մի քանի օր առաջ խորհուրդ էի տալիս մեկին, որ հարցազրույցի ժամանակ անպայման հարցեր տա, քանի որ այդպես միայն կարող ես ցույց տալ, որ իսկապես հետաքրքրված ես քո պոտենցիալ ապագա աշխատանքով, քանի որ միայն էդպես կարող է կառուցողական զրույց ձևավորել։ դրա մասին նույնիսկ բլոգել եմ ժամանակին։
դրան զուգահեռ առաջին անգամ էսօր պարզեցի, որ գոյություն ունի «Ֆաբինգ» (phubbing) արտահայտությունը, որը նշանակում է զրույցի կամ հանդիպման ժամանակ զբաղվել ձեռքի հեռախոսով, նամակները կարդալ կամ սոց կայքը թարմացնել։ դե սա բացատրելը կարող է բավականին պարզ լինել՝ հասարակ անդաստիարակության օրինակ։ պարզվում է՝ էս դարում, երբ մարդու ամեն թերություն բացատրում են հիվանդության մի օրինակով, սա էլ է համարվում կախվածության տեսակ ու առաջարկվում են մի շարք լուծումներ՝ հեռախոսը հեռու պահել, ձայնն անջատել, որոշակի ժամեր տրամադրել և այլն… իմ կարծիքով սրա հիմքում նաև զրուցել չկարողանալն է։
ես էսօր ուզում եմ խոսել զրուցելու արվեստի, դրան տիրապետելու կամ չտիրապետելու մասին։ իրականում, ինչքան էլ չընդունենք, դժվար է լավ զրուցակից լինելը։ թեմայից տեղյակ լինելու, ասելիք ունենալու կողքին պետք է նաև մտքերը տրամաբանորեն շարունակել կարողանալ, ուշադիր լսող լինել։ անգլերենում լավ արտահայտություն կա՝ I’m all ears, եթե բառացի թարգմանենք՝ ես լրիվ ականջ եմ, այսինքն’ համակ ուշադրությամբ լսում եմ։
երկար զրույցների ընթացքում նկատած կլինեք, որ ինչ-որ սրճարանի մասին թեման կարող է այնքան ձևափոխվել, որ սկսեք խոսել նոբելյան մրցանակակրի մասին։ այս փոփոխությունները գրեթե անխուսափելի են, քանի որ մտքից միտք է ծնվում, քանի որ դիմացինի ամեն բառը, ամեն խոսքը քեզ մի բան կարող է հիշեցնել։ էստեղ քեզանից մեծ ուշադրություն ու վարպետություն է պահանջվում, որ թեմայի ճյուղավորումը բնական լինի ու դիմացինը հասկանա քեզ՝ ինչպես ու ուր տարար խոսքը։
զրույցի ժամանակ կարևորիր նաև ժեստերը։ հաճախ չգիտենք՝ ինչպես տեղեկացնել դիմացինին, որ ինչ-որ ասելիք ունենք ու անկախ մեզանից ընդհատում ենք նրա խոսքը։ գտեք տարբերակ ցույց տալու (հայացքով կամ ձեռքերով), որ ասելիք ունեք, որ ամեն անգամ չասեք՝ «խոսքդ շաքարով կտրեմ» (չգիտեմ՝ ինչի տանել չեմ կարողանում էս արտահայտությունը)։
որպեսզի ցույց տաք, որ հետաքրքրում է ձեզ դիմացինի պատմությունը, հարցեր տուր, մեկնաբանիր։ շատ ձանձրալի ես, երբ անընդհատ «հաաա…» ես անում։ մի տեսակ մարդու խոսել էլ չի գալիս։ եթե իսկապես չունես ասելիք, ասա՝ «չգիտեմ՝ ինչ ասել» կամ «հետաքրքիր բան ես ասում, բայց պիտի մտածեմ՝ ինչ ասել»։ անկեղծ եղիր քո ու դիմացինիդ հետ։ ի վերջո, սիրին չես, որ ամեն ասածին պատասխան ունենաս։
զրուցելը հրաշալի ա, ժամերով խոսելուց, խառը, տարբեր թեմաներ քննարկելուց ավելի լավ ժամանց դեռ չգիտեմ։ դրանով եմ լիցքավորվում։ բայց «անպատրաստ» զրուցակիցները կարող են փչացնել տրամադրությունս։ նույնը քեզ չեմ ցանկանում։
հոգ տար քո մասին