Կարգերով պահոցներ՝ Uncategorized

եսից

չսկսված առավոտ ու մտքեր

գնալու սկիզբն է
աթոռին կիտված գրքեր
ոչ մի բանով իրար նման էջանշաններով.
չընդունված հրավիրատոմս
նախանցած տարվա օրացույց
թղթե ինքնաթիռ
տերև՝ աշնանից մնացած
երևի գնալու բոլոր սկիզբներն էլ նույնն են
վերջն էլ է նույնը երևի
տարբերել գնալը տանելուց 
թողնել նոր գնալ սովորել
ետ գալուդ սպասող չկա
ժամանակը ջնջելու է քեզ էլ
որովհետև ուժեղն ինքն է…
որովհետև բոլորն իր հետ են 
որովհետև ինքը հասցնում է բոլորի մոտ լինել
իսկ դու գնում ես մենակ:

the hidden side of the moon

աշխարհի բոլոր բառերը
բառարաններում թերթերում
ցուցանակներում
ցուցակներում
խոսում են քո մասին…

աշխարհի բոլոր ձայները
երգում են քո սիրած երգերը

ու բոլոր դռները բացվում են դեպի քեզ…

աշխարհի բոլոր ճամփաները
բերում են քեզ մոտ

ու բոլոր տողերը լցվում են քո մասին
խոսքերով…

աշխարհի բոլոր լույսերը լուսավորում են
ու բոլոր գույները գունավորում են
քեզ

զուգահեռ ուղիները հատվել են քո աշխարհում՝
ուրիշ
այլ
իմը…

Նորը

ինչ-որ տեղ սողալով

վազքի մեջ
անցավ մեկ օր էլ.
չորացած ծաղիկները 
չթողեցի սեղանիս այսօր 
ձեռքով արեցի փողոցային շներին
ու սպասեցի ձյան գալուն
մի երկու նշում արեցի
դեղին թղթի վրա
ու ամրացրի սեղանիս
վաղվա համար.
մի քանի անգամ զանգ եկավ
չպատասխանեցի.
ինչ-որ տեղ սողալով 
փակեցի սենյակիս դուռը դրսից
վաղվա համար 
ու գլխարկս վրաս քաշելով
հեռացա քաղաքից.

վերնագիր ասա էս ամեն ինչին

գիտես՝
ամենևին պետք չէ ջարդել սենյակիդ պատերը գլխով
պատառոտել հին նամակներն ու
խարույկի մեջ այրել լալով
կարիք չկա ոռնալ բարձի մեջ ամեն գիշեր
կամ նետվել պատուհանից
ոտաբոբիկ դուրս գալ 
ու քայլել քաղաքի մայթերով 
մրսել
պարզապես հաշտվիր 
որ ճշմարտության հակառակ երեսն էլ
ճշմարիտ է
պարզապես նկատիր 
որ ամեն ինչ հոսում է գետերի նման 
ու չի մնում ոչինչ երեկվա պես
պարզապես ընդունես երևի 
որ ամեն ինչ մի տեղ ունի գրված՝ վերջ։ 

ինձ մի հիշեցրու այն ինչը չեմ մոռացել

ճմրթված հիշողություններս
վերցնում եմ աղբամանից
դնում եմ սեղանին ու
ուղղում եմ ծալքերը

մեկ-մեկ կարդում եմ
ծալված տողերի տակից
լսում եմ կարոտի քայլը

հետո բառերը իջնում են սեղանից
ու սողում են դեպի դուռս

չգիտեմ
թե քեզ մոտ են գալիս
թե մենակ  ես
տար
ես դատարկ թղթերը նորից աղբամանը նետեմ

հոգիս խաղաղ է
հիշողություններս քեզ հետ են…

եսէլչգիտեմթեինչ

***

ու ես ստիպված
երեսիս եմ քաշում հատակը
որ չզգամ ինչով է 
բարակում հոգիս
ու դառնում դեղին…

ու ես չուզենալով եմ
երեսիս քաշում հատակը
որ այդքան ճմրթվել է
գնացողների քայլերից…

ու ես նայում եմ արդեն
ներքևից
ու մնում եմ կորած

***

եթե փնտրես էլ…
փնտրիր ինձ փոշոտված ձայներիզներիդ դարակում,
փնտրիր ինձ կիթառիդ մաշված պատյանի մեջ,
փնտրիր ինձ այդ ձմեռվա վերարկուիդ գրպաններում
կամ փնտրիր ինձ մաշված գրքերի արկղում
մինչև գրքերը հանձնելը…

եթե չփնտրես էլ,
ասենք՝ չես էլ կարոտել…
չթողնես ինձ էլ խառնեն
մեռնող թղթերի քաոսին…

եթե չփնտրես էլ…
ես ուզում եմ իմանաս,
որ չեմ երազել գրվել ու մոռացվել….
երգը լսվում է, երբ միացնում են…

գողացված էր տողը վերջին…

գիշերվա հազար

դու չունես ոչինչ
որ չունի անծանոթը
դու չունես ոչ ինձ
ոչ էլ իմ կարոտը…

քեզանից հետոն երկար տևեց
զարմանալի
ավելի կարճ էր քան քեզ հետը

ու ճանապարհը որով կքայլեի
քեզանից տանողն է
ոչ թե դեպ քո մոտը…

ես մեղավոր չեղա
ես չեղա հեռացող
արդարացում գուցե գտնեմ լուսնի վրա

քո փոխարեն կթողնեի ջուրը
հոսեր առանց հողի
առանց պղտորվելու

ջուրը մաքրվելիս
քարերին է զարնվում
քարերն էլ դե գիտես
արյուն ունեն…

***

#SyuneciBlog

հետո թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…
ես Նարեկացի երբևէ չեմ դառնա
բայց աշխարհի ծովերը թանաք կդարձնեի
մեն մի բանի համար
թե չլիներ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ լինի երբեք Էյնշթեյն
ու չեմ ստեղծի տեսություն
որի վրա ջարդվի հազար գլուխ, հազար ուղեղ ու միտք
բայց մի միտք է հիմա իմ գլուխը ջարդում
ինչու եղավ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ ուզում դառնալ այն աղջիկը
որին պատմությունը կոչեց Ժաննա դ՛Արկ
բայց խարույկներ ինչքան պիտի վառվեն
որ չլինի այնպես
ինչպես եղավ….
իսկ ինչ եղավ…
թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…

ձմեռ էր

Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի  կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)…
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։

Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։

Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։

Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։

***

դու, որ ամեն օր
այստեղ ես գալիս
անցյալի կտրած թելը կապելու
թե քարկապելու,
չե՞ս հիշում խենթս
որ կտրելիս
կարճանում է
նույնիսկ հենց թելը…