թվերն ու թվականները

հեյ
մի քանի օր առաջ անգլերենի դասին ուսանողիս բացատրում եմ, որ անգլերենն ունի in his/her twenties կամ in his/her teens արտահայտությունը, որը նշանակում է՝ իր քսանականներում կամ տասնյակում։ այսինքն մարդը քսան ինչ֊որ տարեկան է, կամ տասը և ինչ֊որ տարեկան։ ու ափսոսում եմ, որ հայերենում կամ չունենք, կամ չկա կիրառությունը, քանի որ եթե ուզում ենք ասել տարիք, սակայն հստակ նշել չենք ուզում, ասում ենք «քսանքանի» կամ «երեսունքանի», ինչը իմ կարծիքով էդքան էլ լավ չի հնչում։ ու ես հիշում եմ, որ հաճախ անգլերեն մտածելիս ու հայերեն խոսելիս ասում եմ՝ իր քսաններում մի մարդ ու զգում եմ թարս հայացքներ։ դե հա, արդարացված են, քանի որ ընդհանրապես հայերեն չի։ 
լավ, ինչու՞ եմ էս մասին խոսում գիշերվա հազարին, քանի որ էսօր մի պահ գնահատեցի, թե ինչ հրաշալի օրեր են մարդու քսանականները։ քսանքանիսում դու խենթ ես, անկառավարելի, ազատ ու հազար ու մի խնդիրներով։ դու արդեն հասուն կյանքի դռնից ներս ես մտել, բայց նաև դուռը բաց ես  թողել ու ինչ֊որ տեղ դու դեռ տասնըքանիս տարեկանի խենթ ու խելառ կյանքն ես վարում։ 
մենք ունենք արդեն աշխատանք, որը սիրում ենք կամ՝ չէ, ունենք աշխատավարձ, որը գրեթե երբեք չի հերիքում, մենք որոշում ենք նոր մասնագիտություն սովորել, հազար ու մի բիզնեսներ ենք փորձում, ձախողում ենք տասնվեց անգամ ու կիսահաջողում ենք ինչ֊որ պահի։ մենք առողջ ապրելակերպի քարոզներ ենք անում ու գիշերվա հազարին գարեջուր ենք խմում ծխի մեջ կորած փաբերում ու ուտում ենք ամենավատ սնունդը։ 
մենք երեք օր արթուն ենք մնում, մինչդեռ վստահ ենք, որ օրգանիզմին ճիշտ քնի ռեժիմ է հարկավոր։ մենք ապրում ենք հոսանքին հակառակ ու հակառակվում ենք ինքներս մեզ էլ։ 
մեր բոլոր երազանքները հիմա իրականանալի են թվում․ վստահ ենք, որ ժամանակ ունենք, իսկ հնարավորությունները ստեղծվում են դանդաղ։ մենք նայում ենք առաջ, մեկ էլ հիասթափվում ու փախչել ենք ուզում, մեզ դուր չի գալիս ոչինչ, ու մենք սիրում ենք բոլորին։ 
մեր քսանակնները մեր ամենասիրուն տարիներն են, խնդիրաշատ ու լուծում գտնելու էներգիայով։ ամենահիմար քայլերն ու ամենախելացի մտքերը ծնվում են հիմա։
ու թե դու էսօր ինչքան ես հարբել, վաղը գնալու ես առավոտյան վազքի, նախաճաշում ես, թե միայն դառը սուրճ ես խմում, քեզ մի բան կասեմ հաստատ՝ ոչ մի միտք կիսատ չթողնես, ոչ մի երազանք օդում։ եթե տարիքիդ առաջին թվանշանը երկուս է, դու ամեն ինչի ժամանակ ունես, դու ամեն ինչ կարող ես։ 
․․․․․դեռ միայն այսքանը։ երեսունականների մասին կխոսեմ․․․․ըըըը․․․․ մի քանի տարի անց։ 
հոգ տար քո մասին