կյանքը՝ ռիսկ

հեյ,

էսօր որոշեցինք Գողթից ավտոբուսով իջնել Գառնի ու քայլել դեպի Քարերի Սիմֆոնիա։ դեռ չէինք հասկացել՝ ուշացել ենք ավտոբուսից, թե հիմա կգա, երբ մի անծանոթ մեքենա կանգնեց, մի կին դուրս եկավ մեքենայից ու անգլերեն հարցրեց, թե մենք էլ ենք Գառնի գնում։ Առաջարկեց միանալ, չմերժեցինք։ Իսպանացիներ էին։ ամուսիններ։ իսպանիայի հյուսիսից։ Բիլբաո քաղաքից։ քաղաքի անունը հիմա հիշում եմ միայն էն պատճառով, որ կապեցի Ատլետիկ Բիլբաո ֆուտբոլային ակումբի հետ։ ընդհանրապես, եթե ուրիշների համար Բրազիլիան է ֆուտբոլի առաջին ասոցիացիան, չնայած, որ խաղը ստեղծվել է Անգլիայում, ես սիրում եմ իսպանական ֆուտբոլ։ ասացին, որ առաջին օրն են Հայաստանում, ու դեռ ոչինչ չեն հասցրել տեսնել, գնում էին գնումներ անելու։ մենք էլ ասացինք, որ Քարերի Սիմֆոնիան ենք գնում տեսնելու։ թենքյու, բայ արեցինք ու իջանք։

ճանապարհին, երբ արդեն ոտքով էինք, մի քանի դատարկ մեքենա կողքներովս անցավ ու ես շոգից հալած մտածեցի՝ իսպանացիների չափ էլ չկան՝ առաջարկեն տանել։

ընդհանրապես իմ համար ինչ-որ մեկին ճանապարհից վերցնելը անսովոր չի, ընդհակառակը՝ նորմալ եմ համարում։ մանկուց տեսել եմ, որ պապան երբեք դատարկ մեքենայով ոչ մի տեղ չէր գնում, ոնց էլ չլիներ՝ մի հոգու կվերցներ ճանապարհից։ քանի որ մեր գյուղը Երևան-Մեղրի ավտոմայրուղու հենց կողքին էր, ոնց էլ չլիներ կտեսներ հոգնած զբոսաշրջիկների, որ ավտոստոպով են ճամփորդում, կհրավիրեր տուն, կհյուրասիրեինք, կուղեկցեր, ինչ-որ մի կերպ կպատմեր հետաքրքիր ու դիտարժան տեղերի մասին ու խորհուրդ կտար այցելել։

ինչևէ, ներքևում շատ զարմացանք, երբ տեսանք մեր իսպանացի բարեկամներին։ որոշել էին իրենք էլ գնումներից հետո հետևել մեզ։ ասացին, որ հաճույքով մեզ հետ կբերեն ճամբար։ առաջին անգամ էի տեսնում Քարերի Սիմֆոնիան ու շատ տպավորվեցի։ շոգը նեղում էր, բայց ուզում էի քայլել՝ հաշվի առնելով ոնցա անցնում իմ միջին վիճակագրական օրը (նստած)։ ուզելը ապրեցնումա, կարողանալը սպանում։ չմերժեցինք առաջարկն ու իրենց հետ մեքենայով վերադարձանք։

ճանապարհին Անդրանիկը պատմում էր Հավուց Թառ վանքի ու թշնամու հարձակման ժամանակ զանգերի միջոցով եկեղեցուց եկեղեցի լուրը փոխանցելու մասին։

ճաշին մեր իսպանացի ծանոթները մեր կողքին էին։ Անդրանիկը նրանց հայկական/վրացական ուտեստ հյուրասիրեց։ սիրուն էր, հաճելի էր, զարմացան, բայց իմ ուղեղը սկսեց այլ վերլուծություններ անել։

մեր ամեն քայլը ինչ-որ մակարդակի ռիսկ ա պարունակում։ մենք չգիտեինք՝ ինչպիսի վարորդ էր, որ համաձայնեցինք իր հետ գնալ։ հատկապես, երբ վարձել են մեքենան և ծանոթ չեն տեղանքին։ մենք չգիտեինք, թե ուտեստը, որ հյուրասիրեցինք, ինչպես էր պատրաստված, ոնց կազդեր նրանց վրա։ մենք ոչ մի բան չգիտենք ամեն հաջորդ վայրկյանի մասին։ հաճախ անում ենք քայլեր առանց մտածելու հետևանքների մասին, պարզապես ներքուստ զգալով, որ սխալ չենք անում։ միայն հետհայաց են դրանք ռիսկային երևում։

վերջերս տարվել եմ Ջոն Գրինի գրքերով ու էսօր էլ գիրքը կարդալուց անմիջապես հետո նայեցի Looking for Alaska գրքի հիման վրա նկարած ութ(ոչ այնքան բազմա-)սերիանոց ֆիլմը։ դե ոնց որ միշտ՝ գիրքն ավելի տպավորիչ էր։ բայց կարևոր գիծը պահպանված էր՝ լավագույն հարցերն անպատասխան են մնում։ հիմա իմ հարցերից մեկը՝ ինչպե՞ս ենք մի վայրկյանից էլ քիչ մտածում ինչ-որ բան անելուց առաջ, երբ հետևանքը կարող է ժամեր ու ամիսներ խլել մեզանից։

հոգ տար քո մասին