝
Անձրև դարձնելով, կաթիլ դարձնելով
մի սերմնահատիկ:
Հետո ով գիտի՝ միգուցե ես էլ ջրի պես գտնեմ,
Հույսիս նժարը համբերությանս լույսին
հավսարեմ:
Ջուրն այդ անմշակ, ջուրն այդ հողեղեն,
Հոսում է, լցվում, ծորում է ջուրը
դեպի այն գուռը:
Չընդդիմանալով երկրի օրենքին՝ թրջում է լեզուս,
Ու պաղը նրա երգեր է հյուսում՝
շարքերով խոսուն:
Որ պատմությունն է թափվող անձրևի.
Լույսին է ձգվում, լույսին՝ մի կողմից

ու թափվում նորից:

եսիմ որտեղից

#SyuneciBlog
ես կասկածեցի իրականության գույների մգությանը

երբ սառած մատներդ ջերմացրին,
երբ կոշտացած ձեռքերդ շոյեցին,
չցավեցրին
չքերծեցին
երբ փափուկ էին ափերիդ կոշտուկները:
և կոշտ էր միայն իրականությունը,
որին կասկածեցի
որ չհավատացի
ու անցա՝

չթողնելով, որ քեզանից հետո
քամին շոյի չներկված մազերս:

Ուղիղ միացում Ազգային գրադարանից

#SyuneciBlog

  Երբ շուրջ բոլորդ գրքեր ու կարդացողներ են, երբ բոլորի նպատակը մեկն է՝ մի քիչ ավելի սովորել ու միքիչ ավելի շատ գտնել սովորելու, անկախ քեզնից դառնում ես գրքի ու ուսման սիրահար: Չլինես էլ, դառնում ես: Էներգիան, մթնոլորտը, բոլորը ու ամեն ինչ ասում են՝ կարդա, փորփրիր, ուշադիր կարդա, նորից կարդա, հետո գլուխդ բարձրացնում ես, տեսնում, որ դրսում արդեն ցերեկ չի: Էս ամենը իրականություն է Ազգային գրադարանի ընթերցասրահում: Կարծես երկրի ապագայի դարբնոցը լինի: Էստեղ են ձևավորվում ու լցվում այն ուղեղները, որ վաղը պետք է երկրի համար ու հանուն երկրի գործեն: Չեմ ասում՝ որ երկրի, որովհետև ընթերցասերների  մեջ միայն հայեր չեն…
  Էս բարին ու դրականը մի կողմ, մի բան անցավ մտքովս: Էլ ի՞նչ իմաստ կա ընթերցասրահում արգելել հեռախոսով խոսելը, եթե մեկ է՝ բոլորը ականջակալներով են: 😀 
Հ.Գ. ես մեղավոր չեմ, մթնոլորտն է ստիպում, որ ոչնչի կողքով հենց այնպես չանցնեմ, ամեն ինչի շուրջ շատ խորը մտածել է պետք: 

աշնան վերջին

#SyuneciBlog
-Կներես, ուշացա, քնած էի մնացել:
-Էլի ամբողջ գիշեր կարդացել ես…կամ, սպասիր գուշակեմ, հերոսների հետ մի տեղ գնացել, կռվել, հաղթել, պարտվել, կորցրել, մահացել ու լացել՞:
-Մենակ կարդացել: Ու հետևել եմ հաղթել-պարտվելուն, կորել-մահանալուն:
-Անարցու՞նք:
-Չի ստացվի:
-Էլ բան չեմ ասում, էլ չեմ խոսում, դու գիտես ու քո աչքերը, դու գիտես ու քո արցունքագեղձերը, մի օր կդատարկվեն, մի օր կսպառվեն…
-Է՜, դե… ես չեկա, որ գիշերվա լացած-չլացածս պատմեմ, եկել եմ մենակ մնամ:
-Մենակ ես, ինչքան էլ խոսեմ, ձանձրացնեմ ու ջղայնացնեմ, ձանձրանամ ու ջղայնանամ: Եկել նստել ես ճմրթված քաղաքի ամենաճմրթված նստարանին, ուզում ես՝ քեզ մենակ թողնեմ ու թողնեն: Ի՞նչ պետք է անես մենակ:
-Էդ քաղաքն ու նստարանը չեն ճմրթված, քո հոգինա ճմրթված, իզուր էլ եկա, դու ինձ մենակ խանգարում ես: Իրականում չեմ փախնում, շատ բաներ վանում են ինձ, ու ես մեղավոր չեմ, որ իմ կյանքում ֆիզիկայի էդ օրենքը չի գործում: Թող ես մինուսը լինեմ, բայց պլյուսները չեն ձգում: Էսօր էլ բոլորը պլյուս են, որ կողմ քայլում ես, հեռու ես շպրտվում, ըկնում, ջարդուփշուր լինում, գիտես՝ ամեն անգամ հեշտա մենակով բարձրանալ ու նորից մինուսի փնտրտուքներով պլյուսների մեջ ընկնել, վանել, նորից կրկնել էս ամբողջ վերջին նախադասությունը: Քաղաքը ճմրթված չի, մենք ենք ճմրթվել ու ծուռ ենք նայում շենքերին ու մեկ-մեկ էլ մնացած ծառ ու թփին: Քաղաքը մեղավոր չի, որ դու մենակ ես: Քաղաքը քեզ ամեն ինչ տվելա, նույնիսկ էս նստարանը:
-Գլխարկդ աչքերիդ ընկավ, ուղղի, ցուրտա, սուրճ վերցնե՞ս:
-Վերցնեմ, բայց էլի էստեղ նստենք:

Անցորդները խեթ-խեթ էին նայում այգու նստարանին միայնակ նստածին, որ մի քանի րոպե խոսեց, բարկացավ, ժպտաց, գլխարկն ուղղեց, վեր կացավ ու քայլեց դեպի դիմացի սրճարանը:

լռելու մասին

#SyuneciBlog
Լռելու մասին երգեր կա՞ն:
Լռելու մասին պատմում ե՞ն:
Խոսում են խոսելու մասին:
Երգում են երգելու մասին:
Գոռում են գոռալու մասին:
Մնացած ամեն ինչի մասին լռում են:
Լռում են ներելու մասին:
Լռում են ներվելու մասին:
Կարոտի մասին լռում են:
Լռում են ցավոտի մասին:
Բառերի մասին խոսում ե՞ն:
Թեև խոսում են բառերով…
Եթե խոսում են աչքերով,
Լռում են բառերի մասին:
Եթե խոսում են ձեռքերով,
Բառեր են գծում օդի մեջ:
Բայց չեն լռում,
Լռելու մասին չեն խոսում:
Չեն խոսում լռելու մասին:
Չեն լռում խոսելու մասին:

Սահակի կատուն

#SyuneciBlog
-Վեր կաց, օրդ սկսելա արդեն, ուշացար…
-Կլինի՞ մի օր ասես՝ քնի, էսօր աշխարհի վերջնա, էլ գործի չես գնալու, ես էլ գլուխս խոթեմ էս փետուրով բարձի մեջ ու էդ աշխարհի վերջն էլ չզգամ, քեզ էլ:
-Էհ, չես ուզում, մի գնա, համ էլ էդքան փիլիսոփայելուդ տեղը հիմա արդեն հագնվել ու եկել էիր կոֆեդ խմելու, սառեց, դարձավ անհամ սևաջուր:
-Այ էդ ուրիշ բան, դե ասա, որ կոֆե ես բերել, գոնե վեր կենալու պատճառ ունենամ: 
-Ախր ոնց եմ ատում էդ եթե չեմ սիրում, ուրեմն ատում եմ  տեսակդ, այ մարդ սովորական օրա, սովորական կոֆե էլի: Խմի, գնա աշխատանքիդ: 
-Ոչ մի օր էլ սովորական չի, ասեմ ավելին՝ ամեն օր նորա ու տարբեր: Ոչինչ որ ամեն օրս սկսումա քո վեր կաց, օրդ սկսելա արդեն, ուշացար-ով, ոչինչ որ ամեն առավոտ դառը կոֆե եմ խմում, ոչինչ, որ հաստատ գիտեմ՝ նույն ձև ես սարքում՝ սկզբից կոֆեն, որ միքիչ վառվի ու հոտը ընկնի տնով մեկ, հետո նոր ջուրը, ամեն օրվա կոֆեդ մի ուրիշ համ ունի, դե հա՝ տարին մի անգամ կարողա կրկնկվի էդ համը. դե դաժե մեր ամեն տարվա ծնունդներն են կրկնվում, կոֆեի համն ինչա, որ նույնը չմնա…
-Սառե՜ց, խմի, հետո քննադատի:
-Հեսա լույսը չբացված կգան էլի: Մեկը՝ հաց, մյուսը՝ սմետան, հազար ասեցի՝ Սահակ սմետան չի, ասա՝ թթվասեր, էն մյուս Սահակը կգա՝ սիգարետ տուր, ես էլ էլի կասեմ՝ սիգարետ չի, ծխախոտ ասա, համ էլ ընդհանրապես մի ասա, էդ ինչա, որ քաշում ես թոքերդ, դրա փոխարեն բեր մի կիլո մանդարին տամ, տար անուշ հոտով կեր: Ու էդ բոլորը կգան, օրվա խնդիրները կպատմեն. Սահակը կսրտնեղի, որ տղան  երեկ էլ չի զանգել: էս արդեն ութ տարիա, էդ ապերախտը մի օր չզանգեց հորը բարի լույս ասի, էն մյուս Սահակը կատվից կպատմի, որ ամեն օր սմետանա պետք է ուտի, Գոհարը փոքրի պարապմունքներից կպատմի, կասի, որ դասատուն երեկ էլա գովել…
