սովորողի 50 երանգները

հեյ

  

 ես դասախոս/ուսուցիչ/կրկնուսույց չեմ։ «Չ»֊ն՝ լինելով նախորդ նախադասության կարևորագույն մաս, ես ունեցել եմ և դեռ ունեմ աշակերտներ՝ մարդիկ, որոնց հետ պարզապես կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքներով։  ու էս՝ դասավանդման կարճ ժամանակաշրջանում (մոտավորապես երեք տարի՝ իրար գումարած) հանդիպել եմ ամեն տեսակ սովորողի։ 

նախ պատմեմ՝ ինչու ինձ թույլ տվեցի համաձայնել սովորեցնել մեկին մի բան։ ես այլընտրանք էի ուզում տեսնել՝ դասընթացի այլընտրանք։ ինձ համար չափազանց ձանձրալի ու անընդունելի է դեռ 19֊րդ դարից մնացած կանոններով սովորելը, երբ պետք է գրել, պետք է կարդալ, պետք է պատասխանել և պետք է իմանալ։ ինձ ավելի շատ դուր է գալիս չիմանալու մասին խոսելը։ ինձ դուր է գալիս հենց դասընթացի ժամանակ «պարզելը», թե ինչու է օրինակ “ignore” բառը նշանակում «անտեսել», «արհամարհել», իսկ “ignorance” բառը՝ «անտեղյակություն»։ ու ես գրեթե համոզված եմ, որ միասին՝ սովորողի և սովորեցնողի  գտնված տեղեկությունը կմնա սովորողի հիշողությունում դեռ երկար ժամանակ։ հաճախ եմ դասապրոցեսի  դասընթացի ժամանակ օգտագործում “hell knows” արտահայտությունը՝ ցանկանալով ցույց տալ դիմացինիս, որ եթե դու էդ բառի թարգմանությունը չես հիշում, քանի որ օրական հարյուրից ավել նոր բառ ես հանդիպում, չի նշանակում, որ դու լեզուն չգիտես։ լեզուն սովորում են կիրառության մեջ, սովորած բառերը, որ գնում են ենթագիտակցություն, չեն սպասում քեզնից, որ դու իրենց քնից արթնանալուն պես հիշես։ մի օր հարկ եղած դեպքում իրենք են քեզ մոտ գալու ու երբեք էլ պետք չի հիասթափվել, որ այ էս պահին այ էս բառը չհիշեցիր կամ սխալ արտասանեցիր։ երբ տեսա դասախոսների և կամ ուսուցիչների, որ աշակերտի կամ ուսանողի չիմացածը հաղթաթուղթ են դարձնում և ինքնահաստատվելու հրաշալի հնարավորություն, ես փորձեցի առնվազն ինքս ինձ ապացուցելու համար  ճիշտ հակառակն անել և համոզվեցի որ մի քանի անգամ ավելի հաճելի է աշակերտիդ ասել՝ «արի իրար հետ պարզենք պատասխանը», քան ասել՝ «չգիտե՞ս» և ամոթանք տալ։ ինչևէ։

մարդու տեսակը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը նրան ինչ֊որ բան սովորեցնելն է։ ես ունեցել եմ և ունեմ հրաշք աշակերտ(ներ), որոնք գնահատում են քո և ծախսած ժամանակը, և էներգիան և ոգևորությունը։ նրանք աշխատում են և, որ ինձ համար ամենակարևորն է՝ նրանք հարցեր են տալիս ու չեն նեղվում «չգիտեմ» ասելուց։ սիրում են սովորելը, ստիպելով չեն սովորում ու չեն հիասթափվում։ ունեցել եմ ուսանողներ, որ ամենաառաջին սխալից հետո չեն ցանկացել շարունակել և ուսանողներ, որ ծիծաղել են իրենց սխալների վրա, ու չեն մոռացել այդ սխալները։ 

մեծամասամբ ինձ հանդիպած մարդիկ, որոնք մի օր աշակերտ են համարվել, դրական են եղել ու ստեղծվել է ընկերական մթնոլորտ։ բայց քանի որ էսօր աշխարհի ամենալավ օրը չի, ես պետք է բացասական փորձով կիսվեմ։

կա ուսանողի տեսակ, որին ես անվանում եմ «գիտեմ»։ տեսակն այս, հիրավի, գիտի ամեն ինչ։ ուղղակի զուգահեռ իրականությունում։ մեր իրականությունում նա ոչ մի հարցիդ պատասխան չունի, նա կսպասի՝ մինչև դու ասես հարցի պատասխանը ու կասի՝ «գիտեմ»։ եթե էդ տեսակին ծանոթ չեք, հիշեք ձեզ կամ ձեր դասընկերներին չորրորդ դասարանում։ կամ հինգերորդ։ ուսուցիչը կանչել է գրատախտակի մոտ ու հարցնում է՝ «ով է գրել «Թմբկաբերդի առումը»։ նա նայում է հատակին, պատերին, դիմացինի աչքերին ու չի պատասխանում։ երբ ուսուցիչը ասում է՝ «Պողոս, Հովհաննես Թումանյանն է գրել», Պողոսը առանց խղճի խայթի, առանց ուսուցչի նյարդերը խնայելու ցանկության պատասխանում է՝ «հա էլի, գիտեմ, Հովհաննես Թումանյանը»։

