Օրերից մի օր

#SyuneciBlog

Դուռը թակում են: Տանը մենակ եմ: Չորս պատերի մեջ էլ շունչ էակ չկա, եթե չհաշվենք մի ամիս առաջ նվիրածդ ծաղիկները: Չէ, իմաստ չկա նրանց հաշվելու: Էլ չեն շնչում, մեռած են: Ուրեմն՝ մենակ եմ: Դուռը թակում են:
Դուռը թակում են: Վերջին անգամ դռան թակոցին հաջորդել էին ծաղիկները, առաքիչի արհեստական ժպիտը: «Էս որ մի հիմարի մտքով էր անցել գիշերվա հազարին ծաղիկներ առաքել» ասող դեմքին սառած ժպիտ կար: Բայց լսվում էր՝ «Այս հրաշալի ծաղիկները ձեզ»: Ու երբ բանալին երկու անգամ պտտեցի կողպեքի մեջ, նրա ձայնն էր կրկնվում գլխումս՝ «Այս հրաշալի ծաղիկները ձեզ»: Դրան նախորդել էր նրա արհեստական ժպիտը և դռան թակոցը: Հենց այս թակոցի նման: Դուռը թակում են:
Դուռը թակում են, ու ես կտայի ամեն ինչ, որ ունեմ: Կտայի նույնիսկ ծաղկամանի մեջ մեռած ծաղիկնմերը, միայն թե էդ թակոցին չհաջորդի ինչ-որ առաքիչի արհեստական ժպիտ: Միայն թե ժպիտին չհաջորդի անգիր արած բառեր՝ «Այս հրաշալի ծաղիկները ձեզ»: Միայն թե դռան մեջ բանալին երկու անգամ պտտելուց հետո մենակ չմտնեմ տուն: Նորից չլսեմ դռան թակոցը մենակ: Նորից չկրկնվի հիման: 
Դուռը թակում են, ու ես մենակ եմ: Բանալին երկու անգամ դռան փականի մեջ պտտելուն հաջորդում են ծաղիկներ: Բայց այս անգամ առաքիչը չի ժպտում: Արհեստական ժպիտ չկա: Ծաղիկները պարզում է ինձ: Բայց ես չեմ վերցնում ծաղիկները: Չեմ խղճում նրանց: Թողնում եմ, որ ընկնեն միջանցքի հատակին: Թողնում եմ, որ մի քանի թերթիկ, թեկուզ՝ բոլորը պոկվեն ու ընկնեն հատակին: Ծաղկեփունջն ընկնում է: Ու ես գրկում եմ քեզ…Ոնց էի կարոտե՜լ: Բարև: