#SyuneciBlog
https://www.youtube.com/watch?v=tqig3d8IicM
Ես չգիտեմ էլ՝ ինչի համար խաչվեցին մեր ճամփաները: Քարտեզի վրա էլ չեմ գտնում՝ որտեղ հատեցին իրար: Ախր իրականում մեր աշխարհները հատման կետ չունեն: Իմ աշխարհի գարնանը ծառերին բողբոջներ կան, քեզ մոտ դեղնած տերևներ են: Քո ժպիտը իմ աշխարհում լաց է: Իմ բարևին ձեզ մոտ ցտեսություն են ասում: Ձեզ մոտ արևն է արևածաղկի կողմը թեքվում: Ձեզ մոտ հյուսիսը հարավում է: Ձեր ստերին մեզ մոտ հավատում են, իսկ կներեսը մեզ մոտ վիրավորանք է:
Երևի այդ օրը խավարում էր: Պետք չէր գալակտիկայից դուրս գալ ու Չգիտեմ-Որ ուղեծրում հանդիպել ու ցտեսությունիդ բարևով պատասխանել: Պետք էր այդ օրը տանը մնալ: Պետք էր ձեր աշխարհով սառը սուրճը գրկել ու կարդալ ձեր աշխարհով ձանձրալի, մերով՝ ապրեցնող գրքերը: Պետք էր դեմ չգնալ բնությանը ու չճանաչել քեզ:
Դուրս եկա ու հիմա կես ճամփին եմ: Ոչ իմ աշխարհ ընդունվեցի, ոչ՝ քո: Իմ աշխարհն ինձնից նեղացավ, քոնը ինձ չհասկացավ: Հիմա կես ճամփին եմ: Քարտեզի վրա ինձ չես գտնի: Ես իմ անունն եմ մոռացել: Քո աշխարհում կրակը ջուր էր նշանակում: Ես իմ նշանակությունն եմ կորցրել, ուր մնաց՝ ինձ գտնեմ: