Ամաչկոտ էր…Կարմրում էր մեկ-մեկ, մերթընդմերթ էլ աչքերն էր խոնարհում…այնքան, որ ոտքի տակն էլ չէր երևում: Երևի համոզված էր, որ ես կզգուշացնեմ, երբ ոտքի առաջ քար կամ փոս լինի: Մեկ-մեկ էլ երկինք էր նայում: Չէէէ…գոռոզ չէր, բնավ, հպարտ էլ չէր…էդ աստղերն էին նրան գերում, լուսնի ցոլքն էր ձգում նրա հայացքը վերև, հեռուները, ու ես զգում էի, թե ինչպես էր նրա աչքերում այրվում լուսնին ու աստղերին հասնելու տենչը: Մա իմ աչքերին չնայեց երբեք: Վախենում էր գերեի, թե գերվեի, չհասկացա երբեք, բայց կարոտ մնացի, որ մի ակնթարթ նայեր ուղիղ աչքերիս մեջ ու լռեր:
Երբեք չէր լռում, խոսում էր ամեն ինչից, ամենքից, գիտեր ամեն ինչ, բայց հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, հաճախ էլ հարցնում էր. “շատ եմ խոսում?” …երբեք դրական պատասխան չէր ստանում նրա այդ հարցը, ու դա նրանից չէ, որ կեղծավոր էի կամ չէի ցանկանում նեղացնել: Ես սիրում էի նրա ձայնը, նա կամ շատ արագ էր քայլում, կամ այնքան դանդաղ, որ մտածում էի, թե աշխարհը գնում է, իսկ մենք մնում ենք. երանի հենց այդպես էլ լիներ: Նա արագ քայլում էր, երբ նեղացած էր: Չէ..երբեք, երբեք նրան չեմ նեղացրել ու չեմ ասել վատ խոսքեր Նա նեղանում էր, երբ ասում էի, որ սիրում եմ նրան, այնքան պարզ ու հասարակ էր հագնվում, որ հաճախ էի ուզում տարիքի մասին հարցնել: Նա ամենևին էլ քսան տարեկան չէր: Նա հինգ տարեկան էլ չէր: չուներ տարիք. խոսքն ու միտքը շատ մեծի էին, արարքներով նա մանչուկ էր փոքրիկ: Իսկ ծիծաղը՝ մի կարկաչուն ծիծաղ, որ զրնգում էր, որ զրնգուն էր:
Դե նա հիմա չկա: Ես նրան վերջին անգամ տեսա փակ աչքերով: Նա այդպես էլ չնայեց աչքերիս մեջ. երևի վախեցավ, որ կգերվեմ: