Կանաչ փեղկերով քաղաքի պատմությունը

-Որովհետև ես չար եմ։
Օանան էր։ Քսանչորս տարեկան աղջիկը Ռումինիայից։
-Հա, ես չար եմ,-ասում է նա, երբ ետևի նստարանին նստած Մարկոյի տետրի մեջ խզբզեց գրչով։
Տեսարանը իմ համար տարօրինակ էր։ Եթե չչափազանցնեմ, միքիչ անսովոր։ Դպրոցական նստարանին միգուցե սովորական լիներ։ Բայց երբ արդեն էնքան մեծ ես, որ սուպերմարկետում խմիչք գնելիս անձնագիրդ ցույց տալու կարիք չկա, տեսարանը, հա, միքիչ անսովոր էր ու նոր։ Օանան արդարացրեց իրեն՝ հա, ես չար եմ։ Մարկոն ժպտաց։ Օանան ագրեսիվ էր։ Մի քանի օր առաջ ասել էր Մարկոն։ Օանան ամեն անգամ խորը շնչում-արտաշնչում էր դասի ընթացքում, Օանան դժգոհ էր ամեն ինչից։ Մարկոն էր ասել։ Օանան ուզում էր ապացուցել, որ ինքը, հա, չար էր։ Կամ էլ․․․չգիտեմ։
Միացրի ականջակալներս ու ընտրեցի տրամադրությանս ու եղանակի հետ սազող մի երգ։ Դասից մենակ տուն գնալը իմ հոբիներից մեկն էր։ Միքիչ թեթևանում էր Երևանի փողոցների կարոտը, երբ վերանում էի աշխարհագրական դիրքից ու քայլում ինձ մի քանի ամսով ապաստան ու ուսում տվող քաղաքի փողոցներով։ Քաղաքը Գերմանիայում էր, ես էլ էի Գերմանիայում, բայց երգը հայերեն էր։ Տասնյոթ տարեկանում անլուրջ լինելու մասին երգ էր, բուրաշատ լորիների մասին, սրճարանում սիրած լիմոնադը խմելու մասին։ Կոշիկներս քայլում էին Լեղնընշթղասեով, իսկ ես Սարյանից թեքվում էի Թումանյան, հետևում Թումանյանի թանգարանն էր, ձախ կողմում էն համալսարանը, որ չորս տարի ու միքիչ փորձել էր փոխել ինձ, կրթել ու դաստիարակել ինչպես հարկն է։ Մեքենաների ազդանշանների բացակայությունը հետ բերեց ինձ իրականություն, թեքվեցի Բեռլինշթղասե։ Կանգառում մեկը թփթփացրեց ուսիս։ Հանեցի ականջակալներս․․․
-Անունդ նորից կասե՞ս։ Կներես, արտաքինից տպավորություն էր, որ եթե մոտենամ ու մի քանի ավել բառ ասեմ, կխփես ինձ։ Բայց ես հետաքրքրասեր եմ։ Մոտեցա։
Օանան էր։ Ինքը նկատել էր, որ դասից հետո նույն ավտոբուսով ենք տուն գնում, որոշել էր մոտենալ, կամ երևի ընկերանալ։
-Չգիտեի, որ էդ տպավորությունն եմ թողնում արտաքինից։ Ապրես, որ մոտիկացար։ Լիլիթ։
Արդեն ամեն ինչ էնքան սովորական է դարձել էս մի տարվա հյուր քաղաքում, որ էլ չեմ զարմանում, որ ավտոբուս նստելուց առաջ պետք է քրքրեմ գրպաններս ու էդ սարքին մոտեցնեմ ճամփորդական քարտս։ Իմ քաղաքում ճամփորդական քարտեր չկան։ Կան երկու հատ հիսունանոցներ կամ մի հատ հարյուրանոց։ Եթե հավես ունես մուննաթի կամ թարս-թարս հայացքի, կարող ես հազարանոց տալ ու մի քանի րոպե սպասել մինչև վարորդը մնացած ինը հարյուրը հետ տա քեզ։ Իմ քաղաքում ավտոմատ դռներով ավտոբուսներ դեռ քիչ կան, մանուշակագույն են ու դեղին։ Էս հյուր քաղաքում ոչ մի գազել չկա, որի մեջ երեկոները աշխատանքից տուն գնալիս մի քանի տակ կծկվել ու կռանալ պետք լինի։ Դե էս հյուր քաղաքը միքիչ ավելի զարգացած երկրի քաղաքա։ Բայց պատմություններն են նույնը։ Կանգառներում նույն սպասելն ու նույն զրույցներն են։ Մարդիկ նույն կերպ են մրսում։ Նույն կերպ են կծկվում ձմեռային վերարկուների մեջ։ Նույն ձև են թռնում ջրափոսների վրայից։ Նույն ձև են բողոքում փողոցային շներից։ Նստեցինք։
-Ափսոս դասի ժամանակ չենք հասցնում շփվել։ Չենք ճանաչում իրար։
Ու պատմում եմ ես կյանքիս էն ճանապարհի մասին, որ մի օր ինձ հասցրեց վեց հարյուր տասներկու համարի չվերթին, որով եկա էս հյուր քաղաքը։ Պատմում եմ իմ ու գերմաներենի ոչ էնքան ջերմ ու բարի հարաբերությունների մասին։ Պատմում եմ, որովհետև ուզում եմ, որ ինքն էլ պատմի։
Օանան բաց էր ու անկեղծ։ Օանան մի տեսակ շատ բարի թքած ունի, թե դու ինչ կմտածես իր ասած բառերի մասին։ Օանան ատում էր իր ծնողներին․․․․ Ոչ դպրոցական նստարանին, ոչ ուսանողական տարիներին, երբեք․․․ էս նախադասությունը տարօրինակ չլինելու ոչ մի ժամանակ չունի իմ համար։ Ատե՞լ։ Ծնողների՞ն։
Օանան իմ առաջին ծանոթն էր որբանոցից։ Որ աշխարհում կան ծնողներ, որ մի տեսակ հավես կամ հնարավորություն չունեն իրենց երեխաներին պահելու, ես գիտեի։ Ես գիտեի, որ կան տներ, որտեղ երեխաները ապրում են առանց ծնողների։ Ես վստահ չէի, որ էդ կինոներից չի։ Ես մի տեսակ նույնիսկ համոզված էի, որ էդ մենակ գրքերում պետք է հանդիպեր։ Բայց իմ դիմաց հիմա նստած էր Օանան, ում աչքերին նայելիս լսում էիր՝ թքած, ես արդեն իմ կյանքն ունեմ, իրենք ինձ պետք չեն։ Հաջորդ օրը Օանան ասաց, որ մի քանի օր առաջ հայրն էր զանգել, որովհետև լսել էր, որ Գերմանիայում աշխատանք ունի։ Երևի հիմա ինձ պահելու հավես ունեն։ Ասաց Օանան։
Օանան շատ սառն ու արհամարհական էր խոսում կյանքի ու ամեն ինչի մասին։ Օանան ոչ մի նպատակ չուներ սովորելու։ Աշխատում էր առաքումներով զբաղվող ինչ-որ կազմակերպությունում։ Ապրում էր վարձած բնակարանում։ Օանան ապրում էր էն կյանքը, որը կպատկերացներ մանկությունը որբանոցում թողած աղջիկը։ Օանան չար չէր։
Մարկոն ժպտում է։ Օանան չար չի։ Ասում է Մարկոն։ Լսարանի օդում գերմաներենի քերականությունն էր։ Ամենադաժան թեմաներից մեկը աշխարհում։ Էս ազգը ամեն ինչը մի տեսակ բարդացնելու սեր ու հավես ունի։ Ես պատրաստ էի էդ պահին կենսաբանություն կամ քիմիա սովորել, բայց ոչ քերականություն, բայց ոչ գերմաներեն։ Մարկոն էլ էր նույնը մտածում։ Օանան էլ։ Շրջվեցի դեպի Մարկոն։ Ականջներիս ծուխը քեզ չի խանգարու՞մ։ Հարցնում եմ։ Մարկոն ծիծաղում է։ Սիրում եմ, երբ մարդիկ հասկանում են հումորներս։ Օանան էլ է ծիծաղում։ Մարկոն  վեցերորդ անգամ հարցնում է, թե որ երկրից եմ ու գուգլի քարտեզով ցույց է տալիս Երևանը։ Մի տեսակ փշաքաղվում եմ։ Էլի մտքերով թեքվում եմ դեպի Սարյան ու քայլում եմ գինետների փողոցով։ Նայում եմ միքիչ արդեն գինովցած երիտասարդներին։ Լսում եմ ամենատարբեր քննարկումները ֆուտբոլի ու քաղաքականության, աղջիկների ու մեքենաների մասին։ Չեմ լսել, բայց ենթադրում եմ, որ գինովցած երիտասարդները պետք է խոսեն մեքենաներից ու աղջիկներից․․․․ Մարկոն Օանային պատմում է անցած դարի մեր պատմության ամենացավոտ դեպքերի մասին։ Զարմանում եմ։ Մարկոն ամեն ինչ գիտի։ Ուղղում եմ՝ մեկ ու կես միլիոն, ոչ թե երկու։ Օանան պատմություն չի սիրում։ Օանան շջվում է նորից գերմաներեն լսելու, ես դուրս եմ գալիս։ Լվացարանում միքիչ երկար մնալու համար վերցնում եմ հեռախոսս։ Ճանապարհին կարդում եմ, որ ԱՄՆ-ի Պառլամենտը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը․․․ Գալիս եմ լսարան ու պատմում եմ Մարկոյին։ Օանան խփում է ուսիս, որ էլ չխոսեմ պատմությունից։ Օանան չի սիրում անցյալից խոսել։ Մի պահ նայում եմ Մարկոյի տետրին։ Օանայի խզբզոցը դարձել էր մեծ աչքերով ճագար։ Մարկոն էր նկարել։ Օանան ժպտում է։