Կարգերով պահոցներ՝ Uncategorized

Վեգան: Հայաստանում:

հեյ
ես երբեք չէի ուզենա գրել էս մասին, քանի որ շատ անձնական թեմա եմ համարում, բայց խնդրում եմ, ախր Հայաստանում ինչ անձնական կյանքի մասին է խոսքը, երբ ցանկացած ծանոթ տեսնելիս հարցնում ա՝ բա ինչքան աշխատավարձ ես ստանում, բա ինչի չես ամուսնանում, բա ինչի եկար Գերմանիայից․․․․ ու էդ հարցերից ամենավատը՝ բա ինչի չես միս ուտում։ 
նախաճաշ Ամստերդամում

երբ որոշեցի, որ այլևս սննդակարգիցս բացառելու եմ կենդանական ծագման ցանկացած ուտեստ, բավականին երկար ու խորը ուսումնասիրություն արել էի ու մի օրվա, մի վայրկյանի որոշում չէր։ Էդ ուսումնասիրութուններին զուգահեռ ես ինձ համար ընտրեցի նոր կենսակերպ, ու ինչքան էլ ցավում էի էն մոտ մարդկանց համար, որ շարունակում են վնասել օրգանիզմին, հստակ որոշեցի ոչ մեկին ոչ մի դեպքում չհամոզել հրաժարվել մսից կամ կաթից․․․ քանի որ հասկանու՞մ եք՝ դա անձնական կյանք է, անձնական որոշում, գիտակցում և այլն․․․ 

Գերմանիայում շատ ավելի հեշտ էր, զի roommate-ս շատ, չափից շատ հանդուրժող էակ էր, մենք, ինչքան էլ նման ենք, ունեինք մեր տարբերություններն ու իրար հասկանում, ընդունում էինք։ Հայաստանում սկսեց մի փոքրիկ պատերազմիկ։ Հենց առաջին օրվանից՝ ո՞նց, բա դու խորոված հիմա չես ուտելու՞։  

վեգան թխվածքաբլիթներ
made by me

ընտանիքիս անդամները շատ ավելի հեշտ տարան կյանքիս էս փոփոխությունը, քան սպասում էի։ Մի քանի հատ՝ իմ սարքածները չես ուտում, մի քանի ճաշկերույթի ժամանակ՝ բա դու հիմա ինչ ես ուտելու ու վերջ․․․ հետո իմ համար հատուկ ուտելիք են առանձնացնում ու yeah, kind of feeling special… 

ընկերներս…գրկ իրանց․․․ Արփիենց տանեցիները օրինակ, ամեն անգամ, երբ ես եմ հյուր, պատրաստում են ինձ համար հատուկ․․․ Իսկ դե եթե դրսում ենք ուտում․․․ասումա՝ կներես, բայց ես միս եմ ուտելու ։Դ 

շատերը կարծում են, որ դժվար ա Հայաստանում վեգան ապրելակերպ ունենալը։ Ես կասեի՝ հա, գուցե միքիչ թանկա։ Դժվար չի։ Նույնիսկ, եթե վեգան take away կապուչինո եք ուզում, Սայաթ-Նովայի վրա Օպերայի մոտ սիրուն աղջիկներ կան, որ ձեր համար կսարքեն կապուչինո սոյայի կաթով։ Yey! 
ու հա, մենք մենակ կանաչի չենք ուտում։ Ընդհակառակը՝ բավականին բազմազան եմ սկսել սնվել, նոր բաղադրատոմսեր եմ գտնում կամ հորինում ու եթե պետք լինի, դիմեք։ 
գրկ։

թե ինչի մասին եմ մտածում գիշերվա հազարին

հեյ

երբ դեռ նոր էի գրանցվել ֆեյսբուքում ու այն դեռ չէր վերածվել բացասական էներգիայի ու կեղծ լրահոսի արտադրամասի, հավես էր, ինչ խոսք․․․ այն ամենը, ինչ շատ հեռու էր թվում՝ մարդիկ, վայրեր, իրողություններ, մի տեսակ մոտենում էին ֆեյսբուքում, մի տեսակ կարողանում էիր շփվել, քոնը դարձնել։ Էդ որոնումների մեջ մի օր գտա Փոքրիկ Իշխանին նվիրված “միակ” խանութը: Քանի որ խանութը Փարիզում էր, ես՝ Սյունիքում ու տենց մի տասներորդ դասարանում էի դեռ, միակ միտքը, որ առաջացավ՝ հավանեմ էջը, միգուցե մի օր պետք կգա։ 
ուշացած հանդիպումները իմ կյանքի անբաժան մասն են։ միգուցե սխալվում եմ, միգուցե հենց էդա ճիշտ ժամանակը, ես եմ շտապողը, բայց մի բան հաստատ ա՝ շատ պատմություններ ունեմ, որտեղ ես ծանոթանում եմ ու ինձ հետ ծանոթանում են մի քանի տարի հետո միայն։ 
ու տենց․․․ էջը հավանելուց յոթ տարի անց

սա գլխարկ չէ

 ես Փոքրիկ Իշխանի խանութից նամակ եմ գրում տուն էն մասին, որ երազանքներն իրականանում են, իմ ամենասիրած փինն եմ գնում ու վաճառողի հետ մի ժամ զրուցում եմ էս պատմության, Հայաստանի ու ճամփորդելու մասին։ Էդ պահին նույնիսկ ես չէի հավատում, որ հաաա Լիլ, էդ խանութնա․․․

․․․․․
արդեն մի քանի օր էր (անցյալով վերջապես) մոռացել էի, որ իմ լավագույն հատկանիշներից մեկը (համեստագույն կերպար), որ ձեռք եմ բերել էս փորձից՝ սպասելն ա, չշտապելն ա, ամեն ինչին ու ամենքին իրենց ժամանակին ընդունելնա։ ու էդ իրենց ուշանալուց չկոտրվելը մի տեսակ, հավատում ես չէ՞, հեշտ չի։ ինձ ճանաչողները գիտեն, որ ես պունկտուալ չեմ։ ես միշտ մի տասը-տասնհինգ րոպե շուտ եմ։ 
հիմա էդ սպասելու փուլերից մեկնա։ ու ինչքան, որ գրում եմ սա, որովհետև կարոտել էի քեզ ու բոլգս, գրում եմ, որ համոզեմ ներսիս շտապողին, որ պետք է ճիշտ ժամանակին սպասել։ ու էդ սպասելու րոպեները պետք ա լցնել երազելով՝ նույնիսկ անհնարը։ 
լավ մնա։ 

տատը չգնաց հարսանիք

տատս էն մարդկանցից էր, ում մասին ասում են՝ ունի կենսագրություն․․․դեռ շատ դժվարա տատիկի մասին անցյալով խոսել․․․տատը դեռ կա, քանի ապրում են պատմությունները իր մասին, քանի վառարանի շուրջ նստած ենք ու մաման պատմումա, որ ․․․․
տատը պետք է հարսանիք գնար՝ Աշխաբադ․․․ մի քանի ամիս անց կպարզվի, որ անձնագիրը գարնանային վերարկուի գրպանում էր մնացել  նախորդ ընտրություններից, բայց էդ օրը չկար ու չկար․․․ամբողջ տունը խառնեցին իրար, անձնագիրը չգտան։ Տատիկի հինգ քույրերը, ամենքը մի երկրի մի քաղաքում էին՝ Աշխաբադ, Լոնդոն, Երևան․․․Ամուսնանում էր Աշխաբադի քրոջ տղան ու պապը համաձայնել էր, որ տատը գնա հարսանիքի․․․ Պապը համաձայնել էր, բայց անձնագիրը չկար։ 
Տատը երգել շատ էր սիրում։ Մի քանի տարի առաջ բուկինիստից գտա մի երգարան՝ ծննդյան նվեր տատիկի համար։ Մամային ասել էր՝ ոնց որ ընտրած լինեն իմ համար, բոլորն իմ սիրած երգերն են․․․ Ամեն զանգի վերջում տատը երգարանից մի երգ պիտի երգեր, հետո ասեր՝ ապրես, ապրես․․․ Շատ էր սիրում ու հաճախ էր երգում Իմ եղեգը, հիմա մենք էլ ենք սիրում․․․ 
Տատը երգել շատ էր սիրում ու գտավ հարսանիք գնալու ձև։ Կանչեց հարևանի տղային, որպեսզի օգնի մագնիտոֆոնով ձայնագրել։ Երգեց, ձայնագրեց մի ամբողջ ձայներիզ՝ իր երգած երգերով ու ուղարկեց Աշխաբադ։ 
Էդպես ամբողջ հարսանիքի ժամանակ էդ երգերն են լսել․․․,-ավարտում ա մաման պատմությունը։ Բոլորս իրար ենք նայում, ես միացնում եմ Եղեգը, լսում ենք, ժպտում, որովհետև չկա պատմություն տատի մասին, որ չստիպի ժպտալ։ 
Տատի նկարն էլ՝ գրապահարանի վրա դրված, նայումա մեզ, ժպտումա ու ասում՝ ապրես, ապրես․․․ 

