հիշում ե՞ս

հիշու՞մ ես մի օր, որ չէինք մտածում տան վարձի, կանաչի գնելու ու լվացքի հեղուկի ընտրության մասին, հիշում ե՞ս, որ անում էինք էն, ինչ սիրում էինք, հիշում ե՞ս, որ միակ բարդ խնդիրը մեր առաջ Դուրյանի «Լճակը» անգիր սովորելն էր, նայեինք՝ մաման չի նայում, հյուրերի համար պահած շոկոլադները թռցնելն էր, սպասեինք՝ տնեցիք քնեին, որ երկար կոմպի դիմաց նստեինք։ Հիշում ե՞ս ինչքան էինք սպասում վաղվան՝ շուտ քնեմ, որ վաղը շուտ գա, մամ քանի օր պիտի քնեմ-արթնանամ, որ նոր տարին գա, հիշում ե՞ս։ Մամ, մեծ սլաքն ու փոքր սլաքը որի՞ վրա պիտի լինեն, որ մուլտս միացնեմ։

Հիշում ե՞ս, որ լացելն ամոթ չէր, բայց ասում էին՝ ամոթա, մի լացի։ Հիշում ե՞ս, որ նոր տարին մեր տոնն էր, մենք չկայինք ստալիչնի-բլինչիկ կռվում, մենք սպառողն էինք։ Հիշում ե՞ս, որ մենք հյուրերի վերարկուների վրա հանգողն էինք, մինչև մաման ազատվեր, տեղաշորը բացեր ու քնացներ մեզ։

Հիշում ե՞ս, որ չէինք մտածում կյանքի իմաստի մասին։ Ընդունում էինք, որ դե տենց էլ պիտի լիներ։ Ինձ արագիլը բերելա, էս իմ մաման-պապան են, էս իմ քույր-եղբայրն են ու ես իրանց հետ եմ ապրում։ Հիշում ե՞ս, որ չէինք ասում՝ իսկ ինչի ես պետք ա ապրեմ, իսկ ինչի՞ հենց ստեղ, իսկ ինչի՞ հենց հիմա։

Հիշում ե՞ս, որ մի շոկոլադով մեր սիրտը շահում էին, մեր օրը լցվում էր, հիշում ե՞ս, որ արմունկներին ու ծնկներին տարին երեք հարյուր վաթսունհինգ օր վերքեր կային։ Հիշում ե՞ս ոնց էինք նայում՝ մաման չտեսնի, որ ընկա, թե չէ տուն կկանչեր։ Հիշում ե՞ս ոնց էինք փոշոտ ու քրտնած, բայց վառվռուն աչքերով տուն գալիս արագ մի բան ուտելու ու էլի դեպի փոշիները, գնդակը, պարանը, պահմտոցի-հալամուլան վազելու։

Հիշում ե՞ս ընկերներիդ գոռոցը պատուհանի տակ։ ու հիշում ե՞ս՝ ոնց էիր խնդրում ծնողներիդ, որ թողեն՝ դուրս գաս խաղալու։ Հիշում ե՞ս՝ ոնց էինք խոստանում, որ էդ օրը կսովորենք անգիրը ավելի արագ, որ կհավաքենք սենյակը, մենակ թե թողնեին խաղալու գնալ։

Հիշում ե՞ս ոնց էինք լացում, երբ մեկա էդ խոստումները օգուտ չէին տալիս ու հիշում ե՞ս ընկերներիդ հիասթափված դեմքերը, երբ ասում էիր՝ մաման չի թողնում։

կգա՞ս հետ գնանք ըտեղ։

ստեղ շատա, ստեղ բարդա, ստեղ լվացքի հեղուկի գինն իմանալ ու լավ հոտովը ընտրել կա, ստեղ տան վարձ կա, 9-5 աշխատանք կա, շեֆին դիմանալ կա, հազար ու մի բանի դիմանալ կա, ստեղ բոլորին հասկանալ, ընկերներ ընտրել կա, տողատակեր կարդալ կա, կեղծավորությունը հասկանալ կա, սուտը մարսել կա, առավոտը մեջքի ցավից արթնանալ կա, բժիշկներից վախենալ չկա, որովհետև արդեն ընկերացել ես հետները, ստեղ կռիվ կա, ստեղ մահ կա, ստեղ պատերազմներ են, ստեղ նորություններ են, ստեղ ցույցեր են, ստեղ տհաճա։

կգա՞ս հետ գնանք։

ես ձևը կգտնեմ։