բոլգերների միջազգային օրը

Հեյ,

ամեն տարի մոռանում եմ էս օրվա մասին ու օրվա կեսին մի տեղից կարդում, ու ամեն տարի նույն արտահայտությունն եմ անում՝ վաաա՜յ էսօր մեր տոննա…էս տարի մի տեսակ տարբեր էր։ մամաս առավոտյան շնորհավորեց ու առավոտս սկսեց տոնական տրամադրությամբ։ այո, ես ինձ համարում եմ բլոգեր։ թող լինեմ կամ թվամ միքիչ մեծամիտ, բայց ես գրում եմ, գրում եմ սիրով, գրում եմ, որովհետև կարծում եմ, որ դա ճիշտա, գրում եմ, որովհետև կան մարդիկ, որ մեկ-մեկ կարդում են ու գրում եմ, չնայած շատ քչերն են կարդում։

էսօր Անդրանիկի հետ խոսում էինք, որ ինստագրամշիկներն ու տիկտոկերները փչացրել են «բլոգեր» բառը։ երբ մեկին ասում եմ, որ բլոգում եմ, անպայման պատկերացնում են, որ ինստագրամում եմ կամ տիկտոկում։ հետո երբ հարցնում են՝ ոնց հետևենք քեզ ու ես ասում եմ կայքիս անունը, մի տեսակ անդուր լռությունա լսվում։ ուղղակի արդեն էնքան ենք ասել, որ ինստագրամն ու տիկտոկը հավերժ չեն, եթե արժևորում եք ձեր ստեղծած նյութը, տեղադրեք դա ձեր իսկ սեփական հարթակներում, որ էլ չեմ խոսելու էդ մասին։ (անամոթ սուտ)

մի քանի ամիս առաջ ստացա աշխատանքի առաջարկ՝ բլոգներ գրել գերմանական մի ընկերության համար ու սիրով ընդունեցի։ կա շատ մեծ տարբերություն՝ գրել ինչի մասին, որ ուզում ես-ի և գրել, որովհետև ուզել են, որ դրա մասին գրես-ի մեջ։ ինչ խոսք, քանի որ շատ հողեղեն եմ, ինձ դուր ա գալիս գրել ինչի մասին, որ իսկապես ուզում եմ, բայց դե գրել ու դրա դիմաց գումար վաստակելն էլա շատ հաճելի։ ։Դ

մի քանի օր առաջ խոսում էինք Հայաստանի լավ դպրոցների մասին ու Նորայրը նշեց Մխիթար Սեբաստացին ու կարևորեց՝ էնտեղ երեխեքին սովորեցնում են, ստիպում են բլոգել։ Ես լիովին համաձայն եմ Նորայրի հետ, հիշում եմ, երբ առաջին (ու վերջին) անգամ էդ դպրոցում էի ու գաղափար չունեի բլոգելու մասին, տեսա, թե ինչպես են հինգ-վեցերորդ դասարանի երեխաները համակարգիչների առաջ նստած իրենց սեփական հարթակը ստեղծում ու բլոգում։ Միգուցե դա էլ էր պատճառ, որ 2016 թվականին որոշեցի ես էլ իմ հարթակն ունենալ ու գրել, միգուցե Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ինձ էլա սովորեցրել բլոգել։

ավելի մեծ անկախություն ու պաշտպանվածության զգացողություն, քան քո սեփական հարթակում գրելն է, չկա։ ես համոզված եմ, որ իմ բոլոր բլոգներն ու նկարները կլինեն օնլայն ու հասանելի էնքան ժամանակ, ինչքան, որ ես ուզեմ, ինձ ոչ մեկ չի արգելափակի, մի օր չեմ արթնանա ու իմանա, որ իմ հարթակը վաճառել են։ բացի դրանից, որ ավելի կարևոր ա, ես չեմ ստիպում մարդկանց գրանցվել էս կամ էն սոց ցանցում ինձ կարդալու համար։ նրանք ստիպված չեն անձնական տվյալներ տալ իմ նյութերը կարդալու համար։ կարող են պարզապես բացել կայքն ու կարդալ, կամ RSS հոսքը վերցնել ու դրանով հետևել ինձ։

բլոգեք ազատ ու ազատության մասին։

մի սպասեք, որ ինչ-որ ալգորիթմ պետք է ձեր նյութը ավելի շատ տարածի։ շատ արհեստական ու կառավարելի եք դառնում։

շնորհավոր բոլոր էն մարդկանց օրը, որ գրում են ազատ համակարգերում ազատ համակարգեր սիրող մարդկանց համար։ էսօր իսկապես ձեր տոննա։

հոգ տար քո մասին