Հանգերը մոռացած տողը շարունակելը սովորություն եմ դարձրել, չափերին ու ձևերին էլ չեմ տրվում, կաղապարներն անցնելու, մոռանալու ու արհամարհելու ժամանակն է: Ու երբ կաղապարներին չես տրվում, անհնար է մի քանի վանկանոց քառակուսիների մեջ ներսինդ արտահայտել, արտահանել մտածածդ:
Այդպես էլ քո կաղապարներն ինձ ձանձրացրին, այդպես էլ քեզնից հոգնեցի: Թողնել նամակդ անպատասխան… Էդ ինձ անհնար էր թվում: Էդ ոնց որ…թողնեմ սուրճը սառի: Սուրճս՝ չէ, բայց զգացածս սառեց, մտածածս ու տածածս սառեցին:
Սուրճը՝ չէ, բայց ես սառեցի:
Քո սառած աշխարհի քամիներն էին, որ ցուրտ բերեցին: Քո չզգացած զգացմունքներն էին, որ դատարկեցին ներսս: Իսկ ներսս այնքան լիքն էր, որ հիմա էլ տեղ չկա քայլելու, ուր մնաց՝ մնամ: Գնում եմ, նամակդ էլ անպատասխան եմ թողնում: Չեմ պատասխանում, որովհետև սուրճս սառում է: Գնում եմ սուրճ խմելու: