………այսօր ինձ բռնացրի առանց պատճառի ժպտալիս: Քրքրեցի մտքերս, որ գոնե մի պատճառ գտնեմ, որ հիմար լինելս բացառեմ, բայց (դժբախտաբար) չգտա: Ուրեմն ցնդում եմ: Առանց պատճառի ոչինչ չի լինում: Ամեն «ինչու» իր «որովհետև»-ն ունի: Ուրեմն պետք է պատճառ գտնեմ, քանի որ չեմ ուզում հիմարի տպավորություն թողնել ինքս ինձ մոտ:
Հիմա արդարացումներ եմ փնտրում ու ինքս ինձ հույս տալիս, թե ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ կարող եմ մի պատճառ գտնել այդ լայն ու լիաթոք ժպիտիս համար, որ ոչ միայն շրթունքներիս ու դեմքիս վրա էր արտահայտված, այլև աչքերումս: Չէ, սա արդեն չեղավ: Մի քանի անգամ ինքս ինձ հարցրի.
—Ուրախ ե՞ս
Առանց ամաչելու պատասխանում է` այո: Ասում եմ.
—Պատճառ կա՞
Սա էլ թե` թող մտածեմ: Մի րոպե, երկուս… Պատճառ չի գտնում ու շարունակում է անամոթաբար ժպտալ:
Հավաքիր քեզ, խայտառակ ե՞ս անում: Փակիր բերանդ, հազար ու մի խնդիրներ կան, հիմա ինչ` տեսնեն ժպտում ես, թողնեն, գնա՞ն: Բայց ինչ օգուտ… Ինքն էլի իր ուրախ դեմքով առաջ է գնում:
—Հետ արի, կանգնիր այստեղ, նայիր աչքերիս ու ասա` ինչու ես ժպտում:
Մի պահ լրջացավ (Փա~ռք Աստծո), նայեց ինձ` ուղիղ աչքերիս մեջ ու ասաց բարձր ձայնով (Իբր` որ մտածեր, չէի հասկանալու):
—Հա, ուրախ եմ, շատ ուրախ եմ, ավելին` երջանիկ եմ: Ոնց երջանիկ չլինես, որ ամեն առավոտ աչքերդ բացում ու լույսն ես տեսնում: Սուրճի բարձրացող գոլորշու միջով նայում ես քնաթաթախ արևին, ու մի կում սուրճով ջերմացնում ես քեզ էլ, արևին էլ: Մտնում ես երթուղային ու տեսնում վարորդի ուրախ դեմքը՝ ուղևորները շատ են, ու թքա՜ծ, թե հարմար չէ մի ոտքի վրա առաջին ժամի դասը կրկնելով հասնել Երիտասարդական: Ամեն առավոտ տեսնում ես էն նույն պարոնին, որ սիրում է շատ ակնհայտ ծամոն ծամել ու ամեն առավոտ մի նոր «Orbit»-ի տուփ է բացում, սիրով զիջում է տեղը կանանց ու սիրով էլ զրույցի բռնվում հետները: Հիմա հասկացա՞ր, Ինչ է` դու ուրախ չե՞ս:
—Հըմ, ես էլ եմ ուրախ: Ինձ էլ ժպտալ սովորեցրու: