հեյ
մի հաճոյախոսություն ունենք, որ երևի բոլորդ էլ լսել եք ամենաանկեղծ, հարբած կամ գիտակից պահերին՝ քո նմանը չկա։ դե հա, լռելյայն բոլորս էլ տարբեր եք, եզակի ենք մեր տեսակի մեջ։ իհարկե, հիմքը, կաղապարը նույն է՝ մարդ ենք, սափիենս ու մանավանդ հոմո (երբեմն)։ բայց էս ամենի մեջ, ինչպես միշտ, չնայած հարմարվողականությանը, որ ամենակարևոր հատկանիշներից մեկը եղավ մեր գոյության ու գոյատևելու հիմքում, մենք փոփոխության ենք ձգտում, մենք տարբերվելու հակում ունենք, մենք ուզում ենք ուրիշ լինել, կամ ուրիշը լինել։
ու հիմա հարց է առաջանում՝ լինե՞լ, թե՞ չլինել․․․․ուրիշ։
լսել եք չէ՞, որ մարդիկ հիմնականում խուսափում են կարմիր մեքենա գնելուց, քանի որ շատ ավելի հեշտ է տարբերակել կարմիրը, քան օրինակ մոխրագույնը կամ սևը։
լսել եք նաև, որ օրինակ «սպիտակ ագռավներին» չեն սիրում, կամ երբ ինչ֊որ մեկը խմբից դուրս է մնում, տուժում է ինչ֊որ իրավիճակում, ասում ենք՝ մեջների շեկն էր։
ուրեմն ինչու՞ ենք տարբերվել ձգտում։ չձանձրանալու/չձանձրացնելու համա՞ր։
ես երբեք բաց չեմ թողնում անցորդներին նայելու առիթը։ երևանը շատ ավելի հետաքրքիր է դարձել վերջերս այդ առումով։ նոր դեմքեր կան, նոր գույներ կան, նոր ոճեր են քայլում, նոր հագուստներ․․․սպորտային կոշիկներ ու կտորից պայուսակներ։ երբ դեռ առաջին կուրսում էինք՝ մոտ ութ տարի առաջ, երևանի անցորդների գույնը սևն էր, մոխրագույնը։ հիմա ավելի շատ կարմրահերներ կան։ ու կապտահերներ էլ (:
իսկ գույներից զատ մենք տարբերվում ենք, մենք ձգտում ենք ուրիշը լինել, քանի որ այդ ուրիշ տեսակի մեջ մենք գտնում ենք նրանց, որ գնահատում են էդ ուրիշը։ այստեղ գտնում ենք ընկերներ, թիմ կամ հենց նրան․․․ դառնում ենք ավելի ստեղծագործ, չենք վախենում փորձել, փորձարկել, թեկուզ հենց մազերի գույնը։ որոշում ենք ներկել մեր սենյակի գույները երբևէ չտեսնված մի գույնով, թեքվում ենք մեյնսթրիմից, չենք նայում այն սերիալը, որը բոլորին է դուր գալիս (չգիտեմ՝ ինչքանով է դա էական տարբերվելու համար, բայց կան մարդիկ, որ հենց ինչ֊որ բան չանելով են տարբերվում), հոբիներ ենք գտնում, արդեն մոռացված երգեր ենք լսում, կարդում ենք ինչ֊որ փախած հեղինակի գրքեր ու ճամփորդում ենք էն երկրներով, որ ոչ բոլոր զբոսաշրջիկներին են կանչում․․․
մեր ամեն՝ տարբերվելու ձգտող քայլը բնորոշում է մեզ ու մեր տեսակը։ մենք, այնուամենայնիվ, էդ ճանապարհին փոխվում ենք ու աճում, զարգանում ենք մեր որոշած ուղղով։ ինչևէ, տեղում չենք մնում, ինչը ամենակարևորն է։ փոփոխությունների էս դարում, որտեղ թե քիչ էլ մնա, արևը արևելքում մայր կմտնի, նույնը մնալը ոչ թե ձանձրալի, այլ պարզապես անընդունելի է։ ամեն վաղը երեկվանից երկու անգամ տարբեր պետք է լինի, իսկ դրա համար անընդհատ փոխվել, զարգանալ է պետք։
իսկ եթե նկատվել չեք ուզում, իսկ եթե ուզում եք մոխրագույն մեքենա լինել, ինչը երբեք վատ չի, քանի որ ձեր ընտրությունն է, հիշեք, որ ձեր տեսակին հավատարիմ մնալը ավելի անկեղծ է ձեր անձի հանդեպ։
օրվա վերջում գլխավորը ազատությունն է՝ մեր կյանքի, որոշումների, նմանվելու ու տարբերվելու մեջ։
հոգ տար քո մասին