հեյ,
էսօր երեկոյան քայլելիս Ամիրյանի մայթերից մեկին փոքր բզեզ տեսանք, ու ես հիշեցի իմ մանկության ամենահիմար ու ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը։
մեր տան հետևի սարը (ես գիտեմ, որ շատերդ կպատկերացնեք մի քանի ժամ քայլելու ճանապարհ, իսկ ես բախտավոր էի, ընդամենը 5-10 րոպեի քայլելու ճանապարհ էր) մի քանի տարի առաջ աշխարհի ամենականաչ ու ծաղկառատ սարերից մեկն էր։ երևի չկար դաշտային ծաղիկ, որ էդտեղ չգտնեինք։ մարտ-ապրիլին ամբողջը ձնծաղիկների ծով էր, հետո դաշտը դառնում էր կապույտ ու դեղին զանգակների դաշտ։ դե չասեմ՝ ինչ մաքուր ու ինչ հաճելի օդ կար։ ափսոս՝ էդ ժամանակ չեմ գնահատել էդ, որովհետև մտածել եմ, որ էդպես էլ պետք է լինի էլի։ հիմա էդ սարը փշոտ ու անապատային տարածքա դարձել։ մեղավորներին չգիտեմ, պատճառը հաստատ չեմ կարող ասել, բայց հավանաբար շատ անխղճորեն արոտավայր դարձնելն էր։ ինչևէ, պատմությունը բզեզների մասին էր։
վերցնում էինք լուցկու տուփերն ու գնում բզեզներ հավաքելու։ ամեն տուփի մեջ մի հինգ-վեց հատ հավաքում էինք։ հաճելի բզզոց կար էդ տուփերի մեջ 10-12 տարեկան երեխայի համար։ որոշները սիրում էին բզեզների ոտքերից թել կապել, դնել տաք երկաթին։ տաքանալուց հետո բզեզը բացում էր թևերն ու թռնում։ ընկերներս էլ ուրախ հետևում էին էդ բզեզի թռիչքին։
իմ պլաններն այլ էին։ մեր դասարանի Արծրունի մաման բուժքույր էր։ ամեն տեսակի դեղեր ու ներարկիչներ կային իրանց տանը։ Արծրունը ամեն օր մի տարօրինակ դեղ էր բերում, ամեն օր մի տարօրինակ հեղուկ։ տարբեր դեղեր խառնում էի իրար, էնքան էի սրվակներ բացել, որ արդեն ինձ փորձառու բժիշկ էի պատկերացնում։ մի դեղը մյուսին խառնելիս տարբեր գույներ էինք ստանում, բույսերից հեղուկ էինք քաշում ներարկիչներով՝ կանաչ ստանալու համար, անձրևաջուր էինք հավաքում, էդ էլ էր մեր «թույների» բաղադրիչը։ հիմա պատմության ամենադաժան մասը։
էդ մեր հայտնաբերած տարբեր «թույները» մենք ներարկում էինք բզեզների մեջ։ մի տեսակից բզեզը ուղղակի չորանում էր, մնում տեղում, մյուսից ուռչում էր, որոշ ժամանակ անց հեղուկը մարմնից դուրս էր գալիս, նորից երջանիկ թռնում էր բզեզը։ ու ես ինձ էնքան ուժեղ էի զգում էդ թույներով։ ես համոզված էի, որ դրանք վտանգավոր էին կյանքի համար։
հիմա հավաքածս բզեզների քանակի հազարապատիկ չափով ամաչում եմ էդ մանկությանս էդ զբաղմունքի համար։ խղճում եմ էդ բզեզներին։ բայց նաև մի քանի հազար անգամ ավել կարոտում եմ էդ անհոգ ու հիմար ամառները։ էդ ինչ-ուզում-ես-արա-երբ-ուզում-ես-արա ամառները։ էդ դաշտերի մաքուր օդը, հազար անգամ քարերին ընկած լինելու պատճառով վերքոտված ծնկներն ու արմունկները, սևացած դեմքն ու գզգզված մազերը։
էսօր Անդրանիկը հարցրեց, թե եթե հետ գնալու ու ինչ-որ պահի ինչ-որ բան փոխելու հնարավորություն լիներ կյանքում, ինչ կփոխեի։ երևի ուղղակի բզեզներին չէի սպանի։ մնացած ամեն ինչը ներելի են։
հոգ տար քո մասին