թուզ, նուռ ու ձմերուկ

ինչպիսի գործատու պետք չի լինել 21րդ դարում։ սա կարող էր լինել վերնագիրը։ բայց դա կդիտվեր որպես միջին վիճակագրական գովազդ։ դրա համար էլ վերնագրեցի թուզ, նուռ ու ձմերուկ։ համով բաներ են ինչ խոսք։ 
ես մոտավորապես երկու ամիսա ինչ Հայաստանում եմ ու աշխատանքի փնտրտուքներով անընդհատ հարցազրույցների, հանդիպումների, ինչ-որ դիմումներ լրացնելու, CVներ ուղարկելու խառը գործերի մեջ եմ։ Բանն այն է, որ ես նորմալ աշխատանք եմ ուզում։ Անդրանիկը ճիշտա թե՝ Հայաստանում գործ գտնելը բարդ չի, Հայաստանում լավ գործ գտնելնա բարդ։ 
հիմա կիսվեմ էս երկու ամսվա փորձովս ու որ ամենակարևորնա՝ ասեմ ինչ եմ հասկացել էս ամեն ինչի արդյունքում։ իրականում փորձս էդքան էլ դրական դեպքերի շարք չի։ հիմնականում զարմանքա եղել բացասական ֆոնի վրա, եղելա հիասթափություն, եղելա անպատասխան մնացած էլ փոստեր ու ինչ-որ տարօրինակ պայմաններով Internship/փորձաշրջաններ։ 
ամենավատ բանը, որ կարա լինի աշխատանք փնտրող մարդու հետ էդ ուղարկած CV-ին պատասխան չստանալն է։ ի՞նչ են անում HR-ները՝ ոչ մեկ չգիտի։ Ժող, եթե չունեք աշխատող, որը կգրի մերժելու նամակներ (ամենատխուր գործը երևի), ես գիտեմ մարդ, որ կաներ էդ։ (ես էլի) մանավանդ էս դարում գոնե հնարավոր է ավտոմատ ուղարկել էդ նամակը։ ոչ թե թողնել, որ մարդը երազ տեսնի ու երազում գուշակի՝ կկանչեն ինձ հարցազրույցի թե չէ։ 
ավելի վատ փորձա եղել՝ էսօրվա մեջ կասենք անցել եք հաջորդ փուլ թե չէ, որպեսզի լինի հաջորդ փուլի հարցազրույցը։ չեն ասել։ մարդիկ զբաղ են։ նոր աշխատող են ման գալիս ու քո հավեսը չունեն։ 
ավելի վատ փորձա եղել՝ հիմա դու փորձաշրջան ես անցնում։ քեզ փորձում ենք հազար ձևի, մինչև տեսնենք էլ ինչ պայմանների կդիմանաս, որ ամենավատով աշխատեցնենք։ ժող, չէ, ես ազատ քաղաքացի եմ, ես ունեմ իմ պայմանները, ինչքան էլ որ էս պահին իսկապես աշխատել եմ ուզում, ես դեռ ունեմ իրավունքներ։ 
ավելի վատ փորձա եղել՝ հարցազրույցը ասենք PR մենեջերի համարա, պարզվումա դու համ էլ պիտի անես sales, copywriting, SMM, Project Management, հաց դնես, սեղանը հավաքես, ճագարներին կերակրես, ծխնելույզները մաքրես․․․ 
ավելի վատ փորձա եղել՝ ուղարկել եմ CV, հաջորդ օրը ստացել եմ պատասխան նամակ, որտեղ կար Excel file, հարկավոր էր ներբեռնել, լրացնել անուն, ազգանուն, տարիք, հասցե, վարորդական վկայական, անձնագրի տվյալներ ու հետո հետ ուղարկել իրենց էդ ֆայլը։ 
․․․․ ուզում եմ հասկանալ՝ էսքան ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ոնց են պորֆեսիոնալ ու սրտացավ աշխատողներ ուզում ունենալ։ մաման երևի ճիշտա՝ ես միքիչ չափից շատ բան եմ ուզում, շատ պերֆեկցիոնիստ եմ։ բայց գոնե գիտեմ ուր եմ գնում։ ու նենց միքիչ էլ համոզված եմ ախր, որ ես նորմալ պահանջներ ունեմ։ ժամանակաշրջանին ու ունեցածս փորձին հարիր։ 
էսքանից հետո չեմ կարա չասեմ, որ հրաշալի մարդկանց ու կազմակերպությունների հետ ծանոթացա էս ընթացքում։ երկրի ապագայի համար ինչ-որ բան անող մարդիկ, որ զուտ փող աշխատելու նպատակ չունեն։ ասենք ուզում են այլընտրանքային կրթություն ստեղծել, երեխեքին մտածել սովորեցնել, առաջ նայել ու ինչու ոչ՝ կողքերը նայել։ 
կարևոր մի բան հասկացա՝ ինչքան էլ որ պարապ մնաս, հազար բան կա անելու, գոնե ինքնակրթվելու ժամանակ ունես, բայց երբեք մի արա էն, ինչ դուրդ չի գալիս։ երբեք մի համոզիր քեզ, որ էսօր միքիչ ուրիշ կլինի։ ես մի քանի օր համոզեցի, ես մի քանի անգամ փորձեցի․․․ 
բլոգը իրականում գրել եմ սեպտեմբերին։ 
update: հիմա ունեմ աշխատանք։ not the dream job I have always imagined, բայց ինչ-որ նոր սքիլեր սովորելու տեղ ա։ զուգահեռ էլի ուսումնասիրում եմ աշխատաշուկան․․․էս օրերին դժվար մեծ փոփոխություններ լինեն, բայց ես ապագայի հետ մեծ հույսեր եմ կապում։ 

առաջին երազս ․․․․ շատ #անկեղծ

ինչ-որ մի ժամանակից սկսել եմ կարևորություն տալ երազներիս։ կար ժամանակ, որ նույնիսկ «իրականանում» էին․ ասենք՝ տեսնեի մեկին երազումս ու հաջորդ օրը մի լուր լսեի իրենից, կամ զանգ ստանայի, կամ մեկը պատմեր իր մասին առանց իմ հարցնելու։ 
ու էսօր հիշել եմ իմ մանկության ամենաառաջին երազը։ մոտ չորս տարեկան էի։ զարմացա՝ որ ծանոթներիցս ոչ մեկը չէր հիշում իր առաջին երազը։ 
մեր ու մեր հարևանի բակերի միջև մի հատ քարե պարիսպ կա։ շատ բարձր չի, միքիչ տանջվելով բարձրանում էի փոքր ժամանակ։ ու էն օրերին, երբ տուն էի գալիս ու դուռը փակ էր լինում, կամ ուղղակի հավես կար, մտնում էի հարևանի բակ, քանի որ իրենք դարպաս չունեին, պարսպի վրայով թռնում մեր բակ ու մտնում տուն։ Մեր բակի կողմի դուռը երբեք չեն փակում մերոնք։ 
երազումս մեր հարևանը ջղայնացել էր, որ ամեն անգամ մտնում եմ իրենց բակ ու որոշել էր ինձ սպանել։ ես ընկերներիս հետ էի ու տենց, որպեսզի իրենք չպատմեին, որ ինքն էր ինձ սպանողը, իրենց էլ էր ուզում սպանել։ (վերացնել հանցանշաններն ու վկաներին, այո) ու մենք փախնում էին իրենից։ 
փողոցի վերջում մի տուն կար, որից ես միշտ վախեցել եմ։ ես համոզված էի, որ էդ տանը վհուկն ա ապրում։ էն որ մեծ ավելով թռնում են։ բայց երազումս ես գնացի էդ վհուկի բակ, որպեսզի թաքնվեմ մեր հարևանից։ 
ինչևիցե։ երազս հեփիէնդով չի։ հարևանս գտավ ինձ ու սպանեց ատրճանակով։ ես մինչև հիմա հիշում եմ էդ զգացողությունը։ ոնց ասենք՝ ասեղ մտնի գլխիդ մեջ ու էդ ձայնը լսես․․․էն որ սառը ջուր ես խմում միքիչ անհարմար ու սվվումա ատամդ։ էդ զգացողությունն էր, որ ինձ սպանեց։ ու ես մահացա։ 
էս օրերին բոլորիս երազները միքիչ կամ միքիչ շատ պատերազմական են, կռիվներ են, ԱԹՍներ են ու մահեր։ 
ամենավերջում ուզում եմ, որ մենակ մեր երազներում էդպիսի բաներ տեսնենք ու զգանք։ 
խաղաղ։ 

իմիջիայլոց

իսկ ինչ կլիներ եթե կարողանայի ցուցամատս ու բթամատս կպցնել իրար, պահել քո դիմաց, հետո իրարից դանդաղ առանձնացնելով քեզ մոտեցնել ինձ։ ոնց ասենք մոտեցնում ենք նկարը, որ ավելի լավ տեսնենք մանրամասներն ու ետին պլանի շանը (ասենք) կամ ծանոթ թվացողի դեմքը։ էդպես ավելի լավ ենք ճանաչում նկարը։ էդպես ավելի լավ կճանաչեի քեզ։ 

նկատել ե՞ս ինչքան ծիծաղելի են շտապողները։ ֆիզիկական շարժումներն ու նրանց չհաշվարկած քայլերը․․․երկու անգամ նույն ոտքով քայլելն ու թղթերը աջ ու ձախ թափթփելը, բառերը մոռանալը․․․ 

ծիծաղում եմ գրելիս, որովհետև․․․․էդպես ես մեկ-մեկ ու շատ հաճախ մոռանում եմ ասելիքս, երբ նայում եմ քեզ։ կամ էլ դու ես նայում։ կամ էլ խոսում ես։ ժպտում ես։ 

ինձ կօգնի միայն ժամանակը։ ես չեմ խանգարի ստվերներին, քամուն, տողերին․․․ ես նայում եմ կողքից։ աչքերս, հա, կկոցում եմ, բայց քեզ ինձ չեմ մոտեցնում բթամատով ու ցուցամատով։ որովհետև դա ևս շտապելու օրինակ է։ իսկ շտապողները, ախր հա, շատ ծիծաղելի են կողքից։ 

ծննդյան չերազած մի օր կամ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միտք ունեմ ծնունդիդ համար` արի կավագործության գնանք Էջմիածնում,-ասումա Արմինը սեպտեմբերի 25-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա անիմաստ աղմուկ անելու, ուշադրության կենտրոնում, տենց մի տեսակ արհեստական նշելու: 
Ես ծննդյանս օրը երբեք էլ չեմ սիրել, որովհետև էդ օրը շատ եմ լսում ու կարդում` մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս ու կապույտ երկնքի մասին նամակներ: Իմ երազանքները (եթե իսկապես ունեմ) մի տեսակ վաղուց չեն իրականանում (չեմ բողոքում, զուտ փաստ եմ արձանագրում) ու հեչ դուրս չի գալիս, որ մենակ ծնունդներին ենք հիշում իրանց մասին: 
Էջմիածնի միտքը լավն էր, պիտի գնայինք կավագործության, ես էլ ուրախ էի: 
․․․
-եթե ոչ մի բան չես նախատեսել, լավ միքտք ունեմ` արի կամավորության գնանք Աբովյանում: Պահեստ կա ինչ-որ, որտեղ զինվորների սնունդն են փաթեթավորում,-ասումա նույն Արմինը արդեն ծննդյանս օրը` սեպտեմբերի 29-ին ու ես մտածում եմ, որ էդ լավագույն տարբերակնա` մի օգուտ տալ, մի կերպ մի մաս կազմել էս պատերազմի ու էս հաղթանակի: Գնում ենք Աբովյան: 
Իմ մոտ տպավորությունա, որ ոչ թե մենք ենք գրում մեր պատմությունը, այլ պատմություննա գրում մեզ` հայերիս: Ու գրելով ասումա` դուք պետք է լինեք անտանելի իրար ատող ու խանգարող, չսիրեք իրար ու չօգնեք մինչև չգա (պաթոս alert) օրհասական մի պահ, որ որոշվումա` վաղը հայ ենք մնալու, մնալու ենք ընդհանրապես, թե չէ: Երեկ, մի քանի օր առաջ էդ նույն մարդիկ մի վեց-քսան պատճառ կգտնեին իրար ատելու ու չհասկանալու համար, կռվում էին` դնել դիմակ, թե էս կորոնան լրիվ սարքածա, ճիշտ էր, որ հեղափոխություն եղավ, թե նույն վիճակնա երկրում, էսօր էդ մարդիկ, էդ ջահելները առանց իրար անուն իմանալու տուփերի մեջ սնունդ, չոր սպիրտ ու սեր էին դասավորում` սահման ուղարկելու։
Տարածքում հեռախոսի կապը լավ չէր, ու էդ լարված պահին հանկարծ մեկը էլ չէր դիմանում` գնամ դուրս, տեսնեմ ինչ նորություն կա ու գալիս էր` մի վեց հատ ԱԹՍ ենք խփել, հեշթեգ հաղթելու ենք: 

Բարբարիս կոնֆետներ ու չոկոպայ ենք դնում տուփերի մեջ, աղջիկներից մեկը մեկումեջ շոկոլադներա գաղտնի ավելացնում` տղերքին էներգիայա պետք, էդ ձեր կոնֆետները հերիք չեն էդ ԱԹՍ-ների համար: 

Մի քանի օրից նամակ ենք ստանում սահմանից, որ ԱԹՍ խփելու գրազի համար սնիկերսներա պետք: 
Գանգուր մազերով մի աղջիկ էլ գալիսա` ով կօգնի նամակներ գրենք: Արմինն ասումա` դու գրելու հետ սեր ունես, գնա, ստեղծագործի: Արտակին խնդրում եմ, որ պոստիս նայի ու չթողնի, որ անձեռոցիկը պակասի տուփերից ու գնում եմ գրելու: Սպիտակ փոքր քառակուսի թղթերին մեծատառերով գրում եմ հեշթեգ հաղթելու ենք, գրում եմ, որ իրանց կողքին ենք, կարոտում ենք, գրկում ենք ամուր, գրում եմ` ինքը սպասումա քեզ. որովհետև համոզված եմ, որ ամեն մարդ ունի իր “ինքը”: 
Մի քանի օրից սոց կայքերում տեսնում ենք մեր գրածներն ու չենք հավատում, որ հասավ: 
Մեզ հույս ենք տալիս, թե էդ տուփերը սննդով, չոկոպայով ու սիրով լցնելով օգուտ ենք տալիս երկրին, օգնում ենք տղերքին, բայց երբ կենտրոնանում եմ, որ իսկապես, մի քանի թիզ հողի վրա, մի քանի կմ էն կողմ ամենաչերազած իրականություննա, պատերազմա, կռիվ, իսկական, Արծրունի ասած` հինգերորդ սերնդի պատերազմ, չեմ ուզում ուղղակի տուփերի մեջ թղթերի վրա գրել քեզ հետ եմ զինվոր, ուզում եմ իսկապես կանգնել էդ քաջերի կողքին, ու չէ, չեմ վախենում․․․ 

ինչ են խոսում քո մասին ծերուկները

   
   

  եկան ու նստեցին ծերուկները կիսամութ սենյակի կենտրոնում։ բոլորեցին փայտի սեղանի շուրջ հինգ ուղեղները։ բոլորը ալեհեր, բոլորը կնճիռներով ու բոլորը կյանքից։ մեկը ծովահենի նման փակել էր աչքը սև կտորով, հավանաբար գիշերն ավելի լավ տեսնելու համար։ ու հենց բարևից հետո կատակեցին աչքը սև կտորով փակելու մասին, կատակեցին թեթև, ծիծաղեցին ծանր, ու գնացին առաջ քննարկելու քեզ, քո կյանքն ու քո ճանապարհը։
   ու ինչ կխոսեն նրանք քո մասին։ ամեն օր տեսնում են ինչպես ես հոգնած ու ալարկոտ բացում աչքերդ։ հաստատ տեսնում են պատին գրված մտքերդ՝ ուզում եմ նորից քնել։ չեմ ուզում արթնանալ։ ուզում եմ նորից ծնվել։ պետք էր գուլպաները միանգամից լվանալ, ոչ թե թողնել սենյակում։ շանը պետք է դուրս տանել։ առանց այդ էլ երկար եմ քնել։ մեղք է բոբին։ բոբին քո շունն է։ շանդ անունը բոբի է։ իսկ դու էսքան ժամանակ չես նկատել, որ անունը նրան դուր չի գալիս։ միայն մի դեպքում է մոտդ գալիս, երբ կանչում ես՝ բոբի ջան, բոբչկա։ այսինքն շունդ սիրում է, երբ սիրում ես իրեն։ բայց չի սիրում, թե ինչ անուն ես ընտրել իր համար։ ինքը ավելի շատ կուզեր երևի լեսի կոչվեր։ կանչում ես լեսի։ մի տեսակ զարմացած նայում է վրադ։ ծերուկներից մեկը արագ գրառում է այդ հայացքը՝ շունը ուրախացավ լեսի կոչվելուց։ դու վեր ես կենում ու գուլպաներդ տանում ես լվացքի մեքենայի մեջ գցելու։ լեսին պոչը ուրախ շարժելով մոտենում է մուտքի դռանը։ եկա։ ասում ես դու ու խալաթդ գցում ես հագդ։ մենակ թե հարևաններից ոչ մեկը չնկատի, որ ես շանս հետևից չեմ մաքրում։ մտածում ես դու, որովհետև մոռացել ես հետդ պոլիէթիլեն վերցնել։ հահ։ գրառում է ծերուկներից մյուսը։ ճակատին կնճիռներ կան, որտեղ դարերով գրվածքներ կարող ես կարդալ։ մտքեր կարող ես լսել։ իսկ ծանր ժպիտի տակ մի քանի էջանոց նախադասություններ են, նրանցից որ չեն ավարտվում։ դու բերում ես շանը տուն։ նրա ու կատվի համար կեր ես լցնում ամաններում ու գնում ես քո խոհանոց, քո նախաճաշի հետևից։ լեսին չմփչմփացնելով է ուտում իսկ սարիին դա դուր չի գալիս։ մի տեսակ նեղացած նայում է քեզ՝ ինչի ես մեր կերամաններն իրար այսքան մոտ դրել։ դու չես հասկանում։ ծերուկը գրառում է անում նոթատետրում ու քեզ հիշեցնում է, որ գազօջախին սուրճ կա։ չես հասցնում անջատել, բարձրանում է։ բայց վերջին պահին փչելով իջեցնում ես սուրճն ու էսօր էլ հարկ չկա գազօջախը լվանալու։ մոտենում ես պատուհանին ու մտածում, որ կյանքն ի վերջո էդքան էլ վատը չէ։ մանավանդ երբ հասցրել ես սուրճը անջատել։ ծերուկը խնդմնդում է քթի տակ ու գրառման կողքին վերջակետ ու փակագիծ է նկարում՝ հետո հիշեցնելու համար, որ էդ պահին ժպտացել ես։ 
մյուսը քեզանից դժգոհ է, որովհետև գիշերները ուշ ժամին շատ գարեջուր ես խմել ու ստիպված ես եղել մի քանի անգամ ստամոքսի  ցավից արթնանալ։ գլխացավերդ էլ էնքան հաճախակի են դարձել, որ խեղճը ամեն անգամ պետք է քեզ բզի, որ հիշես ջուր խմել։ ինչքան համոզեց, չգնեցիր էդ դեղին կպչուն թղթերից, որ սառնարանի վրա փակցնես ու հիշեցնեն քեզ ջուր խմել։ ծաղիկներդ էլ նույն կերպ ծարավ են մնացել։ ծերուկը դժգոհ է էս երեկո։ մյուսն ամեն ինչ արեց, ամեն կերպ քեզ համոզեց, որ վերջապես գրախանութից գնես էդ գիրքն ու վերջապես օրը մի երկու էջ կարդաս։ ամեն օր գրում ես ու ամեն օր մոռանում։ ծնողներիդ զանգում ես ամիսը մեկ անգամ։ իսկ ընկերներիդ տեսել ես նախանցած շաբաթ։ չես սնվում նորմալ։ ծերուկները հենց դրա համար էլ հավաքվել են։ թափթփված ես դարձել։ քեզ հետ բերել է պետք։ քեզ գտնել է պետք․․․
մի խոսքով, էսքանն էր պատմությունը, մնացածը գրում ես դու։ դու ես որոշում, թե ինչի մասին են խոսելու քո մասին քո ծերուկները։ իրանք հետևում են քեզ, հուշում են քեզ, մեկ-մեկ մոռանում են, մեկ-մեկ էլ ջղայնանում։ ու հաճախ կան բաներ, որ դու չես էլ նկատում՝ ասենք, որ իսկապես սիրահարված ես, կամ խոհանոցի լույսը վառ ես թողել քնելուց առաջ։ ծերուկները նկատում են, գրում են, քննարկում են։ ու իրանց շնորհիվ դու հաջորդ անգամ քնելուց առաջ մի անգամ էլ ես նայում խոհանոցի լույսին, կամ էդ աղջկան տեսնելուց մտածում ես՝ հա՞, միգուցե սիրահարվել եմ։ մյուս անգամ գարեջուր խմելուց միքիչ ավելի ուշադիր կլինես չափի մեջ, որովհետև ծերուկները մի քանի օր առաջ զրուցում էին էդ մասին։ 
իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ իրոք էդպեսա։ իսկ ի՞նչ՝ եթե ես չեմ գժվել ու էսքանը անիմաստ չեմ ասում։ պատկերացնում ե՞ս՝ սա լինի իրականը։ 
դե ամեն ինչ արա, որ չջղայնացնես ծերուկներիդ։ 

ա դե չեմ ուզում, չգիտեմ


ամեն անգամ NEW POST կոճակի վրա սեղմելուց ասում եմ՝ հիմա ինչով ես մարդկանց ժամանակը խլելու, հիմա քեզ ինչի մասնագետի տեղ դրած ես համոզելու, որ այ՝ այսպես մի արա, զի այսպես ավելի ճիշտ է քեզ համար ընթերցող սիրելի․․․․ ու ամենա-խնդալու-ահավոր-տարօրիանակ-սահմռկեցուցիչ պահն այս պատմության այն է, որ միշտ էլ գտնում եմ մի էդպիսի թեմա։ 
բարև, էսօր կխոսենք չուզելուց։ 
եղել ա, որ աչքերդ բացես ու ասես՝ չէ էլի, չեմ ուզում նույնիսկ վեր կենամ․․․ չես ուզում սուրճդ սարքել, եթե ուրիշն էլ սարքի, չես ուզում խմել, չես ուզում իմանալ՝ տարվա որերորդ օրն է, չես ուզում էդ օրը ապրել․․․ 
արի քեզ մի գաղտնիք ասեմ, որ քեզ էլ ինձ էլ կփրկի էս պատմությունից՝ բոլորի հետ էլ լինումա։ ու ոնց որ քո կյանքի ամեն փուլում, ամեն որոշումից առաջ, դու ունես ընտրության հնարավորություն։ Դու կարող ես մնալ վերմակի տակ, կարող ես անիմաստ scroll անել սոց․ կայքերի էջերդ, տեսնել ընկերներիդ story-ները, որ աշխատանքի գնալու ճանապարհին են (ասենք) կամ հանգստանում են, կամ ինչ-որ մի հիմար բան գրել են էլի` ոնց կարան քո ընկերները մի նորմալ բան գրեն (joking honey)։ Սա առաջին տարբերակն է, որ էդ պահին նույնիսկ նախընտրելի է։ մյուս տարբերակը չեմ ասի, որովհետև տրամադրությունդ պիտի ընկնկի։ պիտի վեր կենաս, քեզ թափ տաս, ինչ-որ հավես երգ միացնես, պիտի սարքես էդ կոֆեն ու խմես, որ ուշքի գաս։ իսկ էդ քեզ պետք չի։ պիտի մարզվես, ինչ-որ համով բան սարքես, կարդաս միքիչ, ի վերջո դուրս գաս տնից, իսկ դու գիտես էդ ինչքան հոգնեցնողա։ հավես չկա, չես ուզում։ կյանքը դրսում առաջա գնում, դու էլ պառկել ու անընդհատ scroll անել ես ուզում։ ուրեմն թող կյանքը դրսում, դու մնա քո վերմակի տակ։ ոչ մի դեպքում չընտրես էդ կյանքի հոսանքին միանալը, չընտրես խնդիրներիդ ու դրանց շղթաներին թեք աչքով նայելը։ քո խնդիրները, սիրելիս, ամենաբարդն են, ամենամեծն են, ամենաահավորն են։ գիտես չէ՞, դու անընդհատ ամեն ինչ անում ես էդ խնդիրները լուծելու համար, բայց ոչ մեկ քեզ չի հասկանում, ոչ մեկ քեզ չի ընդունում, ոչ մի տեղից վերջը չի երևում։ իսկ պայքարելը անիմաստա։ ու՞մ դեմ պայքարես՝ չէ, որ դու էդքան ուժ արդեն էլ չունես, հոգնել ես ու ․․․․ չես ուզում։ 
ես քեզ հիմա ամուր գրկում եմ։ օրվա մեջ քեզ գտնելու լիքը ուժ եմ ցանկանում։ երևի ինչ-որ հիմարություն անենք  էսօր ես էլ, դու էլ։ թե չէ էսքան պարապ մնալ չի կարելի։ 
վաղը իրար հետ կլուծենք բոլոր խնդիրներդ։ կգրենք թղթերին ու կջնջենք կարմիր մատիտով։ էսօր scroll արա։ 
մմմ․․․դուրդ եկա՞վ։ չէ լսի։ վեր կաց։ կոֆեդ դրել եմ արդեն։ վեր կաց, սկսենք․․․

ի՞նչ լսել

                                                                      Köln, 2018

հը-ը, երգերի մասին չեմ խոսելու, ինչ ուզում ես, լսի, դու, քո խիղճը․․․
 սպիտակ պատ, բաց շագանակագույն հատակ, երկու աթոռ ու երկար ու իմաստալից զրույցներ։ Զրույցներ, որ ինչ-որ ասելիք ունեն, որ քեզ իրանց հետ մտածելու առիթ են տալիս։ 
էս վերջերս էս ֆորմատը, որ տենց կողքից անվանում ենք պոդկաստ, շատ մեծ տարածում ստացավ մեր շուկայում, ու ես միայն շատ երջանիկ եմ էդ առիթով։ Մանավանդ, եթե ներսի մարդ ես,  ժամանակակիցների լեզվով ասած ինտրովերտ ես, քո մտքերը կիսելու շատ լավ տարբերակ են պոդկաստները։ Պոդկաստները, ոչ թե հարցազրույցները։ Շատ կարևորա, որ հարց տվողը նաև սեփական կարծիքն ա արտահայտում, ինչու ոչ՝ համաձայն չի լինում զրուցակցի հետ, ու էս ամեն ինչը վերածվումա մի հավես քննարկման։ 
Հիմա ներկայացնեմ մեր Youtube-ի իմ ճանաչած հավես ալիքները, որտեղ կարող եք լսել ձեզ հուզող թեմաներ, մտածել իրանց հետ, չ/համաձայնել․․․․
Անյան ու Էդոն հրավիրում են հիմնականում ճանաչված մարդկանց տարբեր ոլորտներից՝ շոու բիզնեսից դեմքեր, սոց կայքերում հայտնի անձինք, խոսում են էդ մարդու հասկացած ու խորացած թեմայից։ Ինձ հատկապես դուրա գալիս, որ իրանք միշտ չի, որ համաձայն են հյուրի հետ, իրանք նաև շատ ինֆո են տալիս, թեկուզ հենց երբ զրույցի ժամանակ էկրանիդ հայտնվումա էն մարդու նկարը, ում մասին խոսում են, իմ նման դեմքերից ու անուններից թույլ մարդու համար դա շատ հաճելիա։ Իրանց հաղորդումները իմ համար լսելի են երեկոները։ Ես դա կապում եմ իրանց նախկին անվան հետ՝ Գործից հետո (ի դեպ ինձ էդ ավելի էր դուր գալիս)։ 
Ինչի՞ եմ խոսում, թե օրվա որ պահին եմ նայում պոդկաստը․ բանն այն է, որ դրանք մոտիվացիայի շատ լավ աղբյուր են ու կարևորա հասկանալ, թե որ զրույցը մոտիվացիայիդ որ լարերինա կպնում։ (լավ էլի, Լիլիթ) 
Yerevan Podcast-ին հակառակ նախընտրում եմ առավոտներս սկսել 
Նարեկի վիդեոներին ծանոթացել եմ (ինչքան էլ որ զարմանալի լինի) Միշոյի հետ զրույցով։ Խոսում էին մշակույթից, մեր երկրում եղած խնդիրներից, բողոքելուց․․․ Ու հիմա Նարեկի վիդեոները նրանցից են, որ մինչև նայելը մի հատ հավանում եմ, ուղարկում եմ մի քանի հոգու (էն մարդկանց, որ գիտեմ՝ գնահատում են հետաքրքիր թեմաները) ու հետո նոր նայում եմ։ Ինձ շատա դուր գալիս զրույցների թեմաների զանազանությունը, իմ ամենասիրած գրքերին հղումները, որ Նարեկը անումա զրույցի ընթացքում։ Էս վիդեոները լսվում են առավոտները։ Քեզ կարան օգնեն, որ փորփրես, հարցեր տաս, կարդաս, սովորես․․․ ինձ հատկապես տպավորելա Արուսիկ Վակցինայի հետ զրույցը, որից հետ իջա հյուրասենյակ ու հայտարարեցի, որ պապ, գիտեմ, որ դժվարա՝ թողես ծխելը, բայց մեր մոտ էլ երբեք չծխես։ 
Ուզում եմ, որ իմանաք Ոզում եմ խոսենք-ի մասին, որ ֆբ-ում ա դնում վիդեոները Vivaro Culture-ի էջում։ Զառան ու Դիանան խոսում են բոդիպոզիտիվի մասին, ամենահետաքրքիր ու հուզող թեմաներից, ու ձեզ հաստատ կսովորեցնեն սիրել ձեզ, գնահատել ձեզ, առողջ լինել մարմնով ու հոգով։ Եթե օրվա մեջ հավես տրամադրությունա պետք, ինչ խոսք, իրենց կապահովեն էդ ձեր համար։ (Ի դեպ Զառան Ինստայումա շատ ակտիվ, եթե հետաքրքրումա թեման, հետևիր)
Իսկ եթե սեղմես այստեղ, կլսես կրթության, փորձի, կանանց իրավունքների, բռնության մասին խուտուտ տվող զրույցներ։ Մեծ մերսի Էդուկարէ-ին էս թեմաները շոշափելու ու կաղապարները շրջացնելու համար։ 
Ես քեզ իհարկե իրանց մասին էլ կպատմեի, բայց չէ էլի ։Ճ 
Տենց․․․ Հուսով եմ՝ օգնեցի քեզ։ Էս մարդիկ էն քչերից են, որ բողոքելու փոխարեն ինչ-որ բան են անում մեր համար։ Ես էլ ուզեցի, որ շնորհակալ լինեմ իրանց գոնե միայն չբողոքելու համար։ 
Դե քեզ լավ օր, մեկնաբանությունում գրիր, թե դու ինչ ես լսում։ Գըրկ։ Պաչ։