ես ուզում եմ դիմել բոլոր պողոսներին և ոչ միայն։ «չգիտեմ»֊ը կյանքեր է փրկում։ հավատացեք։ եթե կյանքեր էլ չէ, նյարդեր գոնե խնայում է։ ձեր դիմաց կանգնած մարդը պատրաստ է ձեզ նույն բանը քառասունութ անգամ կրկնել, մի քանի անկյունից մոտենալ, պատասխանել, ձեզ հետ հավասար սովորել, բայց միայն այն ժամանակ, երբ դուք խոստովանում եք թե ձեզ, թե նրան, որ ի սեր բոլոր  սրբերի բլոգերների՝ չգիտեք։ որքան շատ ասեք այդ կախարդական բառը, այնքան շատ սովորելու պատճառներ կունենաք, հարցերի պատասխաններ կգտնեք ու կիմանաք վերջապես։ չորրորդ դասարանում ամենասիրուն աղջկան դուր գալու համար խնդիր չկա, ասեք, որ գիտեիք, բայց էդ պահին չէիք հիշում, միգուցե նա հավատա, բայց ուսուցչին, էն մարդուն, որ ինքը ձեզանից մի քանի անգամ լավ գիտի՝ դուք ինչ գիտեք ու ինչ՝ չէ, մի ասեք «գիտեմ»։

ես սովորեցնել, որպես էդպիսին չեմ սիրում, ես սիրում եմ սովորեցնել սովորել  ու գնահատել եմ էն դասախոսներիս, որ ուղղորդել են կարդալուն, փնտրելուն, ինքնուրույն սովորելուն։ էդ փնտրելու ճամփին էնքան շեղ ու նեղ կածաններ ես գտնում ու էնքան տեղեկատվություն հավաքում․․․․ Սոկրատեսը մի բան գիտեր էլի․․․ 

մի խոսքով

հոգ տար քո մասին

պատվաստվե՞լ, վստահե՞լ

հեյ

    քովիդը էնքան կա մեր կյանքում էս օրերին, որ կարող ենք վստահ ասել, որ մենք ենք քովիդի դարում եկվորներ, ոչ թե ինքը մի օր մի տեղից ծագած ու մեր կյանքը 180 աստիճան փոխած գոյություն։  ու եթե 2020 թվականին կերազեինք, որ գտնեին հակավիրուսը, ապա էսօր, երբ մեկի փոխարեն մի քանիսն ունենք, վեճերն են շատացել, թե որն է ավելի քիչ վնաս տալիս օրգանիզմին։ իհարկե միֆերին վերջ չկա, իհարկե կան «գիտնականներ», որ նույնիսկ էկրաններին ցույց են տալիս, թե ինչպես է մարմնիդ մեջ ներարկված հեղուկը «չիպ» դառնում․․․ ինչևէ, ես այսօր ստացա առաջին շոթը ու դեռ մի օր չեմ կարող շոթեր խմել ։Դ կատակում եմ։ ստացա Աստրազենեկա պատվաստանյութ։ Եթե գրանցումներից խուսափել եք ուզում, լավագույն տարբերակը շարժական կայաններն են։ Աշխատանքային օրերին կարող եք գտնել քաղաքի մի քանի կետերում, օրինակ՝ Կասկադում։ Հայաստանի քաղաքացիներին սպասարկում են արտահերթ; Ձեզ հետ ունեցեք անձնագիր։ Եթե կարծում եք, որ ունեք սրտի, ճնշման հետ կապված խնդիրներ, նրանք բժշկական զննում են անցկացնում (ես ինձ առողջ էի համարում, ու ստուգման կարիք չեղավ)։ 

    ու երբ սպասում էի, որ գրանցումս ավարտեն ու վերադարձնեն անձնագիրս, լսեցի մի խոսակցություն։ Մի մարդ հեռախոսով պատմում էր, որ պատվաստվելու է եկել, միայն գուշակում եմ, թե ինչ արձագանք եղավ կապի մյուս կողմում, սակայն այս կողմից պատասխանը դուրս շատ եկավ՝ «որ գնում ես ռեստորան, վստա՞հ ես, թե ուտելիքիդ մեջ ինչ են լցրել»։ 

    իհարկե մեր կյանքի պատմության մեջ հրաշալի կլիներ, եթե մենք վստահեինք թե՛ բժիշկներին, թե՛ մատուցողներին ու խոհարարներին, թե՛ կառավարությանը, թե՛ մեր կողակիցներին, բայց սա էլ գուցե ընտրության հարց է։ երբ ընտրում ես վստահելը, ավելի քիչ ես խաբվում։ երբ ցույց ես տալիս, որ վստահում ես ու գիտես, որ արժանիին ես վստահում, ավելի քիչ է հավանականությունը, որ քեզ կխաբեն։ հետո ինչու՞ բարդացնել կյանքը, որը առանց էդ էլ բարդ է ու բազմանկյուն։ վստահությունը, որքան  որ հասկացել եմ, ծնում է պատասխանատվություն դիմացինի մոտ, եթե նա իհարկե հոգի ունի։ ես մինչև այսօր ընտրել եմ վստահելը, դեռ չեմ բողոքում։ միայն միքիչ շատ ձախ թևս ա ցավում ու սպասում եմ, որ երեկոյան պետք է ջերմեմ։ բայց դե ֆուտբոլը բաց չեմ թողնելու։ 

    հոգ տար քո մասին

ինչպես (Չ)գնալ հարցազրույցի

հեյ

ուրեմն․․․ փոքր ժամանակ մի տեղ մի պատմություն էի կարդացել՝ «ամենալավ վկայականը», որի մասին մինչև էսօր մոռացել էի։ պատմության մեջ խոսվում էր հարցազրույցների, աշխատանքի ընդունվելու մասին։ պատմության հերոսը պատմում էր, թե նստած էր ինչ֊որ կազմակերպությունում, որտեղ ընդունելություն էր ընթանում։ գալիս են շատերը՝ մասնագիտական հրաշալի որակավորումներով, զարմանալի հմտություններով, սակայն ղեկավարը ընդունում է մեկին, որ էդքան էլ չէր փայլում իր ուսումով և զիջում էր մյուսներին․ միջին֊վիճակագրական ինչ֊որ համալսարանում էր սովորել։ երբ մեր հերոսը հարցրեց նրան, թե ինչու հենց նա, ղեկավարը պատասխանեց․
֊միգուցե նրան միքիչ ավելի դժվար տրվի աշխատանքի անցնելը, միգուցե ինձանից ավելի շատ ջանքեր պահանջվեն նրան սովորեցնելու համար, բայց նա միակն էր, որ բարևեց նստածներին, աթոռը զիջեց հենց նոր մտած կնոջը, գետնից վերցրեց այն թուղթը, որը ես «պատահաբար» էի գցել հատակին, ներս մտնելիս հանեց գլխարկը, հարցերին պատասխանում էր հանգիստ տոնով, չէր վախենում ասել՝ ես չգիտեմ այդ հարցի պատասխանը․․․

էսօր ուզում եմ քեզ հետ կիսվել աշխատանքի դիմելու կանոնների իմ փորձով ու հուսով եմ, որ դա քեզ մի օր կօգնի ունենալ քո երազած աշխատանքը լավագույն կազմակերպություններից մեկում։ 

ունեցիր կոկիկ ու թիրախավորված ինքնակենսագրական (CV)
շատ ցավալի է, որ մեր դպրոցներում չեն սովորեցնում՝ ինչպես ինքնակենսագրական կազմել։ մի քանի համալսարաններում կան դասընթացներ, որոնք հիմնականում դատարկ լսարաններում են անցնում։

ուրեմն առաջին ոսկե կանոնը քեզ համար՝ յուրաքանչյուր կազմակերպություն դիմելիս խմբագրիր ինքնակենսագրականդ ըստ հաստիքի։ ընդհանրապես կարիք չկա Արմինի ասած՝ ամեն շնչելդ ինքնակենսագրականում գրել։ առանձնացրու այն փորձը, որը քեզ կարևոր հմտություններ է տվել, որը ազդել է մասնագիտական զարգացմանդ վրա։ կարևոր է չունենալ ժամանակային մեծ բացեր աշխատանքներիդ միջև․ հավանաբար գործատուի մոտ հարց կառաջանա՝ ինչ ես արել այդ տարիների ընթացքում։ 

ուզում ես նկար ունենալ ինքնակենսագրականում, թե՝ ոչ՝ քո որոշումն է։ ես նախընտրում եմ առանց նկար ներկայանալ։ հիմա նույնիսկ խոսվում է տարիքը ինքնակենսագրականում չգրելու մասին՝ հաշվի առնելով տարիքային խտրականության ռիսկերը։ 

ունեցիր գործնական էլ փոստի հասցե
խնդրում եմ, բացառիր հետևյալ և նմանատիպ տարբերակները՝ anul98@mail.ru, aram1992@list.ru։ խրախուսելի է անունազգանուն@gmail.com կամ նմանատիպ մի բան, բայց խնդրում եմ մեյլ․ռու չէ էլի։ չմոռանաս subject դաշտում գրել այն հաստիքի անունը, որի համար դիմում ես։ էլ փոստի մեջ գրիր, որ դիմում ես այդ հաստիքի համար և կից ներկայացնում ես ինքնակենսագրականդ։ եթե սիրալիր ես ուզում հնչել, իսկ իմ կարծիքով՝ ուզում ես, գրիր, որ անհամբեր կսպասես իրենց պատասխանին։ հրաշալի կլինի, եթե էլ փոստում ստորագրություն ունենաս։ քեզ համար մի փոքրիկ օրինակ ունեմ՝

Dear “name of the company” team,

please kindly find my CV attached for the position of “the name of the position”.

Thank you in advance for considering my application. I will be looking forward to hearing from you very soon.

Kind regards,
Poghos Petrosyan

մի ուշացիր հարցազրույցից
հրաշալի․․․ինքանկենսագրականդ նրանց դուր եկավ, քեզ կանչել են հարցազրույցի։ մի խառնվիր իրար, արդեն մի քայլ առաջ ես, ուրեմն ավելի ինքնավստահ կարող ես լինել։ մանրամասն ուսումնասիրիր նրանց կայքը, սոց կայքի էջերը, միգուցե գտնես ապագա գործընկերների՞դ․․․ իմացիր՝ ինչն են կարևորում, ինչով են զբաղվում, ուր ես գնում ի վերջո։
կարիք չկա շատ ֆենսի հագնվելու։ կարող ես մոտավորապես պատկերացնել, թե ինչ ոճ է պահանջվում աշխատավայրում և առաջնորդվել ըստ դրա։ համենայն դեպս հավատարիմ մնա քո ոճին, որպեսզի քեզ ազատ զգաս։ քանի որ Հայաստանը չի փայլում հասցեների հստակեցմամբ, միգուցե դժվար լինի գտնել կազմակերպությունը։ խնդիր չկա, կարող ես մոտենալիս մի քանի րոպե առաջ զանգել։ բարի մարդիկ քեզ հավանաբար կօգնեն, կամ եթե շատ ավելի բարի են, կդիմավորեն։ ժպտա։ ողջունիր։ հարցրու՝ ինչպես են, ինչպես է անցել աշխատանքային օրը։ շատ հարցեր չտաս բայց։ ։Դ ներկայացիր առանց երկարացնելու, եղիր հստակ, նշիր կարևոր տեղեկատվությունը։ չմոռանաս eye contact-ի մասին։ անկեղծ եղիր, բայց չմոռանաս, որ էթիկան ամենակարևորն է: քեզանից չի սպասվում նախադասություններ ինչպիսին են՝ նախորդ աշխատակազմս շատ վատն էր, այդ պատճառով եմ նորը փնտրում, տանել չեմ կարողանում հաճախորդների հետ աշխատելը, քանի որ նյարդայնացնող են, չեմ դիմանում մեծ ճնշման տակ աշխատելուն և այլն․․․ եթե նկատելիորեն հուզվում ես հարցազրույցի ընթացքում, բարձրաձայնիր այդ մասին, բայց խնդրում եմ էլի, հուզվելու ոչինչ չկա, զրուցում ենք էլի։ վերջում քեզ հաստատ կհարցնեն՝ մեզ հարցեր ունե՞ք։ Ունեցիր հարցեր, հետաքրքրություն ցույց տուր պոտենցիալ աշխատանքիդ մասին, հարցրու օրինակ՝ ինչպես եք կազմակերպում նոր աշխատողների՝ թիմում ներգրավվելը, կունենա՞մ փորձաշրջան և այլն։ շնորհակալություն հայտնիր քեզ տրամադրված ժամանակին, լավ օր մաղթիր ու սպասիր նրանց զանգի՞ն․․․ոչ․․․ոչ․․․ոչ․․․դեռ չենք վերջացրել։

ուղարկիր շնորհակալական էլ փոստ
շատ քչերն են Հայաստանում հիշում այս մասին, բայց շատ կարևոր է հարցազրուցավարին ու թիմին շնորհակալ լինել քեզ ժամանակ տրամադրելու ու իրենց կազմակերպություն հրավիրելու համար։ նամակում նշիր, թե ինչ իմացար նրանց մասին, հատկապես ինչը հետաքրքրեց քեզ, ինչ նոր մտքեր ունես և հիշեցրու, որ դու անհամբեր սպասում ես, որ իրենք քեզ կամ հաջորդ փուլին հրավիրեն կամ էլ ինչ վատա որ՝ ընդունեն աշխատանքի։

վերջում ինչ եմ ուզում քեզ հիշեցնել․ չգիտեմ մեկին, որ չի ունեցել ձախողած հարցազրույցներ։ խնդիր չկա, էս անգամվա սխալդ մյուս անգամ չես կրկնի։ գտիր նոր թափուր տեղեր, դիմիր ու սպասիր։ մի օր զանգ ես ստանալու քո երազած կազմակերպությունից։ 🙂

 

Կօֆէ

հեյ
սա նախապես չգծված ու չմտածված գրառում է այն մասին, որ ես ավելի շատ սիրում եմ այս օրը քան երեկ չէ առաջին օրը։ Այսօր սուրճի միջազգային օրն է։ Սուրճի չէ՝ կօֆէի։ 
Մի քանի տարի առաջ էր՝ յոթ տարի առաջ, որ Թվիթերում գրանցվելիս հաշվիս անունը Կօֆէ գրեցի պարզապես։ Այսօր իմ ամենակարևոր մարդիկ ինձ Կօֆէ-ով են դիմում ու հիշում 🙂
Սուրճը առավոտյան արթնանալու կամ էներգիա ստանալու միջոց չէ միայն։ Սուրճը իրար հետ մի անգամ էլ հանդիպելու պատճառ է, զրուցելու, օրը պլանավորելու, մտքերը կիսելու կամ թղթին ու էկրանին հանձնելու ընկեր է։ Կօֆէն գործից միքիչ կտրվելու միջոց է։ Կողքի սեղանի հաճելի զրույցը լսելու ձև է։ Ու եթե միքիչ ցրտել են օրերը, ջերմանալու հրաշալի եղանակ է։ 
Ամենահամով սուրճը մինչև հիմա մնում է դեռ Արմինի հետ կիրակի առավոտները ֆիլտրով պատրաստածը։ Ու մի քանի շաբաթ առաջ գրեթե նույն սուրճից փորձեցի Ալթար սրճարանում։ Խորհուրդ եմ տալիս ինչ խոսք։ Եթե տարատեսակ համեր եք ուզում փորձել, Հալդիում համով կոֆեներ ունեն։ Եթե տաք ու հավես անկյուն եք ուզում, Կասկադի August գնացեք, իսկ եթե սոյայի կաթով կապուչինո եք ուզում, Լիմոնե երևի։  

իսկ շատ ավելի սիրուն տեղերի մասին կարդացեք այստեղ

Երևանը սրճարանների քաղաք է։ Եվս մի պատճառ Երևանը սիրելու։ Վայելեք աշունը համով կոֆեներով՝ միայնակ կամ թանկ մարդկանց հետ։ 
Շնորհավոր Կօֆէի օրը։ (: 

you name it

Hey there, 
as long as I don’t have two different blogs for English and Armenian, well, surprise! this one is going to be in English, cuz it’s the only language I am able to compose now. This is going to be a short one, just wanna be honest with you. 
I hope, I am not even sure about this, that everyone has a phase in her/his life when she/he has no passion, no excitement, no will of going ahead, looking for inspiration, opportunities or I have no idea, a better flavor of ice cream? You just wake up, go to work like a zombie, and then what? you return home? yep, happens, actually, is happening! I just tried to let it happen. I didn’t force myself to do anything, I just afforded being lazy and yeah, lost some days and now have to catch up with the life. As you may know, it never waits, moreover, it runs. 
Then you know what? I felt myself being back! 
Made my coffee, brought my notebook and wrote a letter to me from me. Usually I like doing that online. There is a sweet website where I send emails to myself on some special occasions, let it be a new year, a happy day, a very broken one… Today I did it with a pen, on a paper. First of all, I knew I should be very honest to myself. I should write down my problems and suggest sane solutions. I know I don’t have an hour for sport every morning, so I don’t make me wake up earlier, I’m just going to do sport for like 20 minutes. Besser als nichts! 😀 I know I won’t make it to blog every day, so I planned to blog at least once a week. Let’s see if appetite comes with eating. 
I also wrote down the things I should do for a week, for a month, if I wasn’t too lazy I would have planned my year, but c’mmon it’s Covid times and who knows what is going to happen tomorrow. Don’t risk it girl, don’t waste time and paper. 
Well, that’s it. I kind of feel better, I feel I’ve just found the path and I am gonna take it. Do you know what is the most relevant here? I have no idea where the path is taking. Isn’t it exciting? 

թվերն ու թվականները

հեյ
մի քանի օր առաջ անգլերենի դասին ուսանողիս բացատրում եմ, որ անգլերենն ունի in his/her twenties կամ in his/her teens արտահայտությունը, որը նշանակում է՝ իր քսանականներում կամ տասնյակում։ այսինքն մարդը քսան ինչ֊որ տարեկան է, կամ տասը և ինչ֊որ տարեկան։ ու ափսոսում եմ, որ հայերենում կամ չունենք, կամ չկա կիրառությունը, քանի որ եթե ուզում ենք ասել տարիք, սակայն հստակ նշել չենք ուզում, ասում ենք «քսանքանի» կամ «երեսունքանի», ինչը իմ կարծիքով էդքան էլ լավ չի հնչում։ ու ես հիշում եմ, որ հաճախ անգլերեն մտածելիս ու հայերեն խոսելիս ասում եմ՝ իր քսաններում մի մարդ ու զգում եմ թարս հայացքներ։ դե հա, արդարացված են, քանի որ ընդհանրապես հայերեն չի։ 
լավ, ինչու՞ եմ էս մասին խոսում գիշերվա հազարին, քանի որ էսօր մի պահ գնահատեցի, թե ինչ հրաշալի օրեր են մարդու քսանականները։ քսանքանիսում դու խենթ ես, անկառավարելի, ազատ ու հազար ու մի խնդիրներով։ դու արդեն հասուն կյանքի դռնից ներս ես մտել, բայց նաև դուռը բաց ես  թողել ու ինչ֊որ տեղ դու դեռ տասնըքանիս տարեկանի խենթ ու խելառ կյանքն ես վարում։ 
մենք ունենք արդեն աշխատանք, որը սիրում ենք կամ՝ չէ, ունենք աշխատավարձ, որը գրեթե երբեք չի հերիքում, մենք որոշում ենք նոր մասնագիտություն սովորել, հազար ու մի բիզնեսներ ենք փորձում, ձախողում ենք տասնվեց անգամ ու կիսահաջողում ենք ինչ֊որ պահի։ մենք առողջ ապրելակերպի քարոզներ ենք անում ու գիշերվա հազարին գարեջուր ենք խմում ծխի մեջ կորած փաբերում ու ուտում ենք ամենավատ սնունդը։ 
մենք երեք օր արթուն ենք մնում, մինչդեռ վստահ ենք, որ օրգանիզմին ճիշտ քնի ռեժիմ է հարկավոր։ մենք ապրում ենք հոսանքին հակառակ ու հակառակվում ենք ինքներս մեզ էլ։ 
մեր բոլոր երազանքները հիմա իրականանալի են թվում․ վստահ ենք, որ ժամանակ ունենք, իսկ հնարավորությունները ստեղծվում են դանդաղ։ մենք նայում ենք առաջ, մեկ էլ հիասթափվում ու փախչել ենք ուզում, մեզ դուր չի գալիս ոչինչ, ու մենք սիրում ենք բոլորին։ 
մեր քսանակնները մեր ամենասիրուն տարիներն են, խնդիրաշատ ու լուծում գտնելու էներգիայով։ ամենահիմար քայլերն ու ամենախելացի մտքերը ծնվում են հիմա։
ու թե դու էսօր ինչքան ես հարբել, վաղը գնալու ես առավոտյան վազքի, նախաճաշում ես, թե միայն դառը սուրճ ես խմում, քեզ մի բան կասեմ հաստատ՝ ոչ մի միտք կիսատ չթողնես, ոչ մի երազանք օդում։ եթե տարիքիդ առաջին թվանշանը երկուս է, դու ամեն ինչի ժամանակ ունես, դու ամեն ինչ կարող ես։ 
․․․․․դեռ միայն այսքանը։ երեսունականների մասին կխոսեմ․․․․ըըըը․․․․ մի քանի տարի անց։ 
հոգ տար քո մասին

շատ երևանյան

հէյ
լավ կքնես, քանի որ երկար օրա լինելու….
այո, երկար, խառը, իրադարձաշատ ու անհոսանք կենտրոնի օր էր։ ու ուսանողական տարինրից մնացած սովորությունս եկավ ինձ օգնելու՝ միայնակ թափառել երևանով, նայել անցորդներին, մեքենաներին ու պատկերացնել, թե դրանք հրեշներ են, կամ մամոնտներ, կամ…արդեն «վերացած» դինոզավրներ։ ու էլի՝ ինչպես նախկինում, վերջնակետը Սարյանի այգու նստարաններից մեկն էր։ 
երկար կանաչ զգեստով մի աղջիկ նստում է կողքիս ու ես, քանի որ նյարդային պահերին հաճախ եմ մոռանում ականջակալները դնելուց հետո երաժշտություն միացնել, լսում եմ, որ հեռախոսով է խոսում՝ 
-էստեղ մի աղջիկ կա, կնստեմ կողքին, մինչև գաս։ էդքան էլ վատ չեմ, ուղղակի մենակ չեմ կարող մնալ, էս աղջկա մոտ կնստեմ ու կսպասեմ քեզ։ 
ես էլ էի սպասում ու դեմ չէի մեկի հետ զրուցել էդ ընթացքում։ 
-լավ չե՞ք զգում։ 
կանաչ զգեստով աղջիկը ժպտում է ու ասում՝ ես միքիչ խմած եմ ուղղակի… հրաշալի, էլի մարդիկ կան, որ չորեքշաբթի երեկոյան հարբում են ու սպասում մեկին Սարյանի այգում։ 
դզեեց  հրաշալի… լավ առիթ կա՞ր…
ծանոթանում ենք, աղջիկը, որ մոտ երեք րոպեում թվարկեց խմիչքների անունները, որ իրեն հասցրել էին այգու նստարանի մոտ, խոսում է քաղաքի ամենահայտնի արձանների քանդակագործներից, առաջարկում է նկարել ինձ, քանի որ ես շատ էլ սիրուն էի ու նույնիսկ ասում, որ կարող է ինձ քանդակել: ես, իհարկե, մերժում եմ. երբեք էլ չեմ ուզել քանդակս ունենալ։ 
-ծխելու բան կա՞ մոտդ,  ես սովորաբար չեմ ծխում, բայց հիմա մի տեսակ ուզում եմ։
-չէ, բայց եթե սպասես, հիմա կգա մեկը, ում մոտ կա ծխելիք….
մեզ է մոտենում անկանոն քայլող մի ծերուկ, որ առաջին հայացքից իմ այդ օրվա երկրորդ հարբած անծանոթը պետք  է լիներ։ ոչ, ծերունին հարբած չէր.
-աղջիկներ ջան, ես բանաստեղծ եմ, սյունեցի եմ, ես ձեզ մի քանի անեկդոտ պատմեմ, դուք ինձ հինգ հարյուր դրամ տվեք, տաքսի վերցնեմ ու տուն գնամ։ 
պապի հումորը էդքան էլ հրապարակելու չէ… հումոր չէր, այլ՝ չափածո, անիմաստ հանգերով մի քանի տող, թե չէ դու ի՞նչ մտածեցիր։ ես դրամապանակս փնտրում եմ քառատողի արդեն կեսից ու չեմ էլ լսում, թե «դյուրին» բառին ինչ հանգ էր գտել սյունեցի  անծանոթը։ պապը վերցրեց մանրադրամը, պահեց լույսին ու ասաց՝ հա, հինգ հարյուր է ու գնաց։ ետևից դրամատիկ կանչեցի՝ ես էլ եմ Սյունեցի։ շրջվեց թե՝ հա՞, շատ լավա։ 
պապը գնաց, Անիին (անունը պայմանական), որ կարծում էր, թե բոլոր լիլիթները խուճուճ են, տուն տարավ իր մոտ ընկերներից մեկը՝ Նարեկը, ու դա ինձ հիշեցրեց ծանոթ մի պատմություն ուրիշ Անիի ու Նարեկի մասին, ու ես մնացի այգում՝ շատ երևանյան, չափազանց այլ ու ֆիլմագրքային, հիշեցի Անիի բառերը՝ ինչ հետաքրքիր կյանք ունես դու…

տենց բաներ 
հոգ տար քո մասին

գծից այն կողմ

հեյ
իմ՝ գրված ու չգրված կանոններին դեմ գնալու ամեն քայլին ու բողոքին, թե ինչու պետք է հաշիվ տամ բոլորին իմ արարքների համար, թե ինչու պետք է հաշվի առնեմ շրջապատի մարդկանց կարծիքը, հետևում էր տատիս հետևյալ խոսքերը՝ «մարդը հասարակական էակ է․․․»։ 
հա, տատ ջան, համաձայն եմ քեզ հետ լիովին։ ես հասարակական էակ եմ, ինքս ինձ համարում եմ պատասխանատու ու ակտիվ քաղաքացի, չեմ արհամարհում շրջապատս ու ինձ համար մեկ չէ շրջակա աշխարհը։ բայց (բայց֊ից առաջ ասված ամեն բառ զրո է) ինչ֊որ տեղ, հասարակության էդ լաբիրինթում, սկսվում է իմ տարածքը, մի քանի սանտիմետր քառակուսի, եթե ուզեք, կարևորը, որ՝ իմը։ 
անձի զարգացման, կայացման ու կայունացման կարևոր հանգամանքներից մեկը ազատությունն է՝ մտքի, խղճի, որոշումների, ընտրութունների։ ու հասարակությունը, որքան էլ որ ունենա նորմեր ու օրենքներ, որոնք էս պահին չեմ առանձանցնի, չեմ բնորոշի, պարտավոր է, պարզապես պետք է թույլ տա անհատին՝ իր համար ընտրել՝ որ որշումներն ու կանոններն են իր կյանքի համար ընդունելի ու հարմար։ անհատը, երբ չի վնասում շրջապատին, չի հատում դիմացինի ազատության գիծը, ունի առաջին շնչի հետ ձեռք բերված իրավունք՝ որոշելու իր ապրելակերպն ու կյանքի ընթացքը։ 
«մարդը հասարակական էակ է․․․», շատ լավ տատ ջան, ես անչափ շնորհակալ եմ հասարակությանը, իմ շրջապատի սրտացավ մարդկանց խորհուրդների ու կարծիքների համար, քանի որ առանց դրանց հաճախ եմ մութ ու անեզր տարածության մեջ հայտնվում, հաճախ եմ նայում շուրջս ու չեմ տեսնում ոչինչ, կողքից նայող աչքերը ավելի լավ են նկարագրում ինձ ու իմ իրավիճակը, բայց ավելի շնորհակալ եմ ու գնահատում եմ նրանց, ովքեր կարծիքներն ու խորհուրդները տարբերում են պարտադրանքից, ովքեր գիտեն իմ ազատության սահմանը ու ներս չեն մտնում այդ սահմանից։ 
հիմա պարզապես կողքից նայող աչք ու մի տեսակ խորհուրդ՝ մի հատեք դիմացինի ազատության գիծը։ ուղղակի չի կարելի։ 

տար֊բեր֊վելու արվեստից

հեյ
մի հաճոյախոսություն ունենք, որ երևի բոլորդ էլ լսել եք ամենաանկեղծ, հարբած կամ գիտակից պահերին՝ քո նմանը չկա։ դե հա, լռելյայն բոլորս էլ տարբեր եք, եզակի ենք մեր տեսակի մեջ։ իհարկե, հիմքը, կաղապարը նույն է՝ մարդ ենք, սափիենս ու մանավանդ հոմո (երբեմն)։ բայց էս ամենի մեջ, ինչպես միշտ, չնայած հարմարվողականությանը, որ ամենակարևոր հատկանիշներից մեկը եղավ մեր գոյության ու գոյատևելու հիմքում, մենք փոփոխության ենք ձգտում, մենք տարբերվելու հակում ունենք, մենք ուզում ենք ուրիշ լինել, կամ ուրիշը լինել։ 
ու հիմա հարց է առաջանում՝ լինե՞լ, թե՞ չլինել․․․․ուրիշ։ 
լսել եք չէ՞, որ մարդիկ հիմնականում խուսափում են կարմիր մեքենա գնելուց, քանի որ շատ ավելի հեշտ է տարբերակել կարմիրը, քան օրինակ մոխրագույնը կամ սևը։ 
լսել եք նաև, որ օրինակ «սպիտակ ագռավներին» չեն սիրում, կամ երբ ինչ֊որ մեկը խմբից դուրս է մնում, տուժում է ինչ֊որ իրավիճակում, ասում ենք՝ մեջների շեկն էր։ 
ուրեմն ինչու՞ ենք տարբերվել ձգտում։ չձանձրանալու/չձանձրացնելու համա՞ր։
ես երբեք բաց չեմ թողնում անցորդներին նայելու առիթը։ երևանը շատ ավելի հետաքրքիր է դարձել վերջերս այդ առումով։ նոր դեմքեր կան, նոր գույներ կան, նոր ոճեր են քայլում, նոր հագուստներ․․․սպորտային կոշիկներ ու կտորից պայուսակներ։ երբ դեռ առաջին կուրսում էինք՝ մոտ ութ տարի առաջ, երևանի անցորդների գույնը սևն էր, մոխրագույնը։ հիմա ավելի շատ կարմրահերներ կան։ ու կապտահերներ էլ (:
իսկ գույներից զատ մենք տարբերվում ենք, մենք ձգտում ենք ուրիշը լինել, քանի որ այդ ուրիշ տեսակի մեջ մենք գտնում ենք նրանց, որ գնահատում են էդ ուրիշը։ այստեղ գտնում ենք ընկերներ, թիմ կամ հենց նրան․․․ դառնում ենք ավելի ստեղծագործ, չենք վախենում փորձել, փորձարկել, թեկուզ հենց մազերի գույնը։ որոշում ենք ներկել մեր սենյակի գույները երբևէ չտեսնված մի գույնով, թեքվում ենք մեյնսթրիմից, չենք նայում այն սերիալը, որը բոլորին է դուր գալիս (չգիտեմ՝ ինչքանով է դա էական տարբերվելու համար, բայց կան մարդիկ, որ հենց ինչ֊որ բան չանելով են տարբերվում), հոբիներ ենք գտնում, արդեն մոռացված երգեր ենք լսում, կարդում ենք ինչ֊որ փախած հեղինակի գրքեր ու ճամփորդում ենք էն երկրներով, որ ոչ բոլոր զբոսաշրջիկներին են կանչում․․․
մեր ամեն՝ տարբերվելու ձգտող քայլը բնորոշում է մեզ ու մեր տեսակը։ մենք, այնուամենայնիվ, էդ ճանապարհին փոխվում ենք ու աճում, զարգանում ենք մեր որոշած ուղղով։ ինչևէ, տեղում չենք մնում, ինչը ամենակարևորն է։ փոփոխությունների էս դարում, որտեղ թե քիչ էլ մնա, արևը արևելքում մայր կմտնի, նույնը մնալը ոչ թե ձանձրալի, այլ պարզապես անընդունելի է։ ամեն վաղը երեկվանից երկու անգամ տարբեր պետք է լինի, իսկ դրա համար անընդհատ փոխվել, զարգանալ է պետք։ 
իսկ եթե նկատվել չեք ուզում, իսկ եթե ուզում եք մոխրագույն մեքենա լինել, ինչը երբեք վատ չի, քանի որ ձեր ընտրությունն է, հիշեք, որ ձեր տեսակին հավատարիմ մնալը ավելի անկեղծ է ձեր անձի հանդեպ։ 
օրվա վերջում գլխավորը ազատությունն է՝ մեր կյանքի, որոշումների, նմանվելու ու տարբերվելու մեջ։ 
հոգ տար քո մասին

չփոխ(վ)ել

հեյ
ամեն անգամ, երբ ինչ֊որ թեմա սկսումա կրծել ուղեղս ու ես որոշում եմ գալ, քեզ պատմել, գրառումը դառնումա ինչ֊որ դասի նման մի բան։ ետ եմ նայում/կարդում/հիշում ու հասկանում եմ, որ ես անընդհատ ինչ֊որ խորհուրդներ եմ տալիս։ տպավորությունա, թե ես ուզում եմ քեզ ապրել սովորեցնել։ ու հա, պետք է խոստովանեմ, որ դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ 
նույնիսկ հոգնում եմ գիտե՞ս։
էսօր տաքսու վարորդը ճանապարհի կեսից խնդրեց ասաց, որ անջատեմ պատվերը․ երևի մի քանի հարյուր դրամ ավել ունենալու համար էր։ հետո առանց պատասխան լսելու ասաց․ «հեսա մի հատ սիգարետ վերցնեմ, գամ» ու իջավ։ էդ առած սիգարետի տուփը բացելուց հետո էլ թղթերը պատուհանից գցեց ու (իբր ոչ մի բան չէր եղել)  շարունակեց ճանապարհը։ 
ես ամբողջ ընթացքում ոչ մի բառ չխոսեցի։ բացառությամբ, երբ ուզում էր, որ պատվերն անջատեմ, ասացի, որ ես չեմ պատվիրել մեքենան։ այդքանը։ 
եթե այլ օր լիներ, հաստատ կասեի՝ չէ, կներեք, շտապում եմ, իսկ դուք հենց հիմա աշխատանքի մեջ եք։ միևնույն է՝ չեք ծխելու մեքենայի մեջ, իսկ իմ տունը մոտ է։ երեք րոպեից կարող եք գնել այդ ծխախոտը։ կամ՝ մի գցեք թղթերը պատուհանից դուրս, խնդրում եմ։ 

իսկ էս անգամ ես էնքան լուռ էի, ինչքան էդ պահին պատուհանից նետվող թղթերը։ ես զգում եմ, որ հոգնել եմ սովորեցնելուց։ ես հոգնել եմ պահանջելուց, որ մարդիկ ուղղվեն, միքիչ ավելի քիչ վնասեն էս քաղաքը, երկիրը, մոլորակը, իրենց, մեզ, շրջապատը․․․ 
նույն կերպ էլ չեմ ուղղում NFC-ին վայֆայ ասող վաճառողներին կամ մատուցողներին, մի ժամանակ նույնսիկ շնորհակալություն էի հայտնում, երբ հաջորդ անգամ ուղղած էին լինում իրենց․․․
հազար ու  մի օրինակ կա էս պահին մտքիս, որ խնդրում֊պահանջում էի մարդկանց այլ կերպ վարվել, բայց քեզ չեմ տանջելու։ ու ոչ մեկին չեմ տանջելու։
 ամենքս ենք մեր կյանքի պատասխանատուն։ մեր անցյալի, ներկայի ու առավել ևս ապագայի տերերը մենք ենք։ եթե մտածում ենք, որ հանգամանքներն են մեզ ինչ֊որ բաներ ստիպել, պետք է հիասթափեցնեմ, քանի որ հանգամանքների ղեկն էլ է մեր ձեռքերում։ թող ամեն մարդ ինքը որոշի՝ գցու՞մ է թուղթը գետնին,  անորակ երաժշտությու՞ն է լսում, անիմաստ ֆիլմե՞ր է նայում։ ես թուղթը հատակից հետո կվերցնեմ, որովհետև դա արդեն բնության պահպանության ու իմ բակի մաքրության խնդիրն է։ ինձանից լավ երգեր չսպասեք․․․․
հոգ տար քո մասին