-Ախր ինչի ես բոլորի հոգսերն ու պատմությունները քեզանով արել: Պատմում են, լսի, ականջ են ման գալիս, որ կիսվեն, թեթևանան, դու էլ քաշում ես, կլանում, բերում ինձ էլ թաթախում: Լսի, թող խանութիդ դարակներում, արի: 
-Ասում ես…
***
-Նստի ճաշդ լցնեմ, հը՞ն, ո՞նց էր, առևտուր կա՞, հասցնում ե՞նք:
-Մենք հասցնում ենք, կյանքը չի հասցնում: Ճաշ չեմ ուզում: Արի նստի, Սևակը էսօր սմետանա չառավ: Մի հաց առավ ու դուրս եկավ, թթվասերը թողեց սեղանին: Բառ էլ չխոսեց: Կատվին բան եղած չլինի…
-Պահ, դու էլ հո չասեցիր, կատու է էլի, երևի երեկվանից մնացելա, համ էլ հո մենակ քո բուտկան չի: Ճաշ եմ լցնում, քիչ խոսիր: 
***
-Սահակն էսօր չեկավ: Վաղը կգնամ՝ տեսնեմ ինչ է եղել: 
-Կամ դու, կամ Սահակը… 
***
-Խմած ե՞ս, օղու հոտ է գալիս շորերիցդ, ինչու՞ ուշացար:
-Սահակի կատվի օղորմաթասն էինք խմում: 

Բոլորը մեկի պատճառով կամ դեպրեսիան մենակ չի գալիս

#SyuneciBlog

-Ատում եմ բոլորիդ՝
Մութ սենյակի դուռը անձայն փակելուց հետո միայն սա անցավ մտքովս: 
Ատում եմ բոլորիդ՝
Վարորդին 200 դրամանոց մետաղադրամ տալուց ու երկու հատ 50 դրամանոց վերցնելիս միայն սա անցավ մտքովս:
Ատում եմ բոլորիդ՝
Սուպերմարկետի դրամարկղի մոտ հերթում կանգնածներից մեկը հրեց ինձ ու սա անցավ մտքովս:
Ատում եմ բոլորիդ՝
Պետհամարանիշի մեջ նույն թվից մի քանի հատ ունեցող մեքենա քիչ էր մնում ինձ առներ անիվների տակ, թեև թույլատրված տեղով էի անցնում, ու միայն սա անցավ մտքովս:
Ծաղկավաճառը ուզածս ձևով չփաթեթավորեց ծաղիկներս, ու մտքովս անցավ, որ
Ատում եմ բոլորիդ:
Կանգառ գնալիս մեկը սրբապատկեր պարզեց ու խնդրեց գնել, մտածեցի, որ 
Ատում եմ բոլորիդ: 
Ավտոբուսը ուշացավ, ուշացած եկավ ու երբ դռները բացվեցին, հասկացա, որ ոչ ինձ, ոչ էլ ծաղկեփնջիս տեղ չկա, մտածեցի՝
Ատում եմ բոլորիդ: 
Տաքսու մեջ ռաբիս երաժշտություն էր հնչում, վարորդը մի րոպե չլռեց, ամբողջ ճանապարհին մտածում էի՝
Ատում եմ բոլորիդ:
Հասա: Ծաղիկներն ու շոկոլադը հավանեցիր:
Առավոտյան ժպտացի ավտոբուսի վարորդին, սուպերմարկետի հերթում կանգնած ինձ հրողներին, տաքսու վարորդի զրույցները հետաքրքիր էին:

Բայց ռաբիսը էդպես էլ չի լսվի: