Բրյուսովը, ok-ը ու հայը

#SyuneciBlog
Հեյ: Եթե ինձ ճանաչում ես, ներողություն եմ խնդրում ու ցավակցում եմ, որովհետև հաստատ ականջդ տարել եմ արդեն իմ անգլերեն մեջբերումներով՝ Ok, like, hi, bye… Ես հոգուս խորքում շատ լավ գիտեմ, որ մակաբույծի պես հարամ են անում մեր ողջ խոսակցությունը, բայց կներես, ինքս իմ դեմ անզոր եմ:
Եթե ինձ ճանաչում ես ու հասցրել եմ քեզ նյարդայնացնել էդ բառերով, նաև կիամանաս, որ սովորում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, ու առաջին լեզուս համարվում է անգլերենը: Ես էլ, անկեղծ ասած, ուզում եմ լավ մասնագետ դառնալ: Մի պահ հաճելին ու օգտակարը համատեղեմ ու անգլերեն սովորողներին որպես խորհուրդ ասեմ, որ դրա համար ֆիլմերը նայում եմ անգլերենով, գրքերը կարդում եմ անգլերենով, մտքիս մեջ թարգմանում եմ այն, ինչ լսում եմ շրջապատում, և ի ուրախություն ինձ և ի հիասթափություն ձեզ, պետք է խոստովանեմ, որ վերջերս սկսել եմ անգլերեն մտածել որոշ չափով: Հիմա այստեղ հարց՝ ես, լինելով շատախոս, լինելով մաքսիմալ անկեղծ մարդ, որ խոսելուց հետո է մտածում՝ ինչ ասաց (չէ, չափազանցնում եմ, էդքան էլ անկեղծ չեմ, բայց մի խոսքով) ինչքան պետք է մտածեմ ու լարվեմ, որ չօգտագործեմ էդ բառերը:
Հիմա նայենք հարցի մյուս կողմին: Իմ ok, hi, bye օգտագործելով որոշվու՞մ է իմ հայրենասեր չլինելն ու հայերեն չիմանալը: Դե իհարկե՝ ոչ հարգելիս: Երբ դու բարևելիս ասում ես՝ պրիվետ, իսկ ես hi, այ այստեղ է որոշվում իմ հայրենասեր չլինելն ու հայերեն չիմանալը, որ քեզ չեմ հիշեցնում պրիվետ բառի ծագումն ու մեղադրում քեզ հայրենասեր չլինելու, հայերեն չիմանալու մեջ: 
Իսկ գիտե՞ս ինչու քեզ չեմ մեղադրում. ինձ համար հայրենասեր լինելն ու հայերեն իմանալը բոլորովին այլ ոլորտներում են արտահայտվում, բոլորովին այլ պատկերացումներ ունեմ ու ընդանրապես անիմաստ եմ համարում խոսել հայրենասիրությունից: Ես չեմ սիրում քննարկել այդ թեման, ինչպես չեմ քննարկում հավատն ու սերը:
Գիտեմ՝ չհամոզեցի: Բայց արի պայմանավորվենք. ես շարունակեմ ok-ներով խոսել, դու էլ ամեն անգամ ինձ տեսնելիս ասա՝ պրիվետ: Թող հայրենիքին դավաճանելը այսքանով վերջանա: Բոլորի մոտ: